Պուտինը, որը 2015-ին Երևանում չարտասանեց «ցեղասպանություն» բառը, փոխել է իր դիրքորոշումը

Միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը՝ կանխելու համար Հայոց ցեղասպանության նման բարբարոսության կրկնությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը, որը Ֆրանսիայի նախագահի և այլ պետությունների ղեկավարների հետ միասին մասնակցում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, իր ելույթում ոչմի անգամ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը։

Չնայած Ռուսաստանի Պետդումայի կողմից 1995 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Ռուսաստանի ղեկավարությունը միշտ խուսափել է «ցեղասպանություն» բառից՝ վերահաստատելով իր բարեկամությունը Թուրքիայի հետ։

Այսօր Պուտինը արտաբերեց “ցեղասպանություն” բառը։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան, անմեղ մարդկանց դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին և վտարվեցին իրենց հայրենի քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, և դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին կրոնական ատելության, ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրման հետևանքները», – ասվում է Պուտինի՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղերձում, որը տեղադրվել է Կրեմլի կայքում։

Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չբուժված վերք են թողել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն նրանց կրած ողբերգությունը միավորել է մարդկանց, ովքեր ցուցաբերել են անսասան նվիրվածություն ավանդույթներին, իմաստությանը և քաջությանը։

Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել, և դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որով դատապարտվել է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն, իսկ ավելի ուշ՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ, ասվում է ուղերձում։

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կշարունակեն գնահատել իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։

«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք», – ասվում է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում։

Արևմտյան հետախուզություններ. Չինացի հաքերները գործում են սառնարանների միջոցով

Չինաստանի կառավարության անունից գործող հաքերները պարբերաբար շահագործում են վարակված սարքերի, ինչպիսիք են տնային ռոութերները և խելացի սառնարանները, լայնածավալ ցանցեր՝ արևմտյան երկրների ենթակառուցվածքների և կառույցների վրա կիբերհարձակումներ իրականացնելու համար: Այս եզրակացությանն են հանգել անվտանգության գործակալությունները, այդ թվում՝ «Հինգ աչքեր» հետախուզական դաշինքին մասնակցող երկրների գործակալությունները, հաղորդում է Financial Times (FT)-ը։

Չինաստանի կիբերմարտավարության «նշանակալի փոփոխությունը» դժվարացրել է դրա հետ կապված հաքերների նույնականացումը, իսկ նրանց ենթադրյալ փորձերը՝ գողանալ գաղտնի տվյալներ և միջամտել այնպիսի օբյեկտների, ինչպիսիք են էլեկտրակայանները և կապի ցանցերը, ավելի հաջողակ են դարձել, ասվում է Գերմանիայի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Շվեդիայի հետախուզական ծառայությունների, ինչպես նաև «Հինգ աչքեր» դաշինքին մասնակցող երկրների հետախուզական ծառայությունների համատեղ հայտարարության մեջ։

Թրամփը բացառեց Իրանին միջուկային հարվաը և հայտարարեց Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի երկարաձգման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտադիրվում միջուկային զենք կիրառել Իրանի դեմ՝ պնդելով, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն ոչնչացրել են իրանական բանակի ռազմական ներուժը: Սպիտակ տունը նաև հրամայել է կրակ բացել Հորմուզի նեղուցում ականապատող նավերի վրա և հայտարարել, որ Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգել են հրադադարը։

Քանի դեռ Իրանն ու ԱՄՆ-ն խաղաղության բանակցությունների ուղղությամբ շարժվելու որևէ նշան չեն ցուցաբերում, Հորմուզի նեղուցը մնում է գրեթե ամբողջությամբ փակ։

Թեհրանը թույլ չի տալիս ԱՄՆ դաշնակիցների հետ կապված համարվող նավերի անցումը, մինչդեռ ԱՄՆ ռազմանավերը պահպանում են Իրանի ծովային շրջափակումը։

Պենտագոնը հերքում է այն տեղեկությունները, որ ԱՄՆ ռազմածովային ուժերին կարող է մինչև վեց ամիս պահանջվել առևտրային երթուղին ականազերծելու համար: «Հորմուզի նեղուցի վեցամսյա փակումը անհնարին սցենար է և լիովին անընդունելի է պաշտպանության նախարարի համար», – BBC-ին ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։

