«Գարդիան»-ը պատմել է քաղցկեղային ուռուցքները ոչնչացնող օնկոպատվաստանյութի մասին

Ամիվանտամաբ՝ փորձարարական քաղցկեղի դեմ պատվաստանյութը, որոշ հիվանդների մոտ ամբողջությամբ ոչնչացրել է ուռուցքները, ընդ որում՝ զգալի փոփոխություններ են նկատվել մի քանի շաբաթվա ընթացքում, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով բժիշկներին։

Ամիվանտամաբը թիրախավորում է քաղցկեղը երեք տարբեր ձևերով՝ այն արգելափակում է էպիդերմալ աճի գործոնի ընկալիչը (EGFT), որը սպիտակուց է, որը խթանում է ուռուցքի աճը, և MET պրոտո-ուռուցքածինը։ Սա առաջին բուժումն է ոչ մանր բջջային թոքերի քաղցկեղով չափահաս հիվանդների համար, որոնց ուռուցքներն ունեն գենետիկ մուտացիաների որոշակի տեսակներ։

Ամիվանտամաբը բժշկական օգտագործման համար հաստատվել է Միացյալ Նահանգներում 2021 թվականի մայիսին և Եվրամիությունում 2021 թվականի դեկտեմբերին։

Հոդվածում նշվում է, որ ուսումնասիրությանը մասնակցել է 11 երկիր։ Պատվաստանյութը տրվել է այն հիվանդներին, որոնց քաղցկեղը չի արձագանքել այլ բուժումներին։ Պատվաստանյութը տրվել է գլխի և պարանոցի քաղցկեղով 102 հիվանդների։ Ուռուցքները փոքրացել կամ ամբողջությամբ անհետացել են 43 մարդու մոտ, այդ թվում՝ 28-ի մոտ զգալի փոքրացում են ունեցել, և 15-ի մոտ ուռուցքի լիակատար անհետացում են ունեցել։ Պատվաստանյութը նմանատիպ արդյունքներ է ցույց տվել թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ։

Կատարո գինիներն արժանացել են «Լավագույն գինի» գնահատականին

Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ վերջերս Կատարո գինիներն արժանացել են «Լավագույն գինի․ հայ գինեգործների ընտրություն» բարձր գնահատականին։
Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր տարիներ շարունակ կանգնած են մեր կողքին, աջակցում և գնահատում են մեր աշխատանքը։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում հայ գինեգործներին և @vwfarmenia -ին՝ բարձր գնահատանքի և վստահության համար։
Հիշեցնենք, որ Կատարոն՝ արցախյան բրենդ է, որը մեծ համբավ է ձեռք բերել Հայաստանում։

Ռուսական գազ Հայաստանի համար. ոչ թե Վրաստանի, այլ Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը, ըստ էության, ռուսական գազին այլընտրանք չունի, և գլխավոր հարցը կլինի մատակարարման ուղին։

«Նրանք [Հայաստանը] պարզապես պետք է նայեն քարտեզին և տեսնեն, թե որ խողովակաշարերն են արդեն գործում։ Նրանք անմիջապես կտեսնեն, թե որտեղից ռուսական գազ կստանան՝ հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, քանի որ դա կլինի շուկայական գին։ Եվ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժին շահույթը», – ասաց փոխվարչապետը։

Նա նշեց, որ նման սցենարի դեպքում Հայաստանի համար գազը կարող է ավելի թանկանալ մաքսատուրքերի, շուկայական գնի և միջնորդների ներգրավվածության պատճառով։

Օվերչուկը բացահայտորեն ակնարկում է, որ Հայաստանը ցանկանում է փակել վրացական երթուղին ռուսական գազի մատակարարման համար և այն տեղափոխել Ադրբեջանի միջով։ Օվերչուկն ասում է, որ դա միևնույն է ռուսական գազ կլինի։

Նաև հարկ է նշել, որ Ռուսաստանը տիրապետում է Հայաստանի ներքին գազաբաշխման ենթակառուցվածքներին, և ցանկացած գազ կբաշխվի «Գազպրոմ-Արմենիայի» կողմից։

Զելենսկին կոչ է արել դադարեցնել պատերազմը մինչև ձմռան սկիզբը

DW

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման դիվանագիտական ​​ուղի պետք է գտնվի մինչև ձմռան սկիզբ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սկսել է կորցնել նախաձեռնությունը մարտադաշտում 2025 թվականի դեկտեմբերին։ Զելենսկին նշել է, որ հունվարին իր ամերիկացի գործընկերներին ասել է. «Ես կարծում եմ, որ բանակցությունների պատուհան կա, քանի որ ամեն ամիս Ռուսաստանը կկորցնի իր զորքերի ավելի ու ավելի շատ մասը»։ Ներկայումս Ուկրաինան ամսական ավելի շատ տարածք է ազատագրում, քան Ռուսաստանը գրավում է, հավելել է Ուկրաինայի նախագահը։

«Հետևաբար, ես կարծում եմ, որ մենք պետք է գտնենք դիվանագիտական ​​ուղի՝ նստելու և խոսելու՝ մինչև հաջորդ ձմռան սկսվելը», – ընդգծել է Զելենսկին։ «Սակայն սա կախված է Պուտինի վրա իր սեփական հասարակության ներքին ճնշումից, ինչպես նաև Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցների ճնշումից», – հավելել է նա։

Զելենսկին կարծում է, որ «ԵՄ-3»-ը, որը բաղկացած է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից, կարող է հանդես գալ որպես բանակցող Եվրոպայի անունից։ «Թուրքիան ևս միշտ ցանկացել է լինել միջնորդ, և մենք որոշակի հաջողությունների ենք հասել մեր ռազմագերիների վերադարձման գործում նրանց օգնությամբ», – հիշեցրել է Ուկրաինայի նախագահը։

Վերջնական որոշումը պետք է կայացնեն Կիևը և Եվրոպան։ «Սակայն նույնքան կարևոր է, որ Ռուսաստանը պատրաստ լինի երկխոսությանը և Եվրոպայի ներկայությանը», – եզրափակեց Զելենսկին։

Կեղտոտ «ճակատամարտում» պարտվողները կլինեն արցախցիների հանդեպ ատելությամբ թունավորվածները

Արցախցիների նկատմամբ ատելությունը ուղղված չէ Արցախի ժողովրդի դեմ, որը ահավոր ցավ է ապրում, բայց միայն ուժեղացնում։ Այն ուղղված է Հայաստանի ժողովրդի դեմ, որը անողոք թունավորված է նյարդա-կաթվածահար քարոզչությամբ և արդեն ընկղմվել է այնպիսի փսիխոզի, որը թույլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակը։

«Մեղադրեք ղարաբաղցիներին, որպեսզի մեզ չմեղադրեք» քաղտեխնոլոգիան, որը մշակվել է ինչ-որ մութ գրասենյակներում, ուղղված է “մայրցամաքային” Հայաստանի քաղաքացիներին հոգևորապես սպանելուն՝ չկայացած քաղաքացիական կյանքի համար արդարացի զայրույթն ուղղելով ոչ թե իրենց, ոչ թե կառավարության, ոչ թե արտաքին թշնամու, այլ այն մարդկանց խմբի վրա, որոնց կարելի է մեղադրել և վիրավորել, չվախենալով պատասխանատվությունից։

Թունավորված բնակչության շրջանում ընտրությունները վերածվել են ոչ թե գաղափարական պայքարի, այլ արցախցիների վրա անգիտակից հարձակումների։ Դրանք երբեմն հանգեցնում են տհաճ, անարժան հակամարտությունների առօրյա մակարդակում, որոնց համար մարդիկ հետո ամաչում են։ Նրանցից յուրաքանչյուրը, արցախցիների հանդեպ ևս մեկ «հաղթական» մարտից տուն վերադառնալով, «արյունը» լվանալուց հետո, հավանաբար, ինքն իրեն հարցնում է. «Իսկ ի՞նչ են արել ինձ այս մարդիկ»։ Բայց հետո, վախենալով մեղադրել ինքն իրեն, կրկին սկսում է քլնգել Ղարաբաղի ժողովրդին։

Արցախցիները փորձում են խուսափել վեճերից, բայց երբեմն դա հնարավոր չէ։ Երբեմն չի ստացվում մարդուն բացատրել, որ նա թունավորված է, և իր լյարդը, որն արդեն փտում է թույնից, կտանջի ողջ կյանքի ընթացքում հենց իրեն, այլ ոչ թե իր «ատելության» առարկային՝ ղարաբաղցիներին։ Արցախի ժողովուրդը այս կեղտոտ պայքարից դուրս կգա ավելի մաքուր և ուժեղ։

Իշխող կուսակցության առաջնորդը պարբերաբար թմրադեղ է ներարկում արդեն թունավորված բնակչությանը՝ առաջացնելով անմարդկային ատելության նոր նոպաներ, որոնք գիշերը սրտխառնոց և լոմկա են առաջացնում։ Բայց առավոտյան նոր դեղաչափ է հասնում. «Ինչո՞ւ փախաք։ Մենք կվերցնենք ձեր գեներալների բնակարանները, ներկայացուցչության շենքը և կտանք այն ադրբեջանական թատրոնին։ Մենք չենք համարի արցախցիներին Հայաստանի քաղաքացի և թույլ չենք տա մասնակցել ընտրություններին»։ Եվ մի անգամ՝ ուղիղ ճակատին՝ «Ինչո՞ւ չզոհվեցիք։ Ինչո՞ւ եք ողջ»։ Ոչ թե՝ ինչու չպաշտպանեցիք ձեր հողը, քանի՞ տանկ խփեցիք և որքան հող զիջեցիք, այլ ինչու եք ողջ։

Նոր դեղաչափ (իսկ որոշները դեպքում՝ կոկիկ գումար) ստանալուց հետո էունավորված մարդիկ մտնում են Ֆեյսբուք, բեսեդկաներ, խանութներ և ավտոբուսներ՝ թույնի հերթական դեղաչափը թափելու համար։

Առանց այս թույնի իշխող կուսակցությունը չէր կարողանա խուսափել դժվար հարցերից. չէ՞ որ չես կարող բոլորին բանտ նստեցնել, ինչպես Արթուր Օսիպյանին, կոնկրետ հարցից հետո․ «ո՞ր փաստաթղթերի հիման վրա է Փաշինյանը ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս» և ինչու՞ 2020 թվականի գարնանը նա այդքան համառորեն պնդում էր, որ Արայիկ Հարությունյանը դառնա Արցախի նախագահ։

Բայց ընտրությունները մի օր կավարտվեն, դեղի մատակարարումները կդադարեն, և հազարավոր մարդիկ հանկարծ կհասկանան, որ անհույս թունավորված են, որ հողը սահում է իրենց ոտքերի տակից, բայց նրանք արդեն թունավորված են և չեն կարող տեսնել իրականությունը սեփական շահերի տեսանկյունից, այլ ոչ թե բառըգաների։

Լուսանկար՝ 2023 թվականի հուլիսի 30, Ստեփանակերտ

Իսրայելի բանակը գրավել են հարավային Լիբանանի միջնադարյան ամրոցը

Իսրայելի պաշտպանության ուժերի զորքերը գրավել են 12-րդ դարի խաչակրաց ամրոցը հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» արմատական ​​իսլամիստական ​​շարժման դեմ ցամաքային գործողության շրջանակներում: Այս մասին կիրակի՝ մայիսի 31-ին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նա հիշեցրել է, որ ԻՊՈւ-ն նախկինում գրավել է ամրոցը 1982 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ։

AFP-ն հաղորդում է, որ իսրայելական զինվորականները Բոֆորտը որպես ամրոց օգտագործել են մինչև 2000 թվականին Լիբանանից դուրս գալը: Կացը ներկայիս գործողությունը բացատրում է որպես անհրաժեշտություն հյուսիսային Իսրայելի բնակավայրերը պաշտպանելու և իր զորքերի անվտանգությունն ապահովելու համար: «Վարչապետ Նեթանյահուի և իմ ղեկավարությամբ ԻՊՈւ-ն ընդլայնել է իր արշավը Լիբանանում, անցել Լիտանի գետը և գրավել Բոֆորտ լեռնաշղթան», – Telegram-ում գրել է Կացը: Նա հավելել է, որ արշավանքը դեռ չի ավարտվել:

