ՀՅԴ-ն մեծ հավաք է հայտարարում սեպտեմբերի 2-ին․ Արցախի հարցը լուծված չէ

ՀՅԴ կուսակցությունը հաղորդում է․

«Սեպտեմբերի 2-ը սվորական օր չէ, այն մեր ժողովրդի պայքարն ու հաղթանակը խորհրդանշող օրերից է, օր, երբ ծնունդ առավ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը։

Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։

Սակայն, ճշմարտությունը մեկն է. Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն։

Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների արդյունքում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով հարյուր հազարավոր արցախահայեր այսօր տնազուրկ են, բայց նրանց սրտերում ապրում է միևնույն երազանքը՝ վերադառնալ տուն, ապրել իրենց հողի վրա, ապրեցնել ազգային ժառանգությունը։

Ու այս պայքարը միայն արցախահայության պայքարը չէ: Դա մեր ժողովրդի պայքարն է, սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է, սա ամեն հայ մարդու պայքարն է։

Եվ, անկախ տարբեր հարցերում մեր ունեցած տարաձայնություններից, այս հարցում մենք պետք է լինենք միասնական և տեր կանգնենք մեր իրավունքներին։

Ուստի, սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի միասնության մեծ հավաք, որտեղ մենք բոլորով կհայտարարենք`

Արցախյան հակամարտությունը լուծված չէ,

որ մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները,

որոնք ոտնահարում են մեր բոլոր իրավունքները,

որ մենք պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերնիների վերադարձ։

Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում և շարունակում ենք մեր պայքարը:

Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում միասին՝ հանուն մեր իրավունքների, հանուն Արցախի վերադարձի, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության»։

Ինչպես է Պլասիդո Դոմինգո Կրտսերն մատանին թողել Շուշիում

Շուշի 2013

Պլասիդո Դոմինգո Կրտսերն մատի մատանին հանել եւ թաղել էր իր տնկած եղեւնու տակ: Սա էլ նրա խաղաղություն ժեստն էր: Լոխ հեչ, հետաքրքիր է, նա՞ ինչ է մտածում Արցախի հետ տեղի ունեցածի մասին:

Մարութ Վանյան

Մեծ Բրիտանիան Հայաստանում. Ռուսները խոսում են Բաքու-Բրիտանիա կապիտալի մասին

Երևանում կայացել է Հայաստան – Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութիի գլխավորությամբ: ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի:

Կոստանյանն ու Դաութին քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում:

Երևանն ու Լոնդոնը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով:

ՄԹ վրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարարին այսօր ընդունել է վարչապետ Փաշինյանը: Սթիվեն Դաութին շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների առիթով: Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունն այդ գործընթացին:

Մինչդեռ, ադրբեջանական պետական ​​SOCAR ընկերությունը սկսել է Ուզբեկստանի խոշորագույն նավթահանքերից մեկի՝ Ուստյուրտի սարահարթի մշակումը։ Այս մասին Ալիևը հայտարարել է Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։ Նախագիծը գնահատվում է 2 միլիարդ դոլար և համարվում է շրջադարձային պահ, քանի որ այն ամբողջությամբ կբավարարի Ուզբեկստանի նավթի պահանջարկը, որն այսօր Ռուսաստանն է ապահովում։

Ռուս ռազմական քարոզիչները ցավոտ արձագանքեցին այս քայլին։ Նրանք բացահայտ գրում են Կենտրոնական Ասիայում Մոսկվայի ազդեցության համար «աղետալի հետևանքների» մասին և պահանջում են, որ Ուզբեկստանը չհանձնվի «բաքու-բրիտանական կապիտալին»։ Իրականում, խոսքը Կասպից ծովի շուրջ հակառուսական հումքային շղթայի ձևավորման մասին է, որը ձևավորվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի կողմից, ասում են նրանք։

Մինսկի խումբը փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով

Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված կոչ է ուղարկվել՝ փակելու ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները», – հայտրաարել է Բայրամովը Ադրբեջանի կառավարության հատուկ նիստում՝ նվիրված օգոստոսի 7-8-ը երկրի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խումբը լուծարելու պահանջը Ադրբեջանի իշխանություններն են առաջ քաշել՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրման նախապայման։

Եվրոպացի դիվանագետ. Արցախցիները միամտորեն հավատացել են ժողովրդավարությանը և իրավունքի ուժին

Եվրոպացի դիվանագետները արցախցիների հետ զրույցներում դիվանագիտորեն ակնարկում են, որ միջազգային իրավունքը, որին հղում է անում Արցախի ժողովուրդը, այդպես էլ չի դարձել աշխարհակարգի հիմքը։ Նրանք ասում են, որ 1988 թվականին Արցախի ժողովուրդը միամտորեն հավատացել է ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական համայնքի աջակցությանը և ապարդյուն մեծ զոհողությունների գնացել։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղյան շարժումը Ռուսաստանի (ենթադրաբար՝ ԽՍՀՄ օրոք) կողմից անկախ Հայաստանի ստեղծումը կանխելու փորձ էր։ Ըստ երևույթին, սա ակնարկում է, որ եթե չլինեին Արցախում և Աբխազիայում հակամարտությունները, այսօր Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կլինեին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամներ, ինչպես Բալթյան երկրները։

Երկու դեպքում էլ «մեղավոր» է Արցախի ժողովուրդը, որ հավատացել է միջազգային իրավունքին և Ռուսաստանի խոստումներին՝ ապահովելու Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Եւ թեկուզ վերամիավորումը կայացել է, բայց “աշխարհը” ույլ չի տվել այն իրականություն դարձնել։

Աշխարհաքաղաքականության և Հարավային Կովկասի տարածաշրջանում ներկայումս տեղի ունեցող վերափոխումները հանգեցնում են իրավունքների, ընտրովի իշխանության, անկախ դատարանների և կոլեկտիվ անվտանգության վրա կառուցված «միամիտ» ժողովրդավարական աշխարհակարգի փլուզմանը։ Արդյունքում, այն ժողովուրդները, որոնք հավատալով համաշխարհային ժողովրդավարական համակարգին, ընտրեցին իրենց ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, խաբվեցին։ Երկար տարիների պայքարն ավարտվեց տեղահանությամբ և օկուպացիայով, սեփականության կորստով և անիրավությամբ։

Պարզվեց, որ միջազգային իրավունք գոյություն չունի, ամեն ինչ որոշվում է ուժով, ինչպես տրոգլոդիտների ժամանակներում, և ագրեսիայից, ցեղասպանությունից և տեղահանությունից հետո սկսվում է օկուպացիայի օրինականացման «խաղաղ» գործընթացը: Այս «գործընթացի» գագաթնակետը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումն էր: Ուկրաինային հիմա ստիպում են ստորագրել նույն համաձայնագիրը։

ՀՀ կառավարությունը հայ հասարակության մեջ սերմանում է պարտվողական խաղաղության անխուսափելիության գաղափարը՝ այն ներկայացնելով որպես «գլոբալ քաղաքականության» մաս: Այս համատեքստում խոսում են Ղարաբաղյան հարցի լիակատար փակման մասին: ՀՀ կառավարության կողմից արցախցիների քաղաքական իրավունքները պաշտպանելուց հրաժարվելը լիովին սպանել է նրանց վերադարձի և հիմնարար իրավունքները վերականգնելու հույսը: Իսկ համաշխարհային առաջնորդների բուրն աջակցությունը Երևանի և Բաքվի միջև «խաղաղության գործընթացին» դառը մտքեր առաջացրեց այն մասին, որ արցախցիները ժողովրդավարության, իրավունքի և անվտանգության արհեստական ​​համակարգի զոհ են դարձել, երբ 1988 թվականին պաշտպանեցին իրենց իրավունքները՝ դրանով իսկ խրախուսելով ԽՍՀՄ փլուզումը: Դրանից հետո ղարաբաղցիները ոչ մեկին էլ պետք չէին, և Ռուսաստանը այս ամբողջ ընթացքում նրանց նկատմամբ թշնամանք էր պահում՝ 2020-2023 թվականներին բաց չթողնելով «վրեժխնդրությունը»։

Մինչդեռ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերը Ղարաբաղի մասին չէին, նրանք ցույց են տալիս, որ Հայաստանը կարող է կորցնել Սյունիքի և հայ-իրանական սահմանի նկատմամբ ինքնիշխան վերահսկողությունը, ինչը կհանգեցնի Հայաստանի շրջափակմանը և, ի վերջո, պետականության կորստին։ Չնայած կառավարության կողմից խաղաղության դարաշրջանի գալուստի մասին համառ հայտարարություններին, հասարակական միջավայրում աճում են նոր ցեղասպանության վախերը։

Արցախցիների խնդիրները շատ քիչ են լուսաբանվում հայկական մամուլում, իսկ համաշխարհային լրատվամիջոցներում ուկրաինական և պաղեստինյան ճգնաժամերի հետ մեկտեղ ղարաբաղյան հակամարտությունը գրեթե չի հիշատակվում։ Սակայն հենց 2020 թվականին Ղարաբաղի դեմ ագրեսիան էր, որը նշանավորեց սահմանները փոխելու ուժային փորձերի սկիզբը։ Երբ պարզ դարձավ, որ Արցախի դեմ ագրեսիան և ռուսական զորքերի մուտքը Արցախ աշխարհում ընդունվում են որպես նորմալ երևույթ, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա 2022 թվականի փետրվարին։ Իսկ երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, և նրա բնակչությունը տեղահանվեց, 2 օր անց՝ հոկտեմբերի 7-ին, սկսվեց պաղեստինա-իսրայելական պատերազմը։

Սոցիալական ցանցերում և բազմաթիվ լրատվամիջոցներում կարծիքներ են հայտնվում, որ Սյունիքի հարցում չի կարելի վստահել Հայաստանի կառավարությանը, որը ստել է Արցախի մասին: Արցախցի փախստականների ճակատագիրը ցույց է տալիս, թե ինչպես կվարվեն նրանց հետ, ովքեր նույնպես փախստական ​​կդառնան հակամարտության «ուժային լուծման» արդյունքները ճանաչելուն ուղղված կառավարության քաղաքականության արդյունքում:

Ո՞վ պետք է մարի հրդեհներն Արցախում, եթե այդ հողի տերերին ցեղասպանել և բռնի տեղահանել են

Հուլիսի կեսերին Լեռնային Ղարաբաղում բռնկված հրդեհները շարունակվում են, ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, կրակը հասել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի տարածք։

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ քամոտ եղանակը բարդացնում է հրդեհի մարումը», – փոխանցում է APA գործակալությունը։

Ո՞վ պետք է մարի հրդեհները, եթե այդ հողի իսկական տերերին ցեղասպանել և բռնի տեղահանել են։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 28-ին ծառայություններ կմատուցվեն․

ժամը 11։00-16:00

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

ժամը 11:30-16:00

Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Օգոստոսի 28-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Կոտայքի մարզի Գառնի համայնքներում՝ օգոստոսի 21-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

Պեկինը դատապարտում է Իսրայելին, իսկ Ավստրալին վտարում է Իրանի դեսպանին հակասեմականության համար

Իսրայելի հարցը դառնում է լակմուսի թուղթ. պետությունները բաժանվում են նրանց, ովքեր անվերապահորեն աջակցում են Իսրայելին՝ աչք փակելով Գազայի հատվածում տեղի ունեցող ամեն ինչի վրա, և նրանց, ովքեր Իսրայելին անվանում են միջազգային անվտանգության համակարգի գլխավոր խախտող: Նույնիսկ Իսրայելում բողոքի ցույցեր են անցկացվում՝ պահանջելով հրադադար պաղեստինցիների հետ: Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Իսպանիան, մտադիր են սեպտեմբերին ճանաչել Պաղեստինը: Սակայն Իսրայելի ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, որ Պաղեստինի ճանաչումը կնշանակի Իսրայելի պետականության ավարտ:

Չինաստանը մինչ այժմ չեզոքություն է պահպանել այս հարցում, ինչպես նաև այլ հարցերում: Սակայն այսօր Պեկինը հայտարարել է, որ ցնցված է Իսրայելի հարվածի հետևանքով Գազայում լրագրողների և բուժաշխատողների մահվան մասին տեղեկատվությունից: Հիշենք, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Նասեր հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի վրա Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է հինգ լրագրող: Պաղեստինյան իշխանությունների տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 20 մարդ:

Չինաստանը խիստ մտահոգված է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակով, դեմ է և դատապարտում է քաղաքացիական անձանց վնաս հասցնող ցանկացած գործողություն, այդ թվում՝ լրագրողների, քաղաքացիական օբյեկտների նկատմամբ բռնությունը և միջազգային իրավունքի խախտումը, ասվում է Պեկինի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Ավստրալիան վտարում է երկրից Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին և փակում է իր դեսպանատունը Իսլամական Հանրապետությունում։ Ավստրալիայում հրեական համայնքի դեմ հակասեմական մի շարք հարձակումների հետաքննությունը պարզել է, որ հարձակվողներից առնվազն երկուսը հովանավորվել են Իրանի կառավարության կողմից։

Եղանակը առայժմ չի փոխվի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանը առայժմ չի փոխվի։

Շիրակում օգոստոսի 26-ին կանխատեսվում է +32°C, Կոտայքում՝ +34°C, Գեղարքունիքում՝ +30°C։ Լոռիում՝ +29°C, Տավուշում՝ +33°C, Արագածոտնում՝ +35°C։ Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում՝ +37°C, իսկ Սյունիքում՝ +36°C։

Օգոստոսի 26-ից սկսած՝ ևս չոր եղանակ է սպասվում։ Մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +36°C։

Ինձնից անկախ համեմատում եմ Գյումրիի տարբեր թաղամասերը իմ ծննդավայրի հետ

Գյումրի քաղաքում է հաստատվել Արցախից տեղահանված Կարեն և Աննա Ջհանգիրյանների ընտանիքը։ Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 26-ին՝ չարաբաստիկ պայթյունի հաջորդ օրը։ Ինչպես Աննան է ասում՝ այդ օրն Արցախը տնքում էր ցավից, մարդիկ իրենց կորցրած, խուճապահար էին։ Արցախահայությունն իր կամքին հակառակ տեղահանվում էր՝ հասկանալով, որ գնում է դեպի անահայտություն:

Աննան իր տան մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները մինչև 2020-ի պատերազմն են վերանորոգել ու լրիվությամբ կահավորել։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել ու շարունակում էին ապրել՝ հույս պահելով, որ կյանքը կրկին կժպտա արցախցիներին։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը գլխիվայր շուռ տվեց ինչպես նրանց, այնպես էլ բոլոր արցախցիների կյանքը։

Աննան պատմում է

-Երբ պատերազմն սկսվեց, Կարենն Ասկերանի մոտակա 414 մարտական դիրքում էր՝ աշխարհազորի կազմում։ Ես փոքր դստերս հետ տանն էի, իսկ ավագ աղջիկներս դպրոցում։ Թե ինչ ապրումներ ունեցա մինչև երեխաներիս տուն գալը, դժվարանում եմ նկարագրել։

Մեր բազմաբնակարան շենքն Ասկերանի վերջնամասում էր և 2020-ից հետո գտնվում էր հակառակորդի նշանառության տակ։ Անտեսելով ամեն բան՝ մենք ապրում էինք ու երբեք չէինք մտածում, որ նման ճակատագիր կունենա Արցախը։

Սեպտեմբերի 19-ին ռմբակոծությունները չէին դադարում։ Անընդհատ հրետակոծվում էին Ասկերանի մոտակա տարածքները՝ սարսափ տարածելով ժողովրդի մեջ։ Բոլորի հետ մենք ևս գնացինք ապաստարան։ Հաջորդ օրն արդեն զինադադար էր հայտարարվել, պտտվում էր Արցախի հայաթափման լուրը։ Ցավալիորեն ծանր էր գիտակցել, որ պետք է ստիպված լքենք մեր հայրենի հողն ու ձեռնունայն հեռանանք դեպի անորոշություն։

Արցախից դուրս եկանք մեր հարազատների հետ ու միասին անցանք այդ ծանր ճանապարհը։ Մի քանի օր մնացինք Եղեգնաձորում, ապա ամուսնուս եղբոր՝ Սևակի ընտանիքի հետ մեկնեցինք Գյումրի ու հաստատվեցինք այստեղ։ Որոշ ժամանակ հետո Գյումրի եկան նաև իմ ծնողները։ Այդպես սկսեցինք հարմարվել նոր բնակավայրին, փորձեցինք ամեն ինչ սկսել զրոյից։

Ավագ դուստրս՝ Մարիամը, փոխադրվել է 12-րդ դասարան, երկրորդը՝ Աստղիկը, ավարտել է հիմնական դպրոցն ու ցանկանում է ուսումը շարունակել Գյումրի քաղաքի թիվ 1 ուսումնարանում։ Նա դիզայներական մեծ շնորհք ունի և ցանկանում է հմտանալ այդ արվեստում։ Իսկ 4-ամյա Միլան հաճախում է մանկապարտեզ։ Մեր ամեն մի օրը կրկին պայքար է, պայքար՝ վերստին ապրելու, չկոտրվելու:

 

17-ամյա Մարիամի համար շատ դժվար էր հարմարվել նոր միջավայրին, առանձնապես ծանր էր բաժանվել Արցախի իր ընկերներից

 -Այստեղ նոր ընկերներ եմ ձեռք բերել․ բոլորն էլ լավն են, հարեհաս, բարի, սակայն ես Արցախի իմ ընկերների կարիքը շատ եմ զգում, առանց նրանց ու Արցախի մի տեսակ կիսատ պռատ է ամեն ինչ։ Ինչքան էլ փորձում եմ, չեմ կարողանում մեկ վայրկյան անգամ չմտածել Արցախի, իմ ծննդավայր Ասկերանի մասին։ Անգամ դասապրոցեսի ժամանակ, երբ ուսուցիչները դաս են բացատրում, հաճախակի եմ ընկնում հիշողությունների գիրկը, մտաբերում իմ ուսուցիչներին ու դասընկերներին։ Կարոտում եմ բոլորին։ Երբեմն չեմ կարողանում զսպել արցունքներս և դրանից չեմ ամաչում, ավելին՝ սիրտս հանգստանում է:

Դպրոցում և առհասարակ Գյումրիում մենք լավ մարդկանց ենք հանդիպել։ Դպրոցում երբևէ չենք նկատել որևէ խտրական վերաբերմունք, ընդհակառակը՝ արցախցիներս շրջապատված ենք ուշադրությամբ, հոգատարությամբ։

Ինձնից անկախ միշտ համեմատականներ եմ անում Գյումրի քաղաքի տարբեր թաղամասերի ու իմ ծննդավայրի միջև՝ փորձելով ինչ որ նմանություն գտնել։ Այդ զգացողությունն ինձ ուժ է տալիս, միաժամանակ լցնում կարոտով։

Ջհանգիրյանների ընտանիքում միայն Կարենն է աշխատում՝ իրականացնելով տաքսու ծառայություններ

 -Ամբողջ կյանքում ծառայել եմ ԱՀ ՊԲ-ում և հպարտ եմ դրա համար։ Որպես Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի զավակներ՝ ես ու եղբայրս, միշտ ցանկացել ենք մեր հոր կիսատ թողածի շարունակողը լինել ու փորձում էինք մեր երեխաների համար բարեկեցիկ կայնք ապահովել հերոսների արյան գնով հաղթանակած երկրում։ Զբաղվում էինք նաև հողագործությամբ և հեկտարներով հող էինք մշակում՝ աճեցնելով ամեն տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ։ Մրգատու ծառերի այգիներ էինք հիմնել, որոնք արդեն բերք էին տալիս։ Շրջափակման ժամանակ ավելի շատ էինք աշխատում, բերքն անասելի առատ էր։ Պատրաստվում էինք ձմեռվան՝ մտածելով, որ շրջափակումը, եթե երկարի, ապա մեր ստեղծած բարիքները մեզ կպահեն, դեռ ուրիշներին էլ կօգնենք։

Ամեն ինչ միանգամից կորցրինք ու դարձանք բռնի տեղահանվածներ։ Դժվար է ինձ համար առանց հողի, առանց բերք ու բարիք ստեղծելու։ Չեմ կարողանում հարմարվել, որ մեր հողը մնացել է թշնամուն, որ ծնողներիս գերեզմաններն անծաղիկ ու անարցունք են։

Որոշել ենք ՀՀ քաղաքացիություն ընդունել ու բնակարան ձեռք բերել Գյումրիում, որովհետև մեզ հասանելիք գումարով միայն մարզերում կարող ենք տուն գտնել։ Գյումրին հրաշալի քաղաք է՝ իր սրտացավ բնակչությամբ, սակայն դժվար է աշխատանք գտնել, ինչի համար էլ արցախցիների մի մասն ստիպված հեռանում է այստեղից։

Արցախում Աննան զբաղվում էր վարսահարդարությամբ, ուներ իր հավատարիմ հաճախորդները։ Գյումրիում ևս մտադիր է աշխատել իր մասնագիտությամբ

-Պատրաստվում եմ մասնակցել վարսահարդարման վերապատրաստման դասընթացների և հավաստագիր ստանալուց հետո անցնել իմ սիրած աշխատանքին։ Գյումիրում ապրող արցախիցներից շատերը գիտեն, որ վարդահարդար եմ և սպասում են, թե երբ կսկսեմ իմ գործունեությունը։ Հույս ունեմ, որ տեղաբնակ հաճախորդներ ևս կունենամ։ Աշխատելով կկարողանամ նաև թիկունք դառնալ իմ ամուսնուն, ինչպես Արցախում էի․։ Ափսոս, որ այստեղ հնարավորություն չունենք զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։

Առաջին իսկ օրերից Գյումրիում հոգատարությամբ են ընդունել մեզ, աջակցել, ընդառաջել։ Մեզ երբեք օտար չենք զգացել այստեղ, սակայն առանց Արցախ դժվար է ապրել։ Պարզապես չի ստացվում․ ամեն գիշեր երազներում ես այնտեղ եմ՝ կամ տունն եմ մաքրում, կամ պատուհանից խոսում հարևանների հետ, կամ բանջարանոցում աշխատում, կամ երեխաներիս հետ քայլում հարազատ փողոցներում, կամ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ վառում։ Ամեն Աստծո առավոտ արթնանում եմ նույն զգացողությամբ՝ կիրականանա՞ն արդյոք իմ երազները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Որևէ փաստաթղթում չկա Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին դրույթ

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպե՞ս է Արցախը 20-րդ դարի սկզբում հայտնվել Ադրբեջանի կազմում, ի՞նչ իրավական հիմք կա դրա համար։

Հարություն Բաղդասարյան․ Իրավաբանորեն, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Ըստ հայոց «Աշխարհացույց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ աշխարհը և զբաղեցրել է ավելի, քան 15 000 կմ2 տարածք, որը բաժանված է եղել է 12 գավառի։ Արցախն Ադրբեջանին է տրվել ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ, իսկ  1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որը սկզբնապես սահմանակցել է Հայկական ԽՍՀ-ին, սակայն սահմանագծերի պարբերական փոփոխությունները (այդ թվում՝ Քարվաճառի և Լաչինի անջատումը) 20-ական թվականների ավարտին այն դարձրել են անկլավ։

Կովբյուրոյի որոշումն իրավունքի տեսանկյունից առոչինչ ակտ է, քանի որ մի չճանաչված երկիր (ՌՍՖՍՀ) իր կուսակցական մարմնի (ՌԿ(բ)կ) տեղական կազմակերպության (Կովբյուրոյի) միջոցով որոշում է մեկ այլ երկրի տարածքի կարգավիճակը: Ռուսաստանը, պարզապես, իրավունք չուներ այդպիսի որոշում կայացնելու, քանի որ մեկ տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ՌՍՖՍՀ և ՀՀ միջև կնքվել էր Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագիրը, համաձայն որի 2-րդ կետի, «Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը զբաղեցվում էին խորհրդային զորքերով, մինչև նոր խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում»:

Այսինքն, Ռուսաստանն այդ տարածքները չէր ճանաչել որպես Ադրբեջանի մաս, հակառակ դեպքում,  պայմանագիրը կկնքեր ադրբեջանական ԽՍՀ հետ։ Տեսականորեն Արցախն Ադրբեջանի Հանրապետության կազմ է ընդգրկվել 1919 թ. օգոստոսի 22-ին, արցախահայության 7-րդ համագումարի որոշմամբ ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հաշտության պայմանագրով՝ մինչև Փարիզի համաժողովով այդ հարցի վերջնական լուծումը։ Սակայն, 1920 թ․ ապրիլի 22-ի ԱՀ 9-րդ համագումարի որոշմամբ չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի հետ պայմանագիրը, և Լեռնային Ղարաբաղը հռչակվել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, ինչը հաստատվել է նաև 1920թ. ապրիլի 25-ին Ազգային խորհրդի որոշմամբ։ Ու երբ ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակի միջամտությամբ խորհրդայնացվել է Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն արդեն Ադրբեջանի կազմում չի եղել։

Արցախը Հայաստանի մաս կազմելու օգտին են խոսում մի շարք միջազգային-իրավական և ներպետական փաստաթղթեր։

Դրանցից են, դիցուք․

– 1920 թ. փետրվարի 24-ի «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Սույն զեկույցում հստակեցվել են սահմանազատման սկզբունքները Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստան պետության և Վրաստանի Հանրապետության միջեւ, որտեղ նշված է. «Ինչ վերաբերում է Հայաստան պետության եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որեւէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»;

– 1920 թ. ապրիլի 19-26 Սան Ռեմոյում տեղի ունեցած վեհաժողովի արդյունքներով կայացված համաձայնագիրը, որով հաստատվեցին նոր պետությունների՝ նույն թվում և՝ Հայաստանի սահմանները և իբրև այդպիսին՝ 1920 թ. մայիսի 11-ին ճանաչվեցին թուրքական օրինական կառավարության կողմից։

– 1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ասոցացված ուժերի Գերագույն խորհրդի (բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից) որոշում-դիմումը ԱՄՆ նախագահին 2 խնդրանքով.

ա) ստանձնել Հայաստանի մանդատը,

բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:

– Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվել է խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնագրով;

  • (1920թ․ ապրիլի 23-ին ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ԱՄՆ Սենատում 1920 թ. մայիս 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցած Հայաստանի մանդատի քննարկումները հաստատում են, որ ԱՄՆ-ը փաստորեն (de facto) հայկական տարածքների նկատմամբ ճանաչել է ոչ թե Օսմանյան կայսրության, այլ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները) ;
  • 1920թ․ մայիսի 23-ի «Հայաստանի ներկայ տերիտորիայի չորս նահանգների սահմանների մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի Հայաստանի չորրորդ՝ Սիւնեաց նահանգի մէջ մտնում էին «Զանգեզուրը եւ Ղարաբաղը՝ Վարանդան, Խաչենը, Գիւլիստանը, Դիզակը եւ Գանձակի գաւառի հայկական մասերը»;
  • 1920 թ. օգոստոսի 10-ի Սեւրի խաղաղության պայմանագիրը, որի 92-րդ հոդվածում նշված է. «Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Վրաստանի, միջեւ սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»;
  • 1920 թ.-ի նոյեմբերի 22-ի ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» Իրավարար վճիռը, որով Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար քառ. կմ՝ ընդգրկելով Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները, որի մեջ որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ, ընդգրկվել է 1920թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկները և զեկույցը»;
  • 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի որոշումը, որն իրենից ներկայացնում էր դիմում՝ Ադր․ԽՍՀ-ին՝ ԼՂԻՄ-ն Ադր․ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայկ․ ԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելու մասին;
  • 1989 թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտումտեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարի որոշումը, որում նշված էր, որ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից համագումարի ժամանակ ընդունվեց մի հռչակագիր, ըստ որի, Ինքնավար Մարզի գործերին ԱդրԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու էր որպես ագրեսիայի ակտ և կստանար համարժեք պատասխան;

 

  • 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ ԱԽ համատեղ որոշումը, որի 3-րդ կետում նշված է․
  1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները;

 

  • 1990 թ․ փետրվարի 13-ի Հայաստանի դեռևս խորհրդային խորհրդարանի որոշումը, որում նշված է․ «ՌԿ(բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշումը, որի հետևանքով խախտվել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, բռնակցվել է Հայկական ԽՍՀ տարածքի մասը, և հայ ժողովուրդը բաժանվել երկու մասի, համարել օրինական ուժից զրկված, միջազգային իրավունքին հակասող և անօրինական»;

 

  • 1990 թ․ օգոստոսի 23-ի ՀՀ Անկախության Հռչակագիրը, որում նշված է․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը;

  • ՀՀ 1995թ․ հուլիսի 5-ի (2005թ․ նոյեմբերի 27-ի և 2015թ․ դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) Սահմանադրությունը, որի նախաբանում ներառված է այս դրույթը․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը;

 

  • 1991թ. օգոստոսի 30-ին ընդունված Ադրբեջանի անկախության հռչակագիրը, որում ասվում է, որ երկիրը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության (1918 մայիսի 27-1920 ապրիլի 28) իրավահաջորդը;
  • 1991թ․ հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտը, որի 1-ին հոդվածով Ադրբեջանը դատապարտում է 1920թ․ ռուսական 11-րդ կարմիր բանակի ներխուժումը և անկախ Ադրբեջանի անեքսիան, իսկ նույն ակտի 3-րդ հոդվածի համաձայն, ՍՍՀՄ կազմավորման մասին 1922թ․ դեկտեմբերի 30-ի պայմանագիրը համարում է առոչինչ՝ ընդունման պահից;

 

  • 1991 դեկտեմբերի 8-ի ԱՊՀ հիմնադիր պայմանագիրը և դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, որոնց մեջ նշված է․ «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը»։ Դրան ավելացրած, որ Ադրբեջանը այդ հռչակագրերը ստորագրել է 1993թ․ սեպտեմբերի 24-ին, երբ Արցախն արդեն ամբողջությամբ ազատագրված էր իրենցից։ Բացի այդ, վերոգրյալ ակտերում նշված է նաև, որ կողմերը հրաժարվում են ուժ կիրառելուց և վեճերը լուծում են խաղաղ ճանապարհով, մինչդեռ Ադրբեջանը թե 90-ական թվականներին, և թե 2020թ․ խախտել է այդ պայմանը։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից Ալմա-Աթայի հռչակագիրն իրավունքի աղբյուր չէ, քանի որ այն ստորագրող հանրապետությունները դեռևս ընդգրկված են եղել ԽՍՀՄ կազմում (ԽՍՀՄ-ը վերացել է 1991թ․ դեկտեմբերի 26-ին)։

 

  • 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիումտեղի ունեցած ԵԱՀԽ խորհրդի լրացուցիչ նիստի ընթացքում որոշում կայացվեց կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաժողով ԵԱՀԽ-ի հովանու ներքո՝ շարունակական բանակցությունների համար հարթակ ստեղծելու նպատակով՝ հիմնվելով ԵԱՀԽ սկզբունքների, պարտավորությունների և դրույթների վրա: Համաժողովը նախատեսվում էր անցկացնել Մինսկում։

 

  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 1993   թվականին ընդունած չորս (822, 853, 874 և 884) բանաձևերը, որոնց մեջ ի թիվս այլնի՝ կոչ է արվել կողմերին «արդյունավետ և մշտական դարձնել ուղիղ բանակցությունների միջոցով հաստատված զինադադարը, և հարցի խաղաղ կարգավորումը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։

Հիշատակածս որևէ փաստաթղթում չկա Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին դրույթ։

Այսօր Գազայում հինգ լրագրող է սպանվել

Օգոստոսի 25-ին Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ հինգ լրագրող։ Նրանք աշխատել են Reuters, NBC, Al Jazeera, AP և Quds Feed Network հեռուստաալիքներում։

Ռոյթերսը հայտնել է, որ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 լրագրող։ Իսրայելը մեղադրվում է Գազայում անկախ լրագրությանը խոչընդոտելու ցանկության մեջ։ Իսրայելի կառավարությունը հերքում է մեղադրանքները։