Այսօր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ծննդյան օրն է

Այսօր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ծննդյան օրն է։ 1998 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտում բացված կենտրոնը 25 տարվա ընթացքում դարձավ հազարավոր մարդկանց համար վերականգնողական օգնության, աջակցության և մարդկային ջերմության վայր։ Այստեղ ծառայություններ էին ստանում հաշմանդամություն ունեցող երեխաներ և մեծահասակներ, պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք, տարեցներ և երկարատև վերականգնման կարիք ունեցող մարդիկ։

Կենտրոնի աշխատանքի կարևոր օրինակներից էր 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստի պայթյունից տուժածների վերականգնումը։ Բռնի տեղահանումից հետո Քերոլայն Քոքսի կենտրոնի մասնագետները կամավոր սկսեցին աշխատել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում, օգնելով տուժածներին։ Նրանց թվում էին Դավիթ և Հենրիխ Բեգլարյան եղբայրները, որոնք ստացել էին ծանր այրվածքներ․ Դավիթը նաև ոտքի կոտրվածք ուներ, իսկ Հենրիխը՝ մատների կորուստ և դեմքի այրվածքներ։

Վերականգնողական աշխատանքը նրանց դեպքում տվել էր դրական արդյունքներ։ Կենտրոնի մասնագետները Step1.am-ի հետ զրույցում պատմել էին, որ սկզբնական փուլում տուժածներին սովորեցրել էին նստել, կանգնել և քայլել, աշխատել էին նաև վերին վերջույթների ֆունկցիաների վերականգնման ուղղությամբ։ Դավիթն ու Հենրիխը ևս աստիճանաբար վերադառնում էին ակտիվ կյանքի և արդեն մտածում էին աշխատանքի ու ապագայի ծրագրերի մասին։

Մոտ տասը ամիս կենտրոնի մասնագետների հետ աշխատելուց հետո պայթյունից տուժածները նախաձեռնեցին հանդիպում և հրավիրեցին վերականգնողական կենտրոնի թիմին՝ շնորհակալություն հայտնելու նրանց ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպումը վերածվել էր ջերմ ու ընկերական երեկոյի, ինչը ցույց էր տալիս, որ մասնագետների և շահառուների միջև ձևավորվել էր նաև մարդկային կապ։

2023 թվականին կենտրոնի աշխատանքը Արցախում դադարեցվեց, սակայն մասնագիտական թիմը չցրվեց։ Բռնի տեղահանումից հետո կենտրոնի հիմնադիր տնօրեն Արցախի առողջապահության վերջին նախարար Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ այն սկսեց վերականգնել կենտրոնի գործունեությունը Հայաստանում։ Կենտրոնի աջակից կազմակերպությունների և բարեկամների շնորհիվ  2024 թվականին Եղվարդում ձեռք բերվեց նոր շենք, որը, սակայն, սկզբնապես հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Դրա համար սկսվեց փաստացի նոր ենթակառուցվածքի ստեղծման գործընթաց՝ շենքի վերակառուցում, հատուկ վերելակի տեղադրում, լողավազանի վերակառուցում, տարածքի բարեկարգում և նոր մասնագիտական տարածքների ստեղծում։

Նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ մարդը կարող է վերականգնվել, շփվել, զբաղվել սպորտով և վերագտնել կյանքի որակը։

Եղվարդում ծառայություններից օգտվում են ինչպես Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ, այնպես էլ տեղի երեխաներ և ընտանիքներ։ Կենտրոնը կազմակերպում է նաև երեխաների ու նրանց ծնողների սոցիալական ներառման ծրագրեր՝ վերականգնումը համադրելով հոգեբանական աջակցությամբ, ընտանեկան շփմամբ և հասարակական կյանքում մասնակցությամբ։

Միաժամանակ, կենտրոնի նախկին արցախցի շահառուների համար վերականգնողական ծառայությունների շարունակականությունը դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել։

Արսեն Աղաջանյան