Իր ելույթում Իսրայելի բանակի խոսնակը նաև մեղադրեց իսլամիստներին հրադադարի ռեժիմը խախտելու և Իսրայելի թիկունքին հարվածելու մեջ։

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը մեղադրեց իսրայելական զինվորականներին «այրված հողի» մարտավարություն և կոլեկտիվ պատիժ կիրառելու մեջ։ Նա զգուշացրեց, որ երկիրը բախվում է հակամարտության «վտանգավոր» սրման և կոչ արեց «արագ և իրական հրադադարի»։

Լիբանանցի քաղաքական գործիչը կարծում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները չեն օգնի ապահովել Իսրայելի անվտանգությունը, բայց այնուամենայնիվ նա պաշտպանեց հրեական պետության հետ բանակցությունների շարունակությունը։ Սակայն նա ասաց, որ դրանց արդյունքը «երաշխավորված չէ»։

Հունիսի 1-2-ին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը՝ առավելապես ցերեկային ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 1-5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը և հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում մայիսի 31-ի ցերեկը և հունիսի 1-5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-5-ը՝ առավելապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում հնարավոր է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Լուկաշենկո. որտեղի՞ց է Փաշինյանը պլանավորում գազ բերել Հայաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Փաշինյանի պնդումները Հայաստանի միջով գազի տարանցման հնարավոր նոր երթուղու մասին (եթե Ռուսաստանի վառելիքից հրաժարվի) սուտ են։

«Վերջերս լսեցի Փաշինյանի ասածը. «Խողովակաշարերը կանցնեն մեր տարածքով, և մեզ կվճարեն գազով։ Լսեք՝ գազը շատ կլինի և փողը նույնպես։ Լսեք, դեռ հարց է, թե ե՞րբ դա տեղի կունենա։ Եվ երկրորդ՝ որտեղի՞ց կգա այդ գազը, ի՞նչ խողովակաշարերով։ Ես կցանկանայի իմանալ, թե ինչու է նա ստում իր ժողովրդին։ Ի՞նչ տեսակի խողովակաշարեր, որտեղի՞ց կգան դրանք, և ո՞վ կտա նրանց այս գազը», – ասաց նա։

Աշխարհագրությունը թելադրում է, որ Հայաստանը կարող է ռուսական գազը փոխարինել կա՛մ Ադրբեջանից, կա՛մ Իրանից եկող գազով։ Հայաստանն արդեն իսկ ստանում է իրանական գազի փոքր քանակություն, սակայն Հայաստանում բաշխման ցանցերի նկատմամբ Ռուսաստանի մենաշնորհի շնորհիվ իրանական գազի ծավալները մնում են փոքր։ Ինչ վերաբերում է ադրբեջանական գազին, Բաքուն այդքան գազ չունի, և այն պետք է գա կամ նույն Ռուսաստանից, կա՛մ Կենտրոնական Ասիայից՝ Տրանսկասպյան գազատարի միջոցով, որը Աստված գիտի, թե երբ կկառուցվի։

Վաղը Գեղամ Օհանյանը նստացույց է սկսում՝ ի պաշտպանություն Արթուր Օսիպյանի

Սիրելի ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ․․․
Վաղը՝ հունիսի 1-ին, ժամը 12։00-ից մեկնարկում եմ անժամկետ, շուրջօրյա նստացույց հանուն մեր ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արժեքների․․․
-Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ (Հոդված 3, կետ 1)
Խախտվել է սահմանադրական իրավունք։ Քաղաքացուն կալանավորել են ԽՈՍՔ արտահայտելու համար։
Ուստի նստացույցը կմեկնարկեմ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի մոտ (Բաղրամյան 26/1-ի դիմացի մայթը), որպես Սահմանադրության պահպանմանը հետևող թիվ մեկ պաշտոնյա:
Պահանջը կներկայացնեմ տեղում, ժամը 12։00-ին։ Այս կապակցությամբ հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը։
Իմ կյանքի ողջ գիտակից ընթացքը ապրել ու պայքարել եմ արժեքների համար։ Գիտե՛մ, որ ազատությունը մնում է ԱՆՏԵՐ, երբ նրա համար զրկանք կրողները առաջ չեն գալիս։
Այսօ՛ր, իր ազատ խոսքի իրավունքի համար բանտային պայմաններում պայքար է սկսել քաղաքացի Արթուր Օսիպյանը, ում չեմ ճանաչում, 13 օր առաջ հայտարարելով հացադուլ։
Այդ ազատ խոսքը և իրենն է, և՛ իմը, և՛ քոնը․․․
Իմ պարտքն եմ համարում գործել գիտակցությանս սահմաններում ճշմարտացի։ Գտնում եմ, որ այս պարագայում լռելն ու անգործության մատնվելը անկարելի է․․․
Կոչ չե՛մ անում ոչ ոքի միանալ իմ նախաձեռնած նստացույցին, բայց երջանիկ կլինեմ տեսնել այնտեղ յուրաքանչյուրիդ։ Յուրաքանչյուրը թող գործի իր գիտակցության ողջ զորությամբ ու խղճի ողջ նրբությամբ։
Նստացույցին կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի, նստացույցին չի կարող միանալ ոչ մի քաղաքական ուժ՝ սա քաղաքացիական պայքար է․․․
Ներողություն եմ հայցում ընտանիքիցս, գաղափարակիցներիցս, աշակերտներիցս և գործընկերներիցս՝ այս ընթացքում պլանավորած աշխատանքները չեղարկելու համար։ Բայց այդ ամենը գեղեցիկ է և արժեք ունի ազատ միջավայրում։ Չեմ ցանկանում, որ մենք ապրենք ԱՆԱԶԱՏ երկրում․․․

Վանդակում քո միակ կռվանը մնում է ներքին ազատությունը, արժանապատվությունը

Ազատությունը վերացական հասկացություն չէ, և այն երբեք անվճար չի տրվում։ Դրա իրական, արյունոտ գինը հասկանում ես միայն այն ժամանակ, երբ փորձում են խլել քեզանից ապրելու, արտահայտվելու և սեփական ձայնն ունենալու իրավունքը։

Մենք՝ արցախցիներս, երևի թե ամենախորն ենք զգում ու գիտակցում «ազատություն» բառի կշիռը, քանի որ այնչափել ենք ոչ թե լոզունգներով, այլ կյանքերով։

2022-2023 թվականների տոտալ շրջափակման ինն ամիսները դարձան մարդկային դիմադրության ամենածանր քննությունը, որտեղ ամենամեծ մարտահրավերը վախի հաղթահարումն էր։ Դա մի իրականություն էր, որտեղ տոտալ անորոշության ու վախի մթնոլորտը նյութականացվում էր ամեն օր. երբ հիվանդանոցներում տարրական դեղորայքի, հակաբիոտիկների ու ցավազրկողների բացակայության պատճառով մարդիկ մահանում էին բուժելի հիվանդություններից, երբ շրջափակված հայրենիքում մայրերը սովի ու թերսնման պատճառով կորցնում էին իրենց չծնված երեխաներին, իսկ տարեցները հալվում էին հացի հերթերում։

Ով անցել է այդ դժոխքի միջով, գիտի՝ երբ քեզ փորձում են պարփակել վախերի ու պատնեշների վանդակում, քո միակ անխորտակելի կռվանը մնում է ներքին ազատությունը, արժանապատվությունն ու սեփական ճշմարտությունը բարձրաձայնելու կամքը։

Վախը կաթվածահար է անում թույլերին, բայց ուժեղներին դրդում է դեպի բացարձակ անկեղծություն։ Հենց այս պատմական ու հոգեբանական համատեքստում է պետք դիտարկել այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի իրավական դաշտում։

Խոսքի ազատությունն ու իշխանությանը սուր, անհարմար հարցադրումներ ուղղելու իրավունքը ցանկացած գիտակից հասարակության գոյության հիմքն են։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի վերջին ահազանգը հանրային գործիչ, արցախցի Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա հայտարարած հացադուլի վերաբերյալ սթափեցնող հայելի է բոլորիս համար։

Արթուր Օսիպյանին միանգամից երեք հոդվածներով (խուլիգանություն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտում և բռնության հրապարակային կոչեր) ակնհայտ անհիմն մեղադրանք առաջադրելը և բանտախցում հայտնվելը միայն այն պատճառով, որ նա վարչապետին սուր հարցեր է ուղղել Արցախի ու թալանի մասին, խոսում է համակարգային վախերի մասին։

Բռնաճնշումները միշտ ծնվում են վախից։ Երբ պատասխաններ տալու և բաց երկխոսության գնալու փոխարեն գործի է դրվում պետական ապարատի բռնաճնշումների մեքենան, իսկ իրավական հիմնավորումները փոխարինվում են «թքած-կպցրած» մեղադրանքներով, դա նշանակում է, որ համակարգը պարզապես վախենում է ճշմարտությունից և անկեղծությունից։

Ցանկացած տեսակի պատնեշների ու բլոկների հետևում միշտ թաքնված է թուլությունն ու սեփական խոցելիությունը թաքցնելու փորձը։ Ինչպես իրավացիորեն նշում է իրավապաշտպանը, Արթուրը պետք է դուրս գա հացադուլից. նրա սկզբունքայնությունն ու տեսակը չափազանց թանկ են, որպեսզի դրանք մաշվեն բանտում՝ հանուն անարժեք ներողությունների։

Բայց հանրությունը պետք է սթափ գնահատի իրավիճակը։ Չի կարելի թույլ տալ, որ վախը կառավարի մեր որոշումները, իսկ սեփական իրավունքների պաշտպանությունը դիտարկվի որպես հանցագործություն։ Գիտակից հանրային շերտը պետք է մերժի այս տոտալ անօրինականությունը։

Ազատ խոսքի համար չպետք է պատժել, իսկ արդարությունը չպետք է զոհաբերվի ներքին վախերին ու քաղաքական նպատակահարմարությանը։ Ամեն ինչ շատ լավ է լինելու միայն այն ժամանակ, երբ մենք՝ որպես հասարակություն և որպես անհատներ, սովորենք բաց ճակատով դիմակայել սեփական վախերին, տեր կանգնել յուրաքանչյուրիս ազատ արտահայտվելու իրավունքին և թույլ չտալ, որ պատնեշներն ու անօրինականությունը դառնան կյանքի նոր նորմա։

Արսեն Աղաջանյան

Ղազախստանի ձիով քայլը

Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պահեստավորման ընդունել Իրանի հարստացված ուրանի պաշարները, եթե Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության հասնեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, ըստ Financial Times-ի, հայտնել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Խոսքը Իրանի՝ մինչև 60 տոկոս հարստացված 440 կիլոգրամ ուրանի մասին է։ Փորձագետների գնահատմամբ՝ եթե այն հետագայում հարստացվի մինչև 90 տոկոս, այդ ծավալը կարող է բավարարել մոտ տասը միջուկային մարտագլխիկի արտադրության համար։

Ղազախստանը փորձում է իր վրա վերցնել Կենտրոնական Ասիայի առաջնորդի դերը, ներկայանաով նաև որպես քաչվոր հսկա քաղաքակրթության ժառանգ և առաջնորդ։ Ղազախստանը չի զիջում Ռուսաստանին առաջնորդությունը Եվրասիայում, իսկ Թուրքիային՝ թյուրքական աշխարհում։

Հիշեցնենք, որ հենց Ղազախստանն է առաջարկել իրեն փոխանցել Հայաստանի երկաթուղիների հանդեպ Ռուսաստանի կոնցեսիայի իրավունքը։

Իրանի ուրանը պահեստավորելու պատրաստակամության մասին Ղազախստանը հայտարարել է Աստանայում Եվրասիական միաության Բարձրագույն խորհրդի նիստից հետո, որի հիմնական թեման էր Հայաստանին  Եվրասիական միությունից վտարելը։ Հայաստանը խորթ տարր է Եվրասիական միությունում, հատկապես Իրան-ԱՄՆ հնարավոր գործարքի ֆոնին, որը կարող է բերել Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա միջանցքի բացմանը և ռուս-թուրքական “Թրամփի ճանապարհի” արժեզրկմանը։

Ղազախստանը ձիով քայլ է անում, փորձելով վերահսկել իրանյան ուրանը, մյուս կողմից էլ ջանալով տիրանալ Հայաստանի երկաթուղիներին։