Հայ դատ․ նման վախկոտ կեցվածքը հարիր չէ Ամերիկայի նման պետության

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ վերջերս արած հայտարարություններին և կոշտ քննադատության ենթարկել ԱՄՆ վարչակազմին՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և, ըստ այդմ, ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանի կազմում էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև կանգնեցնելու դիրքորոշման համար։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ նախագահ Բայդենի վարչակազմի կողմից նման դիրքորոշումը Համբարյանը համարել է անխոհեմ և որակել որպես Արցախի 120․000 հայ բնակչության մահապատիժ։ Հայ դատի հանձնախմբի նախագահը նկատել է՝  նման վախկոտ կեցվածքը հարիր չէ Ամերիկայի նման պետության, որը ձգտում է միջազգային բազմոլորտ առաջնորդության։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները կրում է ինչպես բարոյական, այնպես էլ միջազգային իրավական պարտավորություններ՝ կանխելու էթնիկ զտումները: Ադրբեջանի գործողությունները հենց ապացույց են այն բանի, որ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների հայերը կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ։

Համբարյանն արձանագրել է՝ Արցախը պաշտպանելու համար ԱՄՆ վարչակազմի կողմից վճռական և կանխարգելիչ գործողություններ չձեռնարկելը Միացյալ Նահանգներին մեղսակից է դարձնում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման քաղաքականությանը։ Ավելին, վարչակազմը քաջալերում է ադրբեջանական ագրեսիան՝ շարունակելով ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, մերժելով ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին և բազմիցս չկարողանալով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների և իրավունքների ոտնահարման համար:

Ժամանակն է՝ Բայդեն-Հարիսի վարչակազմը կատարի Ամերիկայի բարոյական և իրավական պարտավորությունները՝ կանխելու ադրբեջանական ցեղասպանությունն Արցախի դեմ, մասնավորապես․

  1. ԱՄՆ-ը Բաքվի առջև պետք է խիստ վերջնաժամկետ դնի՝ շրջափակումը վերացնելու և Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի բոլոր գործողությունները դադարեցնելու համար։
  2. Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ն պետք է կիրառի «Գլոբալ Մագնիտսկու» և այլ պատժամիջոցներ, ամբողջությամբ կիրարկի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը և արգելափակի ամերիկյան զենքի կամ պաշտպանական ապրանքների փոխանցումն Ադրբեջանին։
  3. ԱՄՆ-ը պետք է անհապաղ կոնկրետ գործողություններ ձեռնարկի Արցախում ցեղասպանությունը կանխելու համար՝ առաջնորդելով Արցախի ինքնակառավարման կարգավիճակի ճանաչման միջազգային ջանքերը և պահանջելով ՄԱԿ-ի անվտանգության երաշխիքներ, միջազգային կայուն խաղաղապահ ներկայություն, ամերիկյան և միջազգային հումանիտար աջակցություն, Հայաստանի հետ ապահով տրանսպորտային, առևտրային և էներգետիկ կապ, բուֆերային գոտի և պարենային, ջրի և էներգետիկ անվտանգություն:

Արցախի ապաշրջափակման շարժման ներկայացուցիչների հանդիպումը Լենցովի հետ կայացավ

«Հանուն միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» ներկայացուցիչ Դավիթ Վանյանը եթեր է դուրս եկել և խոսել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Լենցովի հետ հանդիպման մասին։ Նրա խոսքով, փակ ձեւաչափով հանդիպումը տեւել է ավելի քան 2 ժամ։

Դավիթ Վանյանի խոսքով, Շարժման անդամները հստակ բարձրացրել են իրենց հարցերը, սակայն հստակ պատասխաններ չեն ստացել.

«Մենք ասացինք, որ մեր հարաբերություններն ու գործողությունները պետք է հիմնված լինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վրա, և հարցրինք, թե ինչու խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները։ Երկար խոսեցինք այս մասին, հետո մեզ ասացին, որ խաղաղապահներն էլ ունեն վերադաս , ում հրահանգները կատարում են։ Հիմա վերադասն իբր այս հարցով զբաղվում է, շուտով հայտարարություններ կլինեն, հույս ունենք, որ արդյունք կլինի»,- ասաց Վանյանը։

Շարժման ներկայացուցիչներն էլ ասացին, որ չեն պատրաստվում ատելության սերմանել ռուսների նկատմամբ։ Ավելին, նրանք օգնություն են առաջարկել, սակայն պատասխան չեն ստացել։

«Եթե չեք կարողանում կատարել ձեր պարտավորությունները, ապա անկեղծ խոսեք այդ մասին»,- ասացին արցախյան հասարակական գործիչները։ Ինչին ստացել են պատասխան, որ խաղաղապահները կատարում են իրենց պարտավորությունները։ «Մենք դա հերքող մի շարք կետեր ենք ներկայացրել»,- ասաց Դավիթ Վանյանը։

Խաղաղապահների հրամանատարությունը խորհուրդ է տվել դիմել սեփական իշխանությունների հետ։ «Մենք ասացինք, որ ոչ մեր իշխանությունները, ոչ Երևանի իշխանությունները պատերազմից հետո պարտավորություն չեն վերցրել դառնալ կանանց ու երեխաների վերադարձի երաշխավորը, նախագահ Պուտինն էր, որ կոչ արեց՝ վերադարձե՛ք, ապահով կապրե՛ք։ Մարդիկ նրան հավատացին։ Ինչ է կատարվում հիմա․ Պուտինն իր խոսքի տերը չի՞, թե՞ խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները»,- ասաց Դավիթ Վանյանը։

Նա նաև մեջբերեց մի հետաքրքիր դրվագ. «Խաղաղապահների հրամանատարությունն ասում է, որ մենք խնդիր չունենք «ձեր խորհրդարանի» հետ»,- ասաց Վանյանը։ Չունեք, քանի որ պատգամավորների մեծամասնությունն համաձայնվում են այն ամենի հետ, ինչ դուք ասում եք, իսկ մենք միայն մեր շահերն ենք պաշտպանում, պատասխանել են Շարժման ներկայացուցիչները։

«Պետք է սկսել կոնկրետ քայլեր անել, մի երկու օր սպասենք, տեսնենք, թե ինչ հայտարարություններ են դրանք, և քայլերը կխստացնենք։ Մեր գործողություններն արդեն արդյունք են տալիս, և նրանք, ովքեր ասում են, թե ամեն ինչ մեր տեղ որոշված ​​է, ու պայքարելու կարիք չկա, ապացույցներ են ստացել, որ այդպես չէ։ Մինչև մեր հարցերը չլուծենք, գնալու ենք մինչև վերջ»,- ասաց նա։

Ֆրանսիան աջակցումէ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների պահպանմամբ խաղաղությանը

Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերին` պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները: Twitter–ի իր միկրոբլոգում նման գրառում է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ ասել է այս մասին իր հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը հանուն արդարության և միջազգային իրավունքի հանդեպ հարգանքի»,– հավելել է ֆրանսիացի դիվանագետը։

Մակրոնի հետ պատմությունը շարունակվում է. Զախարովան թվարկեց Ֆրանսիայի արածն հայերի համար

«Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանը լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում Ֆրանսիայի դեմ, որը պաշտոնապես և հրապարակայնորեն արտահայտում է իր հասցեական գնահատականներն ու մտահոգությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի անօրինական գործողությունների վերաբերյալ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ կառավարության նիստում նա ասել էր, որ Հայաստանը երախտապարտ է Ֆրանսիային մարդասիրական գործունեության համար, սակայն չասաց, թե Հայաստանը շնորհակա՞լ է արդյոք Ֆրանսիայի քաղաքական քայլերի համար։ Երևանը գրեթե աննկատ ողջունեց Ֆրանսիայի քաղաքական նախաձեռնությունները, որոնք ուղղված են ահաբեկչական պատերազմի հետևանքով ստեղծված ստատուս քվոյի ճանաչումը կանխելուն, հարցը ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի շրջանակներում քննարկելուն և բազմազգ զորքեր Արցախ ուղարկելուն։ Բայց Հայաստանի իշխանությունները չաջակցեցին Մակրոնին այս նախաձեռնություններում, ինչի մսսին Ֆրանսիայի նախագահը հայտարարեց միանգամայն անկեղծ։

Փաշինյանը խորամանկորեն գրում է, որ Բաքուն է հակաֆրանսիական արշավ իրականացնում, թեև իրականում դա Բաքվի և Մոսկվայի հերթական համատեղ արշավն է։ Երեկ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերթական անգամ “թռեց” Ֆրանսիայի դեմքին։ Բայց՝ «կշտամբելով» Ֆրանսիային, նա փաստորեն թցարկեց հայ ժողովրդի համար արած Փարիզի բոլոր քայլերը, որոնց ֆոնի վրա ռուսական «միջնորդությունն» էլ ավելի մռայլ է թվում։

«Մենք վաղուց պատրանքներ չենք ունեցել այն մասին, որ Ֆրանսիան կարող է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման գործում. ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժ, իրականում փլուզում, այդ թվում Փարիզի ջանքերով, 2022թ., անցյալ տարվա աշնանը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից ընդունված բանաձև, որը դատապարտում էր, ինչպես իրենք էին գրում, Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ պահանջում հենց այդ երկրի և նրա պաշտոնյաների դեմ, Փարիզի կողմից Հակաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու նախաձեռնությունը՝ կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու»,- թվարկեց Զախարովան։

Այսպիսով, ՌԴ ԱԳՆ-ն բացահայտ կշտամբում է Ֆրանսիային՝ Ալիևին ագրեսիայի համար դատապարտելու համար (ավելին, համաձայն չէ «ագրեսիա» հասկացության հետ)։

Փաշինյանը չի խոսում այն ​​մասին, թե ինչու է Մոսկվան միացել հակաֆրանսիական արշավին. Ստեփանակերտը, որը դեռևս նամակներ է ուղարկում Պուտինին, եւս այս մասին չի խոսում, թեև արդեն ընդունում է, որ ռուսների դրդմամբ են հանձնվել Քաշաթաղի շրջանի երեք բնակավայրերը։ Ի դեպ, Զախարովան երեկ ասել է, որ չգիտի, թե ով է Արայիկ Հարությունյանը եւ չի մեկնաբանի Քաշաթաղի շրջանի մասին նրա հայտարարությունները։ Սա, ըստ երեւույթին, նշանակում է նաեւ, որ Պուտինին ուղղված Հարությունյանի նամակին էլ պատասխան չի լինելու։ Մյուս կողմից, Ռուսաստանը չի ճանաչում Ալիևի ագրեսիան Արցախի դեմ՝ ի տարբերություն Ֆրանսիայի, եւ պատահական չէ, որ Պուտինը հենց Ալիևի հետ է ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրել նախքան Ուկրաինա ներխուժելը։

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։

«Քննարկել ենք տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում զրուցակցիս եմ ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով:

Խոսել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ մասնավորապես, շեշտել ենք երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում»,- գրել է Գրիգորյանը:

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու անթույլատրելիությունը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններից և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին ուղղված հետագա գործողությունների կանխման ուղղությամբ միջազգային ջանքերի հրատապությունը:

Ադրբեջանն ժխտում է Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը․ Արցախի ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին՝ անընդունելի  համարելով, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հայտարարության մեջ նշված է. «Վերջին շրջանում Ադրբեջանի պետական ​​կառույցներն ու կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները լայնածավալ ապատեղեկատվական արշավ են սկսել՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը և պատրվակ ստեղծել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ նոր ագրեսիայի համար։ Արցախի Պաշտպանության բանակի մասին հորինելով և առաջ մղելով կեղծ խոսույթներ՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը և ձգտում է նրան զրկել սեփական անվտանգության ապահովման բոլոր միջոցներից և հնարավորություններից, այն էլ՝ Բաքվի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ մշտական սպառնալիքների և ռազմական սադրանքների պայմաններում։

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն արցախյան կողմից  հրադադարի խախտում  երբեք չի արձանագրել՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր դիրքերը գնդակոծելու մասին կեղծ մեղադրանքներ ներկայացնել Արցախի Պաշտպանության բանակի հասցեին և միևնույն ժամանակ սաստկացնել ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունը՝ դրանով իսկ տեղեկատվական և քարոզչական հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն մերժել առաջարկները՝ Արցախ, այդ թվում՝ Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանա տեղում գնահատել իրավիճակը և միջազգային հանրությանը ներկայացնել իրականության օբյեկտիվ պատկերը:

Արցախի նկատմամբ  նման անթաքույց ռազմաքաղաքական շանտաժը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, տրանսպորտային և էներգետիկ ամբողջական շրջափակումը, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի ապօրինի տեղադրումն անընդունելի են և հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման  կոպիտ խախտում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները նպատակ ունեն նաև թույլ չտալ, որ ստեղծվեն պայմաններ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի և կողմերի միջև հավասարության ու բարեխղճության վրա հիմնված կառուցողական երկխոսության վերսկսման համար:

Լիակատար անպատժելիությունից և ամենաթողությունից ոգևորված՝ Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային հանրության ոչ մի կոչ ու հայտարարություն՝ ապակառուցողական գործողությունների անթույլատրելիության և բոլոր վիճելի հարցերը կառուցողական երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ Այս առումով անընդունելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները:

Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրության պատասխանատու անդամները և, մասնավորապես, խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները չպետք է անտեսեն և առավել ևս՝ որոշակի հայտարարություններով խրախուսեն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումները, Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, որը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի գործողությունների պատշաճ և միանշանակ քաղաքական գնահատականը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի միջազգայնորեն հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված հստակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը թույլ կտան պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»։

Քվինը այս անգամ Ադրբեջանի անունը չտվեց

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։

Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։

Հարց․ Հանրային հեռուստաընկերությանը տված Ձեր հարցազրույցի հետ կապված տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված։ Կարո՞ղ եք հստակեցնել Ձեր դիրքորոշումը։

Պատասխան․ Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն  ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը։

Միքայել Արզումանյանի հայտարարությունը

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ArmLur.am-ի միջոցով հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից իմ վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը, ուստի կարճ ցանկանում եմ անդրադառնալ դրանց։

Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։

Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։

Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։

Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։

Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա։

Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զնեքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ հանդիսանում։

Ուստի բացարձակ պատահական չեմ համարում նաև, որ ես եմ ընտրվել որպես թիրախ։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե իբրև 2020 թվականի սեպտեմբերի 29-ին յուրային ուժերը ազատագրել են Արեգասարի բարձունքը, սակայն հանկարծ ես եմ հայտնվել այնտեղ և հրաման տվել, որպեսզի յուրային ուժերը թողնեն գրավված բարձունքը և հետ նահանջեն, ապա նախ՝ ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը։

Բացի այդ էլ, եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հետևյալ տրամաբանական հարցերն են ծագում․

-եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից և եթե սեպտեմբերի 29-ին ես հրամայել եմ հանձնել այդ գրավված բարձունքը, ապա ինչու՞ դեռևս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվել․

– եթե ես նման հանցավոր արարք եմ կատարել, ապա դրանից 1 ամիս անց ինչու՞ եմ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նշանակվել պաշտպանության բանակի հրամանատար,

– Արեգասարի բարունքը հանձնելու հրաման տված անձն ինչպե՞ս կարող էր նման վստահություն վայելել զինված ուժերի հրամանատարության և գերագույն գլխավոր հրամանատարի մոտ։

Որպեսզի հանկարծ ավելնորդ մեկնաբանություններ չլինեն, թե իբև այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը և գերագույն գլխավոր հրամանատարն այն ժամանակ չեն իմացել, ցանկանում եմ նշել, որ զինվորական գործի հետ փոքր-ինչ առնչություն ունեցող ցանկացած անձ կհաստատի, որ չի կարող նման կարևորության բարձունքը հակագրոհով գրավելու օպերացիա մշակվի, գրավվի այն և այդ մասին զինված ուժերի հրամանատարությունը չիմանա։

Նույն կերպ հնարավոր չէ, որ զինված ուժերի հրամանատարությունը չիմանա, թե ինչպես գրավված բարձունքը նորից անցավ թնամուն։

Ամեն քայլը սահմանված կարգով զեկուցվում է ըստ ենթակայության։

Իսկ մեկ ամիսը շատ լուրջ ժամկետ է, որ զինված ուժերի հրամանատարությունը և ազգային անվտանգության ծառայությունը չիմանային դրա մասին, իսկ իմանալով հանդերձ էլ ես նշանակվեի ՊԲ հրամանատար։

Ինչ վերաբերում է մեղադրանքների հիմնավորվածությանը, ապա ակնհայտ է, որ դրանք հաստատող ապացույցներ առկա չեն և չեն կարող լինել։

Հենց դրա համար էլ դատարանին միջնորդել ենք հչապարակային, դռնբաց դատաքննություն իրականացնել, որպեսզի հասարակությունը հստակ պատկերացնի, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու են ինձ նման շինծու մեղադրանքներ առաջադրվել։

Իսկ այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում մի քանի օր շարունակ հրապարակային ներկայացվեցին պատերազմի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, առավել ևս անհասկանալի է մնում, թե ինչու է իմ վերաբերյալ քրեական գործը քննվում փակ դռների հետևում։

Հավանաբար, որպեսզի այդ դռներից դուրս շահագռգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները։

Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել Հայրենիքիս համար, ինչպես նաև ժամանակը ցույց կտա, որ առկա իրավիճակում ևս առավելագույնն եմ կատարել Հայրենիքս պաշտպանելու համար»։

Զախարովան թվարկել է Ֆրանսիայի արածն Արցախի համար և նախատել Մակրոնին՝ Ալիևին մեղադրելու համար

Մեզ զարմացնելու քիչ բան կա, բայց երբեմն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջողության է հասնում, ինչպես եղավ հունիսի 28-ին Մարսելում, որտեղ նա հայտարարեց, որ «ավելի շատ ճնշում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևի, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի վրա, և որ նա է միակը, ով հստակ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում եւ գրեթե միայնակ է այս թեման պահում է համաշխարհային հանրության օրակարգում»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե նա խոստացել է ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ նման հայտարարություններից հետո զգացվում է, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա առնականությանը։ Իհարկե, մենք երբեք չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի այս բնութագրերից, թե ինչ պաթոսով է նա խոսում իր անձնական դերի, արցախյան կարգավորման գործում ունեցած վաստակի, ինչպես նաև այլ հարցերի մասին։ Ափսոս, որ նա չխոսեց նման բեղմնավոր աշխատանքի գործնական արդյունքների մասին։ Գործընթացը կա, բայց արդյունքը՝ ոչ։ Եվ գուցե նա չասաց, քանի որ ոչ ոք երբեք չի տեսել այս արդյունքները։ Եվ, ի դեպ, այս արդյունքները ոչ ոք երբեք չի տեսել ոչ միայն ԼՂ կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդության, այլեւ բազմաթիվ այլ գործերում, որոնք բազմիցս ստանձնել է նախագահ Մակրոնը։ Մենք վաղուց պատրանքներ չունենք այն մասին, որ Ֆրանսիան կարող է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծմանը․ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը սաբոտաժ և իրականում փլուզում, այդ թվում՝ Փարիզի ջանքերով, 2022թ. աշնանը Արանսիայի Ազգային ժողովի և Սենատի բանաձևրը, որոնք դատապարտում էին, ինչպես գրել էին, Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ պահանջում հենց այդ երկրի և նրա պաշտոնյաների դեմ։ Փարիզը նախաձեռնում էր նաեւ Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայել կասկածելի մանդատով՝ առանց հաշվի առնելով Ադրբեջանի կարծիքը։ Սրանք բոլորը ֆրանսիական օրակարգի վառ օրինակներն են այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է գիտելիք և պրոֆեսիոնալիզմ գործողություններում: Կարող եմ փաստել, որ այս բոլոր գործողությունները, ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանի Դաշնությանը կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, երբեմն էլ պարզապես նախընտրական նպատակների իրականացմանը։ Դրանք ոչ միայն դրական ազդեցություն չթողեցին բանակցային գործընթացի վրա, այլ ընդհակառակը, ամբողջությամբ վարկաբեկեցին Ֆրանսիայի միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Բայց, տեսեք, դեռ ոչ ոք չի չեղարկել ինքնագովազդը, ամեն մեկն այս առումով իր ընտրությունն է անում։ Թերևս դա նրանց միակ բանն է, որ մնացել է»,- ասել է Զախարովան։

news.am

Փաշինյանը չի հրաժարվում քաղաքական գործընթացների հիմքը քանդող հայտարարություններից

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ալիևի հետ Բրյուսելում մոտալուտ հանդիպման մասին՝ խոստովանելով, որ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ չէ, ԱՄՆ-ում աննշան առաջընթաց է գրանցվել, Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկները՝ բացել հաղորդակցությունները, այդ թվում՝ Բերձորի միջանցքը, շարունակելով Արցախի ցեղասպան շրջափակումը։

Միաժամանակ Փաշինյանը չհրաժարվեց «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին» իր հայտարարությունից, որը հիմք դարձավ միջազգային հանրության առաջնորդների դիրքորոշման փոփոխության համար, որոնց աջակցության վրա հայկական կողմը հուսալու հիմքեր ունի։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, մասնավորապես, ասել է, որ ինքը Հայաստանի համար ավելին է անում, քան Փաշինյանը, և «խնդիրը Փաշինյանի մեջ է»։ Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Բորելը, Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը նույնպես պատասխան էր հայ հաղորդավարի հարցին՝ վկայակոչելով Փաշինյանի հայտարարությանը.

Պաշտոնական Երեւանը չի հերքել Մակրոնի խոսքերը. «Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի դեմ, որը հասցեական գնահատականներ և տագնապալի ազդակներ են հնչում Բաքվի կողմից արցախահայության դեմ անօրինական քայլերի մասին»,- հայտարարեց Փաշինյանն այսօր՝ առանց ասելու, որ Մակրոնը սխալվել էր։ Նա նաեւ չի նշել, որ Ֆրանսիայի վրա Ալիեւի հարձակումները պայմանավորված են հենց իր հայտարարություններով։

«Ֆրանսիան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպանի կեղծ դիրքավորվելով, շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Ալիևը Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը, որտեղ նույնպես հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունը։

«Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը կոչված է կանխելու այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում զարգացած հումանիտար ճգնաժամի հնարավոր նպատակային գնահատականները։ Հայաստանն իր հերթին, ծնորհակալ լինելով Ֆրանսիային, պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հանդես գան Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ համապատասխան գնահատականով»,- ընդգծել է Փաշինյանը։ Նա մատնանշեց բացառապես հումանիտար ասպեկտները՝ չանդրադառնալով Ֆրանսիայի քաղաքական հայտարարություններին։

Փաշինյանը չասաց, թե ինչու Հայաստանը չի արձագանքում Արցախը ճանաչելու անհրաժեշտության, 1994 թվականի սահմաններին վերադարձի և բանակցությունների միջազգային ձևաչափի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձևերին։

Ցանկալի կլիներ, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները զերծ մնան հայտարարություններից, որոնք խանգարում են մեր ընդհանուր գործին և Արցախի շահերին և կասկածի տակ են դնում ինքնորոշման իրավունքը։ Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով իշխանությունների կողմից ՀՀ որոշ պաշտոնյաների և պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարությունների մասին հարցին։ Օմբուդսմենի խոսքերով, այդ հայտարարություններն այնուհետեւ մեջբերում են միջազգային գործընկերները։

«ՀՀ-ում հասարակությունը և պաշտոնյաները պետք է շատ հստակ հասկանան, թե ինչ է կատարվում, սպառնալիքի լրջությունը, որովհետև կարծես թե այն ամբողջությամբ չի ընկալվում»,- ասաց Ստեփանյանը։

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը հրաժարվել է քաղաքական ու դիվանագիտական ճանապահով հարցը լուծելուց․ Ներսիսյան

Ադրբեջանի ահավոր հանցագործությունների առջեւ աչք փակելով՝ միջազգային հանրությունը դառնում է նրա հանցակիցը։ Այս մասին հայտարարել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ։

Պետնախարարը ներկայացրել է իրավիճակը, որն ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր, ադբեջանական կողմի կեղծ բնապահպանական ակցիան, Արցախի գազի եւ էլեկտրամատակարարման դադարեցումը, ինչի իրական նպատակը շրջափակման իրականացումն է եւ կապի դադարեցումը Հայաստանի հետ։ Արցախյան կողմը հայտարարել է Կաