Չեմ ափսոսում․ ավելին՝ հպարտ եմ. Անժելա Բալասանովայի պատմությունը

Անժելա Բալասանովայի պատմությունը առաջին հայացքից մեկ մարդու ճակատագիր է՝ մի կնոջ, որն այսօր ապրում է միայնակ, վարձով և ամեն ամիս ստիպված է մտածել, թե ինչպես է հոգալու իր ամենատարրական կարիքները։ Սակայն նրա պատմության մեջ արտացոլվում է նաև Արցախից բռնի տեղահանված, միայնակ և տարեց մարդկանց սոցիալական խնդիրներից մեկը՝ երբ տարիների աշխատանքից ու ծառայությունից հետո մարդը հայտնվում է առանց սեփական տան, առանց աշխատանքի և բավարար եկամտի։ Ու միայնակ։

Անժելան 1989 թվականին է Բաքվից տեղահանվել։ Այնտեղ թողել են ամեն ինչ՝ մի ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածը։ Ստեփանակերտում է ապրել իր կյանքի մեծ մասը։

Սկզբում ապրել են հանրակացարանում, որը ռմբակոծվել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ Հետագայում տարբեր վայրերում բնակվել են վարձով, իսկ հետո շուրջ տասը տարի ապրել են մանկապարտեզի շենքում։ 2002 թվականին, որպես Բաքվից փախստական, Անժելան բնակարան է ստացել, որտեղ ապրել է մոր հետ։ Ցավոք, 2020 թվականին մահացել է մայրը։

Արցախից բռնի տեղահանությունից հետո Անժելան շուրջ մեկ տարի ապրել է բարեկամի տանը, ապա ստիպված է եղել առանձին սենյակ վարձակալել։

Անժելան ընտանիք չի կազմել և այսօր ապրում է միայնակ։

Նրա աշխատանքային կենսագրության մեջ ավելի քան երեք տասնամյակ նվիրված է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալին։ Ավելի քան 30 տարի նա աշխատել է հոսպիտալի լաբորատորիայում՝ իր մասնագիտությանը հավատարիմ և մեծ պատասխանատվությամբ։ Հաճախակի է մեկնել զորամասեր, անմիջապես մարտական դիրքերում կատարել իր աշխատանքը։

Տարիներ շարունակ նա աշխատել է այնտեղ, որտեղ բուժաշխատողի գիտելիքն ու պատասխանատվությունը կարող էին որոշիչ լինել մարդու կյանքի համար։

Այսօր Անժելայի եկամուտը 85 հազար դրամ զինվորական թոշակն է։

Այդ գումարը գրեթե ամբողջությամբ բավարարում է միայն վարձավճարին։

Իսկ հետո՞․․․

Սնունդ, կոմունալ վճարներ, դեղորայք, հագուստ և մյուս կենցաղային ծախսերը պետք է հոգալ նույն գումարից։

Աշխատանք գտնելն էլ հեշտ չէ։ Տարբեր վայրերում նրան ասում են, որ կան տարիքային սահմանափակումներ։ Մասնագիտությամբ աշխատելու համար ևս խոչընդոտներ կան։ Չնայած ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձին՝ բուժհաստատությունում աշխատանքը ենթադրում է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև հայերենի բավարար իմացություն և գրագրություն վարելու կարողություն, ինչը խնդիր է ռուսական կրթություն ունեցող Անժելայի համար ։

Այսպիսով՝ մարդը, որն իր կյանքի տասնամյակները նվիրել է բժշկական ծառայությանը, այսօր չի կարողանում իր մասնագիտական փորձը վերածել աշխատանքի և եկամտի։

Բնակարանային աջակցության գործող հնարավորություններն էլ նրա խնդիրը չեն լուծում։ Մեկ անձի համար նախատեսվող գումարով բնակարան ձեռք բերելը ներկայիս պայմաններում չափազանց դժվար է, իսկ վարձակալության գները նույնպես անհամեմատ բարձր են 85 հազար դրամ եկամուտ ունեցող մարդու համար։

Աջակցության տարբեր ծրագրերից օգտվելու փորձերը ևս արդյունք չեն տվել։

Պատասխանը, որը ստացել է Անժելան, հետևյալն է՝ «Ձեր ընտանիքը կարիքավոր չէ»։

Բայց Անժելան ընտանիք չունի։

Եվ այստեղ է նրա պատմության ամենացավոտ հակասությունը․ մարդը կարող է լինել միայնակ, ունենալ նվազագույն եկամուտ և չկարողանալ հոգալ նույնիսկ բնակարանի վարձն ու առօրյա ծախսերը, բայց սահմանված չափանիշի պատճառով չհամարվել բավարար չափով կարիքավոր։

Անժելան, սակայն, իր ապրած կյանքի համար չի դժգոհում։

Նա չի ասում, որ սխալ էր ընտրել իր մասնագիտությունը։ Չի ասում, որ ափսոսում է զինվորական հոսպիտալում անցկացրած տարիների համար։ Չի ափսոսում նաև այն բանի համար, որ իր կյանքի մեծ մասը նվիրել է ուրիշներին օգնելուն։

Ընդհակառակը։

«Ամբողջ կյանքս նվիրել եմ ծառայությանը։ Զինվորի և առհասարակ մարդու կյանքը փրկելը, նրան օգնելը իմ կյանքի իմաստն էր։ Չեմ ափսոսում։ Ավելին՝ ուրախ ու հպարտ եմ, որ կարողացել եմ իմ լուման ներդնել, ինչ-որ բանով օգտակար լինել մեր երկրի, ԱՀ ՊԲ-ի բարգավաճման գործում»։

Անժելան այսօր շատ բան չի խնդրում։

Նրա ցանկությունը մեծ չէ՝ ունենալ մի ապահով անկյուն, որը կարող է տուն անվանել։

Նա պատրաստ է ապրել անգամ հեռավոր մարզում։ Պատրաստ է հարմարվել համեստ պայմանների, կատարել ցանկացած աշխատանք։ Եթե անհրաժեշտ լինի, պատրաստ է բնակվել նաև հանրակացարանային տիպի կացարանում։

«Սովոր եմ»,- ասում է նա։

Գուցե հենց այս երկու բառերն են ամենից շատ պատմում Անժելայի անցած ճանապարհի մասին։

Մի ամբողջ կյանք՝ հանրակացարաններում, վարձով բնակարաններում, ժամանակավոր կացարաններում։ Հետո՝ սեփական բնակարան, որը դարձավ կյանքի ևս մեկ կորուստ։ Եվ այսօր՝ նորից վարձով, նորից անորոշության մեջ։

Անժելայի խնդիրը միայն Անժելայի խնդիրը չէ։ Նրա նման մարդիկ կան՝ միայնակ, տարիներով աշխատած, ծառայած, իրենց ուժն ու առողջությունը ուրիշներին տված, բայց այսօր սոցիալական աջակցության համակարգում հայտնված այնպիսի իրավիճակում, երբ միայնակ լինելը նրանց խնդիրը դարձնում է առավել դժվար տեսանելի։

Այս պատմության մեջ, թերևս, ամենակարևոր հարցը ոչ միայն այն է, թե ինչ աջակցություն կարող է ստանալ Անժելան, այլև՝ արդյոք մարդը, որն իր կյանքի տասնամյակներն անցկացրել է ծառայելով և այսօր միայնակ է մնացել, չպե՞տք է ունենա նվազագույն պայման՝ անվտանգ և արժանապատիվ ապրելու համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