
Կառավարության եւ ԱԺ ՔՊ խմբակցության անդամները բոյկոտեցին Ազգային ժողովում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումներ» թեմայով քննարկումը եւ լքեցին նիստերի դահլիճը։
Լսումները կազմակերպած ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը քննարկման սկզբում հայտարարել էր, որ այսօրվա քննարկմանը ներկա են Արցախի ԱԺ խմբակցությունները, Արցախի պետնախարարը եւ այլ պաշտոնյաներ։
ՔՊ-ականները հեռանալով՝ նշեցին, որ իրենց համար ընդունելի չէր այն ձեւակերպումները, թե Արցախի պաշտոնյաներ ու պատգամավորներ են մասնակցում քննարկմանը։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով ՔՊ-ականների վարքագծին, ասաց․ «Արդեն 16 տարի ես Ադրբեջանի դեմ վարույթներում եմ, եւ հենց առաջին գործերից Ադրբեջանը Եվրոպական դատարանից պահանջում էր չօգտագործել Արցախի հայկական անվանումները, պետական հանրային մարմինների փաստաթղթերը, Արցախի Հանրապետության կողմից տրված կադաստրային փաստաթղթերը։ Եվ հենց առաջին օրվանից Եվրոպական դատարանը մերժել է, որովհետեւ գործում է հանրային իրավունքը։ Այսինքն՝ անկախ նրանից, որ այն չճանաչված պետություն է, ՄԻԵԴ-ը նույնիսկ Արցախի դատարանի որոշումներն է ճանաչել որպես լեգիտիմ դատական ակտեր եւ դրանց հիման վրա է կայացրել որոշումներ։ Ես ուղղակի տեղի ունեցածն իրավական գործընթացների հետ զուգահեռ անցկացրեցի»։