Bloomberg-ը հաղորդում է, որ նավթի գները շարունակում են աճել արդեն հինգերորդ օրն անընդմեջ՝ Հորմուզի նեղուցի փակման մասին լուրերի ֆոնին: Հինգշաբթի օրվա վերջին Brent նավթի մեկ բարելը վաճառվում էր մոտ 105 դոլարով, իսկ այս շաբաթ այն աճել է մոտ 16%-ով։

Հինգշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին հարցրել են, թե արդյոք ամերիկացիները պետք է սովորեն բենզինի բարձր գներին մոտ ապագայում։

ԱՄՆ նախագահը ուղղակիորեն չի պատասխանել, բայց ասել է. «Գիտե՞ք, թե ինչ են նրանք ստանալու դրա դիմաց: Գիտե՞ք, թե ինչ են նրանք ստանալու: Իրան՝ առանց միջուկային զենքի, որը կարող են օգտագործել մեր քաղաքներից մեկը պայթեցնելու կամ ամբողջ Մերձավոր Արևելքը պայթեցնելու փորձ կատարելու համար»։

Թրամփը նաև հայտարարել է, որ Լիբանանն ու Իսրայելը որոշել են երկարաձգել հրադադարը երեք շաբաթով: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այս որոշումը կայացվել է Իսրայելի և Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Օվալաձև աշխատասենյակում իր հանդիպումից հետո։

«Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի հետ՝ Հեզբոլլահից պաշտպանվելու համար», – գրել է Թրամփը իր սոցիալական ցանցում՝ Truth Social-ում։

Նա հավելել է, որ շուտով մտադիր է Վաշինգտոնում հյուրընկալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին։

Լիբանանում հրադադարը Իրանի պահանջներից մեկն էր Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։

Հեզբոլլահը նախկինում հայտարարել էր, որ կհամաձայնվի դադարեցնել Իսրայելի ռմբակոծությունը երկու պայմանով՝ իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանից և «լռություն լռության դիմաց» սկզբունքը։ Սակայն Նեթանյահուն ասել է, որ չի համաձայնի որևէ մեկին։

Փաշինյանը կոչ է անում դուրս գալ ցեղասպանության և պանդուխտության շրջանից

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ: Հուշարձանի մոտ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում էր ՀՀ օրհներգը։

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Փաշինյանը ասում է, որ մենք հասել ենք նպատակին՝ պետություն և խաղաղություն, քանի որ “հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների, մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա”։

Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս, նշել է Փաշինյանը։

“Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված է, որ մեծ եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին”, ասել է Փաշինյանը։

“Այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու պատմական սահմանների և արդարության վերականգնման կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է”, ասել է Փաշինյանը։

Սան Ստեֆանոյի կոնֆերանսի, դավադրության և Հայաստանի ներկայիս սահմանների մասին հիշած Նիկոլ Փաշինյանը չի հիշատակել ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը, որը գործում է առ այսօր և սահմանում է “խորհրդային” Հայաստանի տարածքը՝ առանց Արցախի, Նախիջենաի, Կարսի և Արարատ լեռան։

Այդ պայմանագրով սահմանված իրողությունների ճանաչումը արդեն հանգեցրել է ցեղասպանության շարունակությանը՝ Նախիջևանի և Արցախի հայաթափմանը, կանաչ լույս բացելով մնացյալ Հայաստանի հայաթափմանը։ Դրա վկայությունն է՝ Փաշինյանի ուղերձում և Քաղաքացիակայն պայմանագրի նախընտրական ծրագրում “ազգային” բառի ի սպառ բացակայությունը։ Ո՞վ է ապրելու ոչ ազգային Հայաստանում։

 

 

Սարգսյանը բացահայտում է գաղտնիքները, Քոչարյանը զղջում է իր հաջորդողի համար

Չնայած որ Սերժ Սարգսյանի Հանրապետական ​​կուսակցությունը հրաժարվեց մասնակցել 2026-ի ընտրություններին, երրորդ նախագահի գործոնը դառնում է առանցքայինը ընտրարշավում։

Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները նրան մեղադրում են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ, մինչդեռ ինքը Սարգսյանն ակնարկում է, որ փորձում էր խուսափել Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներից, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանն ընտրություններին միևնույն է մասնակցում է՝ Սամվել Կարապետյանին աջակցելով։

2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանն հրաժարական տվեց՝ փաստացի կանխելով Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։ Սերժ Սարգսյանի հեռանալը ուրախություն առաջացրեց Ռուսաստանում. Մարիա Զախարովան չէր թաքցնում գոհունակությունը Սարգսյանի հեռանալուց, որն անհարմար բանակցող էր Մոսկվայի համար։ Սարգսյանը քիչ էր մնում ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր։ Հետո Ռուսաստանը հազիվ կարողացավ Սերժ Սարգսյանին ներքաշել Եվրասիական միություն, ապա Լուկաշենկոյի միջոցով խոստովանեց, որ Ալիևը Սարգսյանին 5 միլիարդ դոլար էր առաջարկել Ղարաբաղի համար, բայց նա հրաժարվել է։

Ամբողջական տեղեկատվության բացակայության պայմաններում քաղաքական գնահատականներ տալը անշնորհակալ գործ է, բայց փաստն այն է, որ Սարգսյանը, որը փորձեց կանխել Հայաստանի միացումը Միութենական պետությանը, ի վերջո իշխանության բերեց Փաշինյանին, իսկ նրա կառավարման արդյունքները ակնհայտ են։

Այսօր Սերժ Սարգսյանն «խոստովանություն» արեց։

“Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար”, գրել է Սերժ Սարգսյանը։

Խոսքը “Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ” նախադասության մասին է, որը, ինչպես ասում են, իսկզբանե հնչում էր այլ ձև՝ Ես սխալ էի, Նիկոլը և Կարենը ճիշտ”։  Փաշինյանը կուսակցությունն այդպես էլ չընտրեց ռուսամետ համարվող Կարեն Կարապետյանին վարչապետ։

Սարգսյանը ասում է, որ 2018-ին, դրժելով սեփական խոստումը, ընտրվեց վարչապետ, քանի որ ուզում էր “ապահովել Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը”։ “Ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ”, գրել է նա։

Խոսելով 2021 թ․ ընտրություններին “ստիպված” մասնակցելու մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ այն ժամանակ ակնհայտ էր, որ “44 օր «հաղթելու ենք» ստով կապիտուլյացիա ստորագրած խաբեբան, ով 2021-ի քարոզարշավին խոստանում էր Արցախի դեօկուպացիա, իրականում ժողովրդի թիկունքում հանձնելու էր Արցախը և թշնամու դեմ մենակ էր թողնելու արցախահայությանը՝ որպես հետևանք թշնամու առջև բացելով Հայաստանի դարպասները”։

Հիմա էլ նա համարում է, որ այս պայմաններում արդար ու մրցակցային ընտրությունները անհնարին են։ Հայաստանն իր արմատից կտրած, ծնկի բերած, պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա: Այլընտրանքը սարսափելի է՝ սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար, ասել է Սերժ Սարգսյանը։

Այսօր Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով ռուսական մի ալիքի հարցին, թե “ինչի՞ համար եք ամենից շատ զղջում», ասել է. «Դե, թերևս, ինձ հաջորդողի հարցը»։

Ջահերով երթ․ Փաշինյանը դատապարտել է թուրքական դրոշի այրումը

Երևանում տեղի է ունռցռլ ավանդական ջահերով երթը, որը սկսվեց Հանրապետության հրապարակից։ Հազարավոր մարդիկ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի։

Այս տարվա միջոցառումն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով։ Երթից առաջ մասնակիցները այրեցին թուրքական դրոշը։

Իր ելույթում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդ իրադարձություններից ավելի քան մեկ դար անց հայ ժողովուրդը կանգնած է ոչ թե յաթաղանի, այլ ուրացման պահանջի առջև։ Հայ ժողովրդին ստիպում են չոգեշնչվել Արարատից, մոռանալ Արցախը և այնտեղ կատարված հանցագործությունները։

«Մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից՝ Անկախության հռչակագրից։ Եվ սա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ մեր եկեղեցիներն ու վանքերը ավերվում են Արցախում, իսկ մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանտերում։ Այս ամենը կատարվում է Փաշինյանի մեղսակցությամբ։ Մեզ ստիպում են հրաժարվել մեր սեփական պատմությունից, բայց մենք շատ լավ գիտենք, որ նրանք, ովքեր հրաժարվում են անցյալից, կորցնում են ապագան», – ասաց նա։

Միջոցառումը ամեն տարի կազմակերպվում է ՀՅԴ երիտասարդական թևի կողմից 1999 թվականից ի վեր։

Նիկոլ Փաշինյանը դատապարտել է թուրքական դրոշի այրումը։ Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

«Միջազգային ճանաչում ունեցող պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը չի կարող այլ կերպ գնահատվել պետության ղեկավարի կողմից։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն առաջացնող վարքագիծ է»։

Դրոշի այրումը քննադատել է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ապրիլի 24-ի նախօրեին ցանկացած երկրի, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի արարք է, որը ստվեր է գցում ապրիլի 24-ի խորհրդի  վրա։ Այն հիշողության, միասնության և կյանքի մասին է, և ես նման գործողությունները համարում եմ խաղաղության և ապագայի դեմ ուղղված անընդունելի և ողորմելի սադրանքներ», – հայտարարել է նա։

“Մատրյոշկան” արձագանքեց ԱՄՆ սենատորների կոչին՝ հայկական ընտրությունների մասին ֆեյքերով

The Insider Russia

Կրեմլյան «Մատրյոշկա» բոտնետը կեղծ տեսանյութերի նոր շարք է թողարկել՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նամակի, որում սենատորները պահանջել են, որ Meta-ն և Google-ը ավելի ակտիվորեն հակազդեն Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը: Այս մասին The Insider-ին հայտնել են «Bot Blocker» նախագծի հետազոտողները, որը հետևում է ռուսական բոտնետի ակտիվությանը սոցիալական ցանցերում:

Տարածվող կեղծ տեսանյութերի թվում են՝

Մեկ տեսանյութում պատկերված է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը՝ որպես սենատորների նամակի ընդդիմախոս: Գործակալությունը, իբր, զգուշացրել է Վաշինգտոնին, որ միջամտությունը «կստեղծի նոր հակամարտություն, և փախստականները կփախչեն Կանադա»:

Մեկ այլ կեղծ տեսանյութում կոռուպցիան վերագրվում է նամակի հեղինակներին: Բոտերը պնդում են, որ սենատորները անձամբ գնում են գյուղատնտեսական հողեր Հայաստանում, իսկ Փաշինյանը օգնում է նրանց:

Բոտերը Bloomberg-ի գլխավոր խմբագրին վերագրել են հորինված մեջբերում: Նա, իբր, սենատորներին մեղադրել է երեսպաշտության մեջ՝ նշելով, որ ռուսական ապատեղեկատվություն գոյություն չունի, բայց Փաշինյանի ապատեղեկատվությունը բավականին իրական է, և Վաշինգտոնը դիտավորյալ անտեսում է այն:

Viginum-ը՝ թվային միջամտության դեմ պայքարի ֆրանսիական գործակալությունը, կեղծ տեսանյութում ներկայացվում է որպես Կրեմլի դաշնակից։ Այն, իբր, Սենատի նամակն անվանել է «անամոթ միջամտություն» և հայտարարել, որ հինգ տարվա ընթացքում չի հայտնաբերել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ ապատեղեկատվության որևէ հետք, և որ բոլոր բացահայտված արշավները կեղծ դրոշով սադրանքներ են եղել՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից։ Ավելին, Viginum-ը, իբր, դատի է տալիս Սենատի հանձնաժողովին միջազգային դատարանում։

Գոյություն չունեցող կանադական զեկույցը մեղադրում է Փաշինյանին։ Կեղծ տեսանյութը պնդում է, որ Օտտավան փաստաթղթավորել է Հայաստանի վարչապետի կողմից տեղեկատվության մեկ տարվա ընթացքում կատարված մանիպուլյացիաները և պահանջել է միջազգային միջամտություն։

Google-ին վերագրվող տեսանյութը նկարագրում է ռուսական «Storm-1516» քարոզչական խմբի իրական մարտավարությունը։ Այն պնդում է, որ Հայաստանի իշխանությունները, իբր, մանիպուլյացիաներ են անում որոնման արդյունքների հետ՝ կեղծ կայքերի ցանցի միջոցով։

Բոտերը տարածում են հորինված «մասնագետների» եզրակացությունները, որ Երևանը կրկնօրինակում է այն սխեման, որը օգնեց Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին հաղթել ընտրություններում՝ օգտագործելով Google և Meta հարթակները։

Քարդաշյանների կլանի մայրը՝ Քրիս Ջենները կեղծ տեսանյութում կոչ է անում Վաշինգտոնին չմիջամտել Հայաստանի գործերին և կենտրոնանալ Մերձավոր Արևելքում ձախողման վրա, որտեղ ԱՄՆ-ն պլանավորում էր «հաղթել երկու օրից»։

Տեսանյութերը տարածվում են արևմտյան լրատվամիջոցների, պետական ​​​​գործակալությունների և միջազգային կազմակերպությունների լոգոտիպերով՝ իսկության պատրանք ստեղծելու համար։ Ներկայիս ալիքի բնորոշ առանձնահատկությունը իրական իրադարձությունների շրջումն է. իրական փաստերը (Սենատի նամակը, Վիգինումի գործունեությունը, «Փոթորիկ-1516» մարտավարությունը) աղավաղվում և վերագրվում են հորինված աղբյուրներին։

Սենատորների նամակը և հայկական ընտրությունները

Ապրիլի 17-ին ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են ուղարկել Meta-ին և Alphabet-ին՝ կոչ անելով միջոցներ տրամադրել Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը հակազդելու համար: Նամակում մեջբերված անկախ փորձագետների կարծիքով, Ռուսաստանը Հայաստանի դեմ իր արշավում, այդ թվում՝ Meta հարթակների միջոցով, կիրառում է Մոլդովայի ընտրությունների ժամանակ մշակված մարտավարությունը: Նամակում նշվում են տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում հայտնաբերվել է մանիպուլյատիվ բովանդակությամբ ավելի քան 100 էջ և առնվազն 17 YouTube ալիք, որոնք տարածում են ապատեղեկատվություն առաջիկա ընտրությունների վերաբերյալ:

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 2 դաշինք, 17 կուսակցություն

ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն։ Այս մասին հայտնեցին ԿԸՀ–ից։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրացավ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:

Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել հետևյալ քաղաքական ուժերը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,

ԲՀԿ-ն,

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը,

«Բոլորին դեմ եմ»  ժողովրդավարական կուսակցություն,

«Ուժեղ Հայաստան» դաշինք,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,

«Միասնության թևեր» կուսակցություն,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,

Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը,

«Հայաստան» դաշինքը,

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը,

Հայ ազգային կոնգրեսը,

«Հանրապետություն» կուսակցությունը,

«Նոր ուժ» կուսակցությունը,

Ռեֆորմիստների կուսակցությունը,

«Ալյանս» կուսակցությունը,

ԴՕԿ կուսակցությունը,

«Զարթոնք» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը:

Պետական մակարդակով իրագործվող վանդալիզմ. Մայր Աթոռի արձագանքը

Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։

Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։

Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում։

Փաշինյանը Ստեփանակերտի քանդված եկեղեցիների մասին

Նիկոլ Փաշինյանը «չի կարծում», թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով միզազգային քննարկումների առարկա կդառնա:

Եկեղեցու քանդման մասին ահազանգերից երեք օր անց Հայաստանի վարչապետն ասել է.- «Այս թեմաների նկատմամբ առավելևս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են: Ինչպես Նոր Կտակարանն է ասում ՝ դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով, որ դատելու եք և չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով, որ չափելու եք: Մենք կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով: Եվ սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ հասկանանք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը:

Մի քանի օր է, ինչ ահազանգ է հնչում՝ Ստեփանակերտի Մայր տաճարն անցել է ադրբեջանական բուլդոզերի տակ, ավերվել: «Ազատության» Պրահայի գործընկերներից ստացված արբանյակային լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ հիմա արդեն՝ ոչ: Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է:

Ադրբեջանցի խորհրդարանականը Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման փաստը չի հաստատել, ասել է՝ դա դեռ պիտի ճշտվի: Ըստ նրա՝ «հայերն են քանդել իրենց մզկիթները օկուպացիայի» 30 տարիների ընթացքում:

Արցախում մի քանի մզկիթներ կային Շուշիյում և Ակնայում, և նրանք կանգուն էին 2020 թ․ դրությամբ։ Ոչ մի հայելային հարց չի կարող առաջանալ, եթե Հայաստանը բարձրացնի Ստեփանակերտի և այլ եկեղեցիների հարցը։ Սուրբ Էջմիածինը, որը Արցախում մնացած եկեղեցիների սեփականատերն է, պետք է հայց ներկայացնի միջազգային դատարան, և կառավարությունը պետք է միանա այդ հայցին։ 

Կարևոր հայտարարություններ արցախցիների բնակարանային և այլ հարցերի վերաբերյալ

Ընտրություններից ընդառաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մրցույթ հայտարարեց Արտաշատի լքված վարչական շենքերի վերանորոգման և դրանք սոցիալական բնակարանների վերածելու համար, այդ թվում՝ արցախցիների համար։ Սա որոշակի ոգևորություն առաջացրեց արցախցիների շրջանում, որոնցից շատերը հույս չունեն բնակարաններ ձեռք բերելու պետական ​​​​բնակարանային վկայականներով։

Իշխող կուսակցությունը մինչ օրս մերժել է խոցելի և փոքրաթիվ ընտանիքներով ապրող արցախցիների համար սոցիալական բնակարանների գաղափարը։ Ավելին, հուլիսի 1-ից կարող է ուժի մեջ մտնել կառավարության որոշումը, որով արցախցիների որոշակի կատեգորիաներին 10 տարի ժամկետով ամսական 40,000 դրամ կտրամադրվի, մինչև նրանց սոցիալական բնակարանով ապահովեն։ Սա նշանակում է, որ կառավարությունը մտադիր է արցախցիներին ևս 10 տարի պահել օդում 100 դոլարանոց պարանի վրա։

Կառավարությունը հրաժարվում է առանձին բնակավայրեր կամ շենքեր կառուցել, որտեղ արցախցիները կարող են ապրել կոմպակտ։ Կառավարությունը բացատրում է դա նրանով, որ չի ցանկանում արցախցիներին վերածել գետտոների։ Չնայած, կարծես, Շիրակում բնակվող գյումրեցիներից կամ Գորիսում բնակվող գորիսցիներից որևէ սպառնալիք չկա, և համատեղ ապրող արցախցիները նույնպես գետտո չեն դառնա և որևէ սպառնալիք չեն ներկայացնի։ Այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառներով, արցախցիներին զրկում են միասին ապրելու հնարավորությունից, չնայած սա կլիներ ամենապարզ լուծումը։

Մինչդեռ, «Հզոր Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը օրերս կարևորագուն հայտարարություն արեց՝ նշելով, որ իր կուսակցության ծրագիրը ներառում է Երևանում առանձին թաղամասի կառուցում, որտեղ կապրեն նաև արցախցիները։

Այս հայտարարությունը ևս որոշակի հույսեր է արթնացրել արցախցիների շրջանում, նա կասկածներ. արդյո՞ք նախագիծը կիրականացվի, եթե Սամվել Կարապետյանի կուսակցությունը չկարողանա մտնել կառավարություն։ Թեկուզ Սամվել Կարապետյանն այժմ էլ շատ արցախցիների օգնում է բնակարաններով, հատկապես իր հայրենի Տաշիրում։

Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները խոսում են միայն արցախցիների վերադարձի իրավունքի մասին, չնայած ընդունում են, որ դա ներկայումս անհնար է, և որ արցախցիները պետք է մնան Հայաստանում։

Ահա թե ինչու է մնում հիմնական հարցը. արցախցիները պե՞տք է մնան Հայաստանում որպես առանձին համայնք։

Armnet-ի հայտնի փորձագետներից մեկը կարծում է, որ արցախցիների համայնքը պետք է պահպանվի։ «Շատերը չեն հասկանում տարբերությունը։ Նրանք կարծում են, որ եթե պետությունը մարդկանց օգնում է նպաստներով, բնակարանային ծրագրերով և այլն, ապա խնդիրը լուծվում է։ Հակառակն է՝ պետությունն այժմ սպանում է «արցախցի» հասկացությունը։ Նրանց ցրում են տարբեր շրջաններում, անընդհատ հիշատակում են բացասական երանգներով, նույնիսկ գործը հասնում է բացահայտ արցախաֆոբիայի հրահրմանը», – գրում է փորձագետը։

«Այս համայնքի լիակատար անհետացման համար ստեղծվել են ամենաբարենպաստ պայմանները։ Նրանք ոչինչ չունեն կառչելու և իրենց ինքնությունը պահպանելու համար՝ ո՛չ հող, ո՛չ բարբառ, ո՛չ հաղթանակներ, ո՛չ հպարտություն՝ բացարձակապես ոչինչ», – ասում է փորձագետը։

Փորձագետը նաև առաջարկում է առանձին բնակավայրեր կառուցել արցախցիների համար և նրանց տրամադրել ամենագրավիչ բնակարանային տարբերակները՝ համաձայն պետական ​​ծրագրերի։ Պետք է ստեղծել ենթակառուցվածքներ և աշխատատեղեր, և այս ամենը ինտեգրել մարզային տնտեսություններին։ Դրա համար անհրաժեշտ է ազգային նախագիծ՝ պետության, բիզնեսի, սփյուռքի և նույնիսկ օտարերկրյա ներդրումների օգնությամբ։

Մասնագետը պնդում է, որ Արցախի ժողովուրդը հետխորհրդային ողջ տարածքում ամենաարժեքավոր մարդկային ռեսուրսներից մեկն է. «Եթե չեք հավատում ինձ, պարզապես նստեք և արհեստական ​​բանականության գործակալների միջոցով հաշվարկեք, թե քանի ակնառու արցախցի կա տարբեր ոլորտներում՝ մեկ շնչի հաշվով»։

2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում տեղի ունեցավ սփյուռքի ազգային մոբիլիզացիային նվիրված համաժողով։ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը step1.am-ին տված հարցազրույցում ասել է, որ համաժողովը վերահաստատել է հիմնարար սկզբունքը՝ Արցախը համարվում է հայ ազգի անբաժանելի մասը։ «Երեկ և այսօր Արցախը հարձակման է ենթարկվել, քանի որ փորձել է մնալ հայկական ինքնություն ունեցող տարածք», – ասել է նա։

«Ավելի լայն իմաստով, խնդիրը վերաբերում է ամբողջ հայ ազգին․ ինչպե՞ս համադրել Սփյուռքի հայի ինքնության պահպանման ձգտումը, արցախահայի դիմադրությունը և հայաստանաբնակ հայի արժանապատիվ կյանքի անհրաժեշտությունը՝ ոչ թե դրանք հակադրելով, այլ միավորելով», ասել է Հովհաննես Գևորգյանը։

«Նովիչոկ»-ի ստեղծող Միրզայանովը Տուապսեի թունավորված օդի մասին

Քիմիկոս Վիլ Միրզայանովը, որը հայտնի է որպես «Նովիչոկ» նյարդային թունավոր նյութի մշակողներից մեկը, զգուշացրել է Ռուսաստանում այրվող նավթային պահեստներից ծխի մահացու վտանգի մասին: Այս ֆոնին նա կոչ է արել դադարեցնել «հանցավոր պատերազմը»:

Նրա խոսքով՝ նավթի այրումը առաջացնում է պոլիարոմատիկ միացություններ, այդ թվում՝ քաղցկեղածին նյութեր, որոնք կարող են կուտակվել օրգանիզմում: Կլանվելուց հետո դրանք դուրս չեն բերվում օրգանիզմից:

Նա նաև վրդովմունքով նշել է հրդեհների գոտիներում օդի որակի վերլուծության վերաբերյալ հանրային տվյալների բացակայությունը և կոչ է արել մասնագետներին անհապաղ անցկացնել համապատասխան ուսումնասիրություններ՝ օգտագործելով քրոմատոգրաֆիկ զանգվածային սպեկտրոմետրիա: Նա նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը:

Տարածաշրջանում շրջակա միջավայրի իրավիճակը կրիտիկական է դարձել Տուապսեի նավթային օբյեկտների վրա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարվածից հետո: Մի շարք հարձակումներից հետո տեղի բնակիչները զանգվածային տարհանում են սկսել, հաղորդում է ուկրաինական Диалог.UA-ը։