Նոյեմբերի 1-ից` “թանկարժեք” անձնագրեր

Անուշ Շահրամանյան

Նոյեմբերի 1-ից Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։

Նոր կենսաչափական նույնականացման քարտն արժենալու է 5 950 դրամ, իսկ անձնագիրը՝ 28 650 դրամ։

Մի քանի օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ կառավարությունը պետք է ապահովի Արցախից տեղահանված անձանց համար նոր կենսաչափական փաստաթղթերի անվճար տրամադրումը։

Նախ՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելն ու նոր անձնագիր ստանալը տեղահանվածների համար լիովին ազատ ընտրություն չէր։ Մեկ ընտանիքի բոլոր անդամները պետք է ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, որպեսզի կարողանան օգտվել բնակարանային ապահովման ծրագրից։ Եթե մեկ անձը դեռ կարող է իրեն թույլ տալ վճարել 34 600 դրամ (նոր փաստաթղթերի համար), ապա 2-10 հոգանոց ընտանիքի համար սա լուրջ ֆինանսական բեռ է և կարող է նորից խոչընդոտ դառնալ քաղաքացիություն ձեռք բերելու ճանապարհին։

Երկրորդ՝ առանց այն էլ քաղաքացիություն ստանալու և փաստաթղթեր վերականգնելու հարցում տեղահանված անձինք այնքան ծախս են անում ու քաշքշուկների միջով անցնում, որ դա դժվար է պատկերացնել էդ գործընթացի միջով չանցած մարդու համար․ սկսած ՔԿԱԳ մարմիններում օրերով ու ժամերով հերթերից, նոտարական կամ դատական կարգով ամիսներ տևող փաստաթղթերի վերականգնումից, մինչև քաղաքացիության հայտի ներկայացում ու ամիսներ տևող սպասում։

5 000 դրամ՝ ՔԿԱԳ-ում, 40 000 դրամ՝ նոտարին, 34 600 դրամ՝ անձնագրին․ և սա ընդամենը մեկ հոգու հաշվարկով։

ՀՀ փաստաբանների պալատի ու ՄԱԿ ՓԳՀ -ի ծրագրով փոխհատուցվում են փաստաթղթերի նոտարական վերականգնման ծախսերը, կառավարությունը ազատել է քաղաքացիության հայտ ներկայացնելու պետական տուրքից ու դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի նաեւ այս նոր անձնագրերի ձեռք բերման հարցում տեղահանված անձնաց աջակցելը, դա ամբողջ գործընթացի մի մասն է կազմում եւ ընտանիքի ֆինանսական հնարավորությունները չպետք է ետ պահեն առաջընթացից ու պատշաճ փաստաթղթավորումից։