
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկում է անցկացվում ՀՀ Ազգային ժողովում՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրեց 5 հիմնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են արցախցիների ինտեգրմանը։
Առաջին խնդիրը կարգավիճակն է։ «Այն կարգավիճակը, որը մեզ տրվել է իրավական նորմատիվ կարգավորումների շրջանակներում, համապատասխան չէր մեր խնդիրներին ու իրավիճակին։ Մասնավորապես, մեզ զրկելով ՀՀ քաղաքացիությունից եւ տալով սովորական փախստականի կարգավիճակ, բնականաբար դրա հետեւանքով մենք բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնում։ Եվ ես կարծում եմ, որ լուծումը պետք է լիներ այն, որ մենք մնում ենք ՀՀ քաղաքացի, համապատասխան փոփոխություն է կատարվում օրենսդրական կարգավորումների մեջ, եւ կոնկրետ կարգավիճակ է տրվում բռնի տեղահանված անձանց, որոնք կարող են լինել քաղաքացի, բայց ներքին տեղահանված չեն։ Հաշվի առնելով, որ Արցախի ժողովուրդն էթնիկ զտման եւ ցեղասպանության զոհ է դարձել, պետք է նմանատիպ մի կարգավիճակ լինի։ Եվ դա սոցիալական եւ մի շարք այլ կարգավորումների իրավական հիմքը պետք է լինի»,- ասաց նա։
Երկրորդ խնդիրը սոցիալական հարցերին է վերաբերում։ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ վիճակը բավականին ծայրահեղ է, հատկապես երբ նախորդ տարվանից կրճատվեց կամ նվազեցվեց սոցիալական աջակցությունը։ Արցախցիների բնակարանային խնդիրները դեռեւս լուծված չեն, դրա հետեւանքով շատ արցախցիների սոցիալական վիճակն ուղղակի վատթարացել է։
«Տարբեր գնահատականներ կան, որ արցախցիների շրջանում աղքատությունը մոտ 60-70 տոկոս է, որը ՀՀ միջին աղքատության գնահատականից մոտ 3 անգամ ավելի է։ Այսինքն՝ սա նշանակում է, որ արդեն սոցիալական ընդգծված բեւեռացում կա։ Եվ պետական քաղաքականությունը բավարար արդյունավետ եւ հասեցական չէ»,- հավելեց նա։
Բեգլարյանի խոսքով՝ երրորդ հարցը բնակարանային խնդիրն է։ Այստեղ ոչ միայն խնդիրը գումարի չափին է վերաբերում, այլ նաեւ այդ գումարի օգտագործման հարցն է։ Կառավարությունը փոխանակ խթանի արցախցիների կողմից առաջնային շուկայից բնակարան գնելը կամ կառուցապատումը, խթանել է երկրորդային շուկայից գնումը։
«4000-ից ավելի ընտանիքները, որոնք օգտվել են ծրագրից, նրանց 99 տոկոսն օգտվել են երկրորդային շուկայից։ Սրա պատճառով արհեստական գնաճ է խթանվել, որեւէ ավելացված արժեք չի ստեղծվում տնտեսության մեջ։ Այնինչ, ես կարծում եմ, որ կառուցապատումը եւ հատկապես կոմպակտ համայնքային կառուցապատումն ամենաարդյունավետ լուծումը կլիներ թե արցախցիների խնդիրներին լուծում տալու տեսանկյունից, թե նաեւ գնաճը կարգավորելու, բնակֆոնդը թարմացնելու տեսնակյունից»,- ասաց Բեգլարյանը։ Նա նշեց, որ ավելի սուր արտահայտված է փոքր ընտանիքների, զոհվածների ընտանիքների հարցը։
Մյուս խնդիրը զբաղվածությունն է։ Ըստ Բեգլարյանի՝ լավագույն տարբերակը կլիներ, որ բնակարանային ծրագիրը փոխկապակցված լիներ զբաղվածության խնդրի հետ։ Եվ դրա միջոցով, խթանելով նաեւ մարզերում բնակությունը, զբաղվածության խնդիրը կլուծվեր։ Աշխատունակ տարիքի արցախցիների շրջանում գործազրկությունը մոտավոր 65-70 տոկոս է, եթե ոչ ավելի։ Եվ սա կրկին հստակ բեւեռացում է ցույց տալիս, ասաց նա։
«Եվ վերջին խնդիրը, որին կուզեի անդրադառնալ, դա ընդհանուր տեղեկատվական, հոգեբանական մթնոլորտն է։ Մասնավորապես, նեղ քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար գեներացվող ատելության խոսքն արցախցիների հանդեպ, որը լրացուցիչ սրում է ինտեգրման խնդիրները։ Իսկ իրավապահների կողմից խտրական վերաբերմունք կա՝ երբ արցախցիների նկատմամբ ատելության խոսք է հնչում, քրեական վարույթներ չեն հարոցվում կամ հարուցված վարույթները քնեցվում են, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում»,- ասաց նա։