
Երեւանի քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատավճիռը։
Նա մեղավոր ճանաչվեց մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ (ՔՕ-ի 546-րդ հոդվածի 1-ին մաս եւ 549-րդ հոդված):
Դատարանը նրան դատապարտեց յուրաքանչյուր հանցանքի համար 10-ական տարի ժամկետով ազատազրկման։
Դատավորի խոսքով, պատժի սկիզբը կհաշվարկվի Վահանյանին արգելանքի վերցնելու պահից՝ 2021թ․ մարտի 18-ից։
Ուստի, նշանակված պատժին հաշվակցելով անազատության մեջ անցկացրած 4 տարի 1 ամիս 26 օրը՝ Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի 10 ամիս 4 օր։
Բացի այդ, վահանյանը զրկվեց նաև մայոր կոչումից։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ հոկտեմբերի 10-ին, երբ Վահանյանի գումարտակը դիրքավորվել էր Հադրութ քաղաքի մոտ գտնվող Խուրաթ լեռան վրա, որը Լեռնային Ղարաբաղի 9-րդ պաշտպանական շրջանի հատված է, նա լքել է մարտադաշտը՝ պնդելով, որ վիրավոր է, և իր հետ տարել է կապի սարքավորումները։ Արդյունքում, որոշ զինվորներ զոհվել են, որոշները գերի են ընկել, իսկ որոշները՝ անհետ կորել։
Գործի նյութերի համաձայն՝ առնվազն 16 զինվոր է զոհվել, իսկ յոթը՝ գերի ընկել։
Իր եզրափակիչ խոսքում Վահանյանը նշել է, որ նախկինում հրամանատարությանը զեկուցել է, որ գումարտակը պետք է հզորանա, սակայն իրեն ասել են, որ կկնքվի հրադադար, և զինվորները կբարձրանան լեռը և կպահպանեն այն՝ առանց մարտական գործողությունների մասնակցելու։ Նա նշել է, որ վիրավորները տարհանվել են մարտադաշտից, իսկ մնացածը ստիպված են եղել լքել իրենց տեղակայման վայրը։
Սակայն, առանց հրամանատարի մնալով՝ զինվորները որոշել են նահանջել Հադրութ, և ճանապարհին նրանք կամ մահացել են, կամ գերի են ընկել։