ԱՄՆ սենատորը պատմել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ բանակցությունների մասին

Mediamax-ը ներկայացնում է The Wall Street Journal-ում հրապարակված հանրապետական սենատոր (Մոնտանա նահանգ) Սթիվ Դեյնսի A Peace Deal for Armenia and Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը:

Սթիվ Դեյնս

Նախագահ Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու շեմին է: Դա կլինի ակնառու ձեռքբերում ու եւս մեկ քայլ դեպի կայունություն եւ տնտեսական օգուտներ:

Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք երբեմն Խորհրդային Միության մաս էին կազմում, հակամարտում 1980-ական թվականների վերջից՝ բռնության պարբերական բռնկումներով: Խաղաղության հասնելու բազմաթիվ փորձերը կարճատես կամ անհեռատես էին: ԱՄՆ նախկին վարչակազմերը չկարողացան առաջնահերթություն տալ տարածաշրջանին եւ խաղաղության բանակցություններին:

Թրամփի վարչակազմն առաջընթաց է գրանցել՝ համատեղելով նախագահի «խաղաղություն ուժի միջոցով» մոդելը գործնական, ստեղծագործական դիվանագիտության եւ երկու կողմերի համար ավելի լուսավոր օրերի խոստման հետ:

Այս տարի ես այցելել եմ երկու երկրները պարոն Թրամփի թիմի անդամների հետ: Մենք ուսումնասիրել ենք տարածաշրջանի տնտեսական ներուժը եւ նպաստել ենք խաղաղության բանակցությունների ամենաբարդ հարցերի քննարկմանը:

Ես հանդիպել եմ ե՛ւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ե՛ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ մենք քննարկել ենք գործնական լուծումները: Երկու առաջնորդներն էլ գիտակցում են պահի հրատապությունը եւ բացվող լուրջ հնարավորությունները:

Չափազանց երկար ժամանակ Ռուսաստանը հանդիսացել է որպես տարածաշրջանային միջնորդ՝ օգտագործելով իր դիրքը հակամարտությունը հավերժացնելու եւ իր հարավային հարեւաններին թույլ ու մեկուսացված վիճակում պահելու համար: Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը թոթափում են ռուսական գերիշխանության լուծը եւ շրջվում են դեպի անկախ տեսլական, որը համադրվում է ԱՄՆ-ի առաջնահերթություններին:

Տարածաշրջանը կորոշի իր սեփական ապագան՝ հիմնված ԱՄՆ-ի հետ գործընկերության վրա, որը կարող է բարգավաճման հիմք դնել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ դրանից շատ հեռու:

Միջին միջանցքի աշխարհագրությունը այն օժտում է եզակի ռազմավարական եւ տնտեսական կարեւորությամբ: Գտնվելով ԱՄՆ-ի այնպիսի հակառակորդների միջեւ, ինչպիսիք են Իրանը եւ Ռուսաստանը, դա միակ հողակտորն է, որով Արեւմուտքը կարող է անարգել առեւտուր անել Կենտրոնական Ասիայի հետ: Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը ունեն նավթի, բնական գազի, ածխի, ուրանի եւ այլ հիմնական ռեսուրսների զգալի պաշարներ: Դրանք լրացնում են Հայաստանի եւ Ադրբեջանի շքիթի, պղնձի, ոսկու, քրոմիտի, մանգանի, արծաթի, ցինկի եւ այլ կրիտիկական հանածոների խոշոր պաշարները: Թրանսանատոլիական խողովակը կարող է մեծացնել թողունակությունը՝ տարածաշրջանի ավելի շատ էներգետիկ պաշարներ Եվրոպա տեղափոխելու համար, որպեսզի մայրցամաքը այլեւս երբեք կախում չունենա Ռուսաստանից: Իսկ Հարավային Կովկասի հանքային պաշարները կարող են ազատել ԱՄՆ-ին Չինաստանից կախվածությունից:

Թրամփի վարչակազմի վճռականությունը օգնել է ստեղծել պատմական հնարավորություն այս երկու երկրների համար: Համաձայնագիրը կփոխի աշխարհաքաղաքականության ընթացքը այնպես, որ դա օգուտ կբերի ոչ միայն Հարավային Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, այլեւ ԱՄՆ-ին եւ մեր դաշնակիցներին առաջիկա տասնամյակների համար:

Տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ կայունության հասնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է առանց հապաղելու ավարտեն աշխատանքը համաձայնագրի վրա:

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ

Ֆրանսիայի կողմից Պաղեստինը ճանաչելու հիմքերը Հայաստանո՞ւմ են դրվել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում նշել է.

«…Հայաստանը համոզված է, որ միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությունն է, որ կարող է երաշխավորել երկարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարօրություն ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար, որտեղ բոլորը վայելում են խաղաղ համակեցության բարիքները։ Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի հետևողական աջակից՝ Հայաստանը 2024 թվականի հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։

Այս համատեքստում Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Պաղեստինի Պետության ճանաչման և Միացյալ Թագավորության՝ այն ճանաչելու մտադրության վերաբերյալ վերջին հայտարարությունները: Առանձնահատուկ հպարտ ենք, որ Ֆրանսիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները հնարավորություն ունեցան հանդիպելու Հայաստանում՝ «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի շրջանակում՝ ճանապարհ հարթելով այս պատմական իրադարձության համար:

Հիմնվելով մեր սեփական փորձի վրա՝ Հայաստանը քաջատեղյակ է, թե ինչ է պատերազմական սարսափը։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ մենք մշտապես ջանքեր ենք գործադրել Պաղեստինի ժողովրդի կարիքներին աջակցելու հարցում։ Հայաստանի վարչապետի և Եգիպտոսի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մենք մարդասիրական օգնություն ենք ուղարկել Գազա և մենք սատարում ենք ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գործունեությանը: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թույլ տվեք նաև հայտարարել, որ համաձայնության ենք եկել Պաղեստինի հետ, ըստ որի՝ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում:

Հայաստանը նաև ընդգծում է երկու պետություններում քրիստոնեական համայնքների ապահովության, անվտանգության և ամբողջական իրավունքների պաշտպանության կարևորությունը: Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը: Հայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար։»

Այվազովսկու հուշարձանը Ստեփանակերտում քանդվել է նկարչի ծննդյան օրը

Ստեփանակերտում քանդվել է Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, հաղորդում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

«Հուլիսի 29-ին, մեծ նկարչի ծննդյան օրը, ցավով հայտարարում ենք, որ Այվազովսկու 2021 թվականին կանգնեցված հուշարձանը քանդվել է Ադրբեջանի օկուպացիոն իշխանությունների կողմից։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2023 թվականին բռնի տեղահանման հետևանքով Արցախի ողջ հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր հայրենիքը», – ասվում է հայտարարության մեջ։

Հուշարձանը տեղադրվել է 2021 թվականին ռուսական զորքերի ջանքերով։

Հայ մեծ ծովային և մարտական նկարիչը, որը ապրել և արարել է Ղրիմում և որին Ռուսաստանում անվանում են «ռուս նկարիչ», Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի և կոտորածների բացահայտողներից մեկն է։

Նախկինում նա մի քանի նկարներ է նկարել օսմանյան սուլթանի համար։ Այս նկարները ներկայումս գտնվում են թուրքական թանգարաններում, և դրանց համար սուլթանը Այվազովսկուն շնորհել է ադամանդներով երկու շքանշան։

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ հայերի մի շարք կոտորածներ, որոնք, տարբեր գնահատականներով, խլեցին 50-ից 300 հազար մարդու կյանք: Այս ողբերգությունը պատմության մեջ մտավ որպես Համիդյան կոտորած: Այս արյունալի պատմությունը տեղի է ունեցել սուլթան Աբդուլ Համիդի գահակալության օրոք: Այս իրադարձությունները ցնցեցին նկարչին, և նա նկարեց մի շարք նկարներ՝ «Հայերի ջարդը Տրապիզոնում», «Հայերին բեռնում են նավերի վրա», «Հայերին կենդանի նետում են Մարմարա ծով» և մի շարք այլ նկարներ:

Սակայն այս իրադարձությունների գագաթնակետը Այվազովսկու կողմից Թեոդոսիայում իրականացված ակցիան էր: Նկարիչը բակի շան պարանոցից կախեց սուլթանյան թանկարժեք շքանշանները, այնուհետև ծովը նետեց «արյունոտ նշանները»:

Այվազովսկին շատ վշտացած էր 1890-ական թվականներին Թուրքիայում տեղի ունեցած հայկական ջարդերից: Թուրքերը կոտորեցին հայ բնակչությանը Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Էրզրումում, Մարաշում, Տիգրանակերտում: Ողբերգությունն ավելի սրվեց այն փաստով, որ հայերի կոտորածի հետ մեկտեղ ոչնչացվեց նաև ամբողջ հայկական ժառանգությունը՝ եկեղեցիներ, դպրոցներ, խանութներ: Այրվեցին բազմաթիվ հասարակական և մշակութային հաստատություններ, և այս ամենը տեղի ունեցավ 1894-1895 թվականների կարճ ժամանակահատվածում:

Նա բարեկամական և մտավորական նամակագրության մեջ էր Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի հետ։ Կենսագիրները գրում են, որ 1896 թվականի օգոստոսի վերջին Այվազովսկին կաթողիկոսից նամակ է ստացել, որում ամենայն հայոց հոգևորականը խոսում է արդիական իրադարձությունների մասին և խորհուրդ է տալիս նկարչին նկարել այս ողբերգական ջարդերի թեմայով մի շարք նկարներ։ Այս նամակը, ցավոք, մեր օրերը չի հասել, սակայն Այվազովսկու կաթողիկոսին ուղղված պատասխանում կան մեջբերումներ՝ Արևմտյան Հայաստանում հայերի նկատմամբ սաստկացած հալածանքների մասին ճշգրիտ տեղեկություններով։ Նամակում նաև դրական արձագանք է եղել Մկրտիչ Խրիմյանի՝ նկարելու առաջարկին։ Ահա նկարչի նամակը։

«Օրհնյալ Տեր։ Իմ սրտի վաղեմի երազանքն է եղել այցելել Ձեր Գերագույն Աթոռին, լինել Ձեր ոտքերի մոտ, և ես այրվում եմ այն ցանկությամբ, որ Տեր Աստված ապահովի միջոցներ իմ երազանքի հաջող իրականացման համար։ Աստծո օծյալ։ Դուք ինձ շատ հուզիչ և գեղեցիկ առաջարկ արեցիք՝ կարմիր գույներով նկարել հայկական կոտորածը՝ արյունով ծածկված լեռների և հովիտների ֆոնին, իսկ ավերակների վերևում՝ վշտահար Հայերի Տերը։ Եթե Ամենակարողը կամենա ինձ ավելի երկար կյանք շնորհել, կգա այն օրը, երբ ես կիրականացնեմ այս հուզիչ առաջարկը։ Այո՛, Նորին Սրբություն Պատրիարք, իմ սիրտը մթագնում է խորը ցավից հայերի դեմ կատարված աննախադեպ և անլսելի կոտորածի պատճառով։ Դուք, Ձերդ Սրբություն, այնտեղ եք, մենք՝ այստեղ և յուրաքանչյուրս իր տեղում, դառնորեն սգում ենք մեր դժբախտ ազգականների կործանված հոգիները և դիմում ենք Աստծո ողորմածությանը։ Ես և կինս խոնարհվում ենք Ձերդ Սրբության առջև, համբուրում ենք Ձեր սուրբ աջը՝ մաղթելով ավելի մխիթարական օրեր։

Ձերդ Սրբության խոնարհ ծառան և որդին՝ Հովհաննես Այվազովսկին։»

1985 թվականի սեպտեմբերի 8-ից

Այս շարքի ամենահայտնի նկարը «Հայերի կոտորածը Տրապզոնում 1895 թվականին» կտավն է։ Սա շատ ողբերգական կտավ է։ Նկարիչը պատկերել է Տրապզոնի ափամերձ տարածքը, որտեղ գտնվում էր հայկական թաղամասը, և թուրքերի կողմից հայերին յաթաղաններով սպանելը։ Սպանության գագաթնակետն է պատկերված։

Հայոց ցեղասպանության թեմայով այլ աշխատանքներն են՝ «Հայերին բեռնում են նավերի վրա» և «Ուղևորներին բեռնաթափում Մարմարա ծովում»։

Նրա նկարներից են՝ «Նոյը իջնում է Արարատից», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնում», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Հայ զինվորի երդումը» և այլն։

Նկարիչը մահացել է 1900 թվականի մայիսի 2-ին Թեոդոսիայում և թաղվել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Նա չեր պատկերացնում, որ 2021-ին Արցախում հայտնված ռուս զինվորները կտեղադրեն իր արձանը, իսկ 4 տարի անց իրեն ժամանակներում թաթար անվանվող ազգը կհեռացնի արձանը՝ հայկական հետքի հետ միասին։

Կիբեռհարձակումներ, Ռուսաստանի գաղտնի զենքը և «Բարև, նոր պատերազմ»

Այն, ինչ աշխարհը անվանում է հիբրիդային պատերազմ, հիմա չի սկսվել. ինչպես ասում են, ներխուժումների ժամանակ մոնղոլները սուլիչներ էին կցում նետերին՝ թշնամուն վախեցնելու համար. այդպիսի թռչող նետերից հարյուրապատիկ ավելի աղմուկ էր բարձրանում։

Յուրաքանչյուր սերունդ իր լրացումներն է հորինում հիբրիդային պատերազմի համար։ Հիմա մենք ականատես ենք լինում էլեկտրոնային պատերազմի գագաթնակետին. վերջերս Ռուսաստանում «Աէրոֆլոտի», դեղատների և այլ ցանցերի վրա հաքերային հարձակումը ոչ պակաս փլուզում առաջացրեց, քան ռումբի պայթյունը։

Վերլուծաբանները նշում են, որ Silent Crow ևCyber Partisans-ի հակերների հարվածները լավ մտածված արշավի մի մասն են, որը նպատակ ունի խաթարել Ռուսաստանում նորմալության զգացումը. «Ուկրաինան գործում է հետևողականորեն և խոհեմորեն. տոնական սեզոնի գագաթնակետին չվերթները մեկը մյուսի հետևից խափանվում են, ինչը մեծացնում է ներքին դժգոհությունը»։

Ֆրանսիական պաշտպանական «Նավալ Գրուպ» ընկերությունը, որը մասնագիտանում է նավերի և սուզանավերի արտադրության մեջ, ևս բախվել է լայնածավալ կիբերհարձակման։

Վերջին շաբաթվա ընթացքում խոշոր խափանումներ են նկատվել նաև հայկական ArСa բանկային համակարգում. մարդիկ ժամերով չեին կարողանում առցանց գործարքներ կատարել, խանութներում քարտային տերմինալները չեին աշխատում, և անվստահությունը անկանխիկ համակարգի նկատմամբ, որի մեջ ընկղմվել է Հայաստանը, աճում է։

Արհեստական բանականության դերը նույնպես արագորեն աճում է։ Ինչպես պարզվեց, Վարդավառի տոնակատարության ժամանակ նորապսակների ռեկլամային լուսանկարը արհեստական էր։

Աշխարհի լրատվամիջոցները քննարկում են նաև ամերիկյան հայտնի թերթերից մեկում քաղցած պաղեստինցի տղայի լուսանկարը, որը նույնպես պարզվեց, որ արհեստական ​​բանականության արդյունք է։

Միևնույն ժամանակ, Կամչատկայում երեկ տեղի ունեցած երկրաշարժը, ամբողջ աշխարհում ցունամիի սպառնալիքը նույնպես կասկածներ առաջացրեց։

«Ռուսաստանը կարող էր նոր գաղտնի զենք օգտագործել կամ նույնիսկ միջուկային զենք օգտագործել ջրի տակ, այսինքն՝ սա իրականում ստորջրյա միջուկային պայթյուն է, որը ցունամի է առաջացրել։ Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ նման զենքի մշակման վերաբերյալ քննարկումները երկար ժամանակ ընթանում են, քննարկումներ են եղել։ Ի դեպ, հենց Ռուսաստանն է, որը համակարգվածորեն սպառնում է միջուկային զենք օգտագործել», – իր YouTube ալիքում առաջարկել է Ալեքսանդր Մուսիենկոն։

Քննարկում․ Բաքուն օգտագործում է հայ ռազմագերիներին եւ հայ հասարակության դեմ հոգեբանական պատերազմ է մղում

Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին եւ հայ հասարակության դեմ հոգեբանական պատերազմ է մղում։ Հոգեբանական պատերազմի միջոցով Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ հայ հասարակությունը չխոսի ռազմագերիների մասին, նաեւ չխոսի Արցախի Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, Հայաստանի օկուպացված տարածքների ազատագրման, Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ինքնորոշման իրավունքի ոտնահարման մասին։ Ադրբեջանն այս բոլոր գործիքներն օգտագործում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից ու հայ հասարակությունից պատասխան չստանա իր ապօրինի գործողությունների համար։

Այս մասին Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության գրասենյակում այսօր կազմակերպված «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին հայ հասարակության դեմ հոգեբանական զենք դարձնելու ռազմավարությունը եւ դրա հետևանքները մարդու իրավունքների համատեքստում» թեմայով դասախոսության ժամանակ ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Մնացականյանը՝ անդրադառնալով Բաքվում ընթացող շինծու դատավարություններին։

Նա նշեց, որ հայ ռազմագերիների նկատմամբ բռնություն ու դաժան վերաբերմունք ցուցաբերելով, այդ մասին տեսագրություններ ցուցադրելով՝ Ադրբեջանը խախտում է Ժնեւի եւ Հաագայի կոնվենցիաները եւ հոգեբանական պատերազմ է մղում հայ ժողովրդի ու ՀՀ դեմ։

Ըստ նրա՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատական գործընթացների նպատակը կոնկրետ անձանց պատժելը չէ, Ադրբեջանը հայ ռազմագերիներին օգտագործում է որպես հաղթաթուղթ, որպեսզի պատժի եւ օգտագործի մի ամբողջ հասարակության, որպեսզի հայ հասարակությանը պահի սթրեսի մթնոլորտում, քայքայի հայ հասարակության ինտելեկտուալ բոլոր կարողությունները եւ դրանով կանխի հետագա հնարավոր պատասխան գործողությունները։ Եվ սա բավականին խորքային մտածված ռազմավարություն է Ադրբեջանի կողմից։

Զուգահեռ Ադրբեջանը բավական ակտիվ է աշխատում միջազգային գիտական կազմակերպությունների հետ, խեղաթյուրում ու կեղծում է պատմությունը, կան բազմաթիվ ճանաչված գիտական վերլուծաբաններ, գիտնականներ, որոնք, Անժելա Մնացականյանի խոսքով, միջազգային ասպարեզներում ավելի շատ տարածում են այն նարատիվները, որոնք մշակվում են Ադրբեջանում։ «Եվ սա էլ շատ վտանգավոր է հայ հասարակության ու Հայաստանի համար»,- հավելեց նա։

Հայ գերիների խոշտանգումը եւ հրապարակային նվաստացումը վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են ոչ միայն Ժնեւյան կոնվենցիան, այլ նաեւ մարդու հիմնարար իրավունքները։ Բանախոսը նշեց, որ հայկական կողմը պետք է ակտիվ լինի, միջազգային հարթակներում պետք է հակազդենք Ադրբեջանի ապատեղեկատվությանը։

Նա նաեւ անդրադարձավ հարցին, ու Ադրբեջանում միջազգային կազմակերությունների ներկայությունը սահմանափակվել է, օրինակ՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի կառույցներին ուղղակի ասել են՝ լքեք Ադրբեջանի տարածքը։ Այսինքն՝ չնայած միջազգային կոնվենցիաները գործում են, բայց Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է։

Համաձայն 1949 թվականին ընդունված Ժնեւի երրորդ կոնվենցիայի՝ ռազմագերիները պետք է պաշտպանված լինեն խտրական վերաբերմունքից, պետք է հարգվի նրանց արժանապատվությունը, արգելվում են խոշտանգումները, նվաստացումները եւ արժանապատվության ցանկացած խախտում։ Բացի այդ, ռազմագերիները իրավունք ունեն արդար դատաքննության, եւ պետությունը պարտավոր է ապահովել նրանց հայրենադարձվելու իրավունքը։

Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակավոր միջոցներ, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020 թվականի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո գերեվարված եւ Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից ու մարմնական վնասվածքներից, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջեւ հավասարությունը։ Human Rights Watch-ը 2021 թվականի մարտի 19-ի զերուցով հաստատել է, որ հայ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի։ Իսկ Եվրոպական խորհրդարանը 2021 թվականի մայիսի 20-ին ընդունած բանաձեւով դատապարտել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ձերբակալումը, պահանջել է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել հայ գերիներին, ընդգծել է ձերբակալությունների քաղաքական բնույթը եւ կեղծ մեղադրանքների կիրառումը։

Արցախցի ուսանողները առաջիկա սեպտեմբերից ևս կստանան ուսման վարձի փոխհատուցում

Արցախից ժամանակավորապես բռնի տեղահանված մեր այն ուսանողները, որոնք սովորում են միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առաջիկա սեպտեմբերից ևս կստանան ուսման վարձի փոխհատուցում։ Այդ մասին գրել է Նաիրի Հողիկյանը՝ հրապարակելով իր հարցմանը՝  Կրթության նախարարության պատասխանը։

Իրար հրաժեշտ տվեցինք՝ հույս պահելով, որ մի գեղեցիկ օր կհանդիպենք Գանձասարում

Ինչո՞ւ են արցախցիները տարբերվում բոլորից աշխարհի որ ծայրում էլ լինեն՝ նույն հայացքն ունեն, նույն թախծոտ ու մտազբաղ աչքերը: Տղամարդը, որ նստած էր մանկական խաղահրապարակում տեղադրված նստարաններից մեկին, գրավեց իմ ուշադրությունը։ Նայում էր շուրջն ուրախ թռչկոտող երեխաներին, երբեմն ժպտում, երբեմն հոգոց հանում փոքրիկները տարբեր ազգություններից էին՝ հայ, ռուս, ուզբեկ, թաթար: Զգացվում էր, որ տղամարդը մտքով ուրիշ տեղ էր գո՞ւցե իր, կամ իր երեխաների մանկությունն է հիշում, կամ էլ պարզապես հայրենի հողն է կարոտում:

2023-ի տեղահանությունից ի վեր, բազմաթիվ բնակավայրեր փոխելուց հետո, աշխատանք գտնելու համար արցախցի Դավիթը (անունը փոխված է ) հասել է մերձմոսկովյան քաղաքներից մեկը ընտանիքը Կրասնոդարում է։

 -Մարտակերտի շրջանի Վանք գյուղում եմ ծնվել, մեծացել։ Գանձասարի չքնաղ բնության մեջ է անցել երիտասարդությունս։ Աշխարհի ոչ մի անկյուն չի կարող փոխարինել իմ բնաշխարհին։ Միշտ էլ այդ կարծիքին էի։ Երբ կորցրինք Արցախն ու սփռվեցինք աշխարհով մեկ, կրկին համոզվեցի, որ իմ բնօրրանից լավը չկա ու չի կարող լինել։ Ընտանիք կազմելուց հետո տեղափոխվել եմ Ստեփանակերտ, սակայն կապը հարազատ գյուղիս հետ երբեք չեմ կտրել։ Այնտեղ էին ապրում ծնողներս, ընկերներս, հարազատներս։ Ոտքիս մեկը միշտ Վանքում էր։ Արցախյան առաջին պատերազմից ի վեր Արցախում մեր ապրած ամեն մի օրը վտանգված էր, քանի որ թշնամին չէր դադարում սադրել։ Սակայն, անկախ ամեն ինչից, մենք շարունակում էինք ստեղծել, հզորանալ։ Զբաղվում էի հողագործությամբ, մեղվապահությամբ։ Շրջափակման ժամանակ մեր հողը, մեր անտառները կերակրում էին մեզ,- ասում է նորածանոթ հայրենակիցս։

Դավիթի կինն առողջական լուրջ խնդիրներ ունի Ստեփանակերտում մի շարք վիրահատություններ է տարել։ 2022-ի վերջին վիճակն այնքան էր վատացել, որ տեղափոխվել են Երևան՝ կրկին վիրահատվելու։

-Հայաստանում էինք, երբ փակվեց Արցախի հետ կապող միակ ճանապարհը, ու մենք այլևս չկարողացանք վերադառնալ տուն։ Կնոջս առողջությունն էլ օրեցօր վատանում էր։ Ստեփանակերտում էին մնացել արդեն ընտանիք կազմած ավագ դուստրս և 14-ամյա կրտսեր աղջիկս։ Այդ ամիսները շատ դաժան էին մեզ համար, քանի որ կտրված էինք բոլորից։ Միակ ուրախությունն այն էր, որ այդ ընթացքում ծնվեց թոռնիկս։

Չգիտեինք, թե մեզ էլ ինչեր են սպասվում։ Փոքր աղջիկս արդեն չէր դիմանում կարոտին։ 2023-ի սեպտեմբերի սկզբին ռուս-խաղաղապահների միջոցով նա դուրս բերվեց Արցախից, որպեսզի հետո միասին վերադառնայինք տուն։ Սակայն ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմը արցախահայությանը կանգնեցրեց փաստի առաջ՝ կամ պետք է լքեինք հայրենի հողը, կամ էլ ցեղասպանվեինք։ Պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափվեց։ Բոլորս հայտնվեցինք դրսերում։ Հայաստանից տեղափոխվեցինք Կրասնոդարի երկրամաս, սակայն կնոջս վիճակն ավելի վատացավ ու կրկին վերադարձանք Հայաստան՝ քիմիոթերապիա ընդունելու համար։ Որոշ ժամանակ հետո նորից մեկնեցինք ՌԴ։ Ընտանիքս Կրասնոդարում է, ես այստեղ շինարարությամբ եմ զբաղվում, բնակվում հարազատներիս տանը։ Ինչ կլինի հետագայում՝ դժվարանում եմ ասել։ Միայն մի բան գիտեմ՝ Արցախից դուրս ամեն ինչ խաբուսիկ է․ ոչինչ չի կարող փոխարինել իմ հարազատ բնօրրանին։

Աստծուն խնդրում եմ, որ այնպես անի, որ տուն վերադառնանք։ Ուզում եմ հավատալ, որ մեր ժողովուրդը կրկին իր հողում կապրի, նորից կյանքն Արցախում հայկական կլինի։

Օրը մթնում էր, զրույցը երկարում, հիշողությունները պայծառանում։ Արցախից հազարավոր կիլոմետրեր հեռու, երկու արցախցիներով իրար հրաժեշտ տվեցինք՝ հույս պահելով, որ մի գեղեցիկ օր կհանդիպենք Գանձասարում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

10 տարի առաջ այս օրը Ստեփանակերտի եկեղեցու զանգերն օրհնում էր Պարգեւ սրբազանը

Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց և Ստեփանակերտի հայաթափումից հետո դադարել է գործել։

10 տարի առաջ այս օրը Հեքիմյանի եկեղեցու զանգերն օրհնում էր Պարգեւ սրբազանը։

Լուսանկարներ Մարութ Վանյանի

Վահան Կոստանյանը քննարկում է ունեցել Պաղեստինի պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հուլիսի 29-ին հանդիպել է Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Նրանք մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների ընթացքին։ Գոհունակությամբ նշվել է պաղեստինցի դիվանագետների մասնակցությունը Հայաստանի դիվանագիտական դպրոցի կողմից իրականացված օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագրին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանը ճանաչել Է Պաղեստինի անկախությունը։ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ երկիրն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ընդգծվել է, որ Երևանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման «երկու պետությունների» սկզբունքին:

150 արտիստներ ժամանեցին Երևան. պատրաստվում է «Տաշիր Արենա» կրկեսի բացմանը

Թատրոնի և կրկեսային ներկայացման միջազգային թատերախումբը, որը բաղկացած էր 150 մասնակիցներից՝ նկարիչներից, ռեժիսորներից, պրոդյուսերներից, տեխնիկական մասնագետներից, պարուսույցներից, բեմանկարիչներից, լուսավորության և զգեստների դիզայներներից, ժամանեց Երևան:

Շատ շուտով նրանք Հայաստանում կներկայացնեն մեծածավալ նախագիծ, որը աշնանը կբացի Երևանի լեգենդար կրկեսի տեղում կառուցված «Տաշիր Արենա»-ի առաջին պրեմիերային եթերաշրջանը:

Ուկրաինան բողոքում է քիմիական զենքից։ Իսկ ո՞վ է Բաքվին մատակարարել Արցախում օգտագործված ֆոսֆորը

Ուկրաինայի զինված ուժերի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից քիմիական զենքի կիրառման ավելի քան 10,000 դեպք է գրանցվել, և ապացույցները ներկայացվել են միջազգային կազմակերպություններին։

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Բաքուն Արցախում օգտագործել է ֆոսֆորային զենք, և, ինչպես նշվել է ԱՄՆ Կոնգրեսում, այդ զենքը Բաքվին մատակարարվել է Ուկրաինայի կողմից։

2022 թվականին Արցախի դատախազության մամուլի ծառայությունը հետաքննություն է անցկացրել, որի շրջանակներում Մարտունի քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված չպայթած հրթիռը և դրանից վերցված նմուշները ներկայացվել են փորձաքննության։ Անկախ փորձագիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացությունը (եզրակացությունը ստացվել է 07.12.2022 թվականին) ապացուցել է, որ հրթիռը սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային զինամթերք է։

Այսպիսով, փորձագիտական ուսումնասիրության արդյունքների համաձայն, պարզվել է, որ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են քիմիական զենք, ինչը հանգեցրել է զանգվածային ավերածությունների և բազմաթիվ մարդկային կորուստների, տառապանքների և վնասների, և անմիջականորեն հարվածել է բնակավայրերին, որտեղ գտնվում էին խաղաղ բնակիչներ։

Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորային զինամթերք, որը օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների ժամանակ։ Այս հայտարարությունը 2022 թվականին արել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

Ելույթ ունենալով Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին իր հանձնաժողովում լսումներում, նա ասել է, որ այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործումը «լայնորեն լուսաբանվել է»։ «Ցավոք, [այդ զինամթերքը] մատակարարվել է Ուկրաինայի կողմից», – ասել է ամերիկացի օրենսդիրը։

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

Ա.Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և վերահաստատել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունն ու ջանքերը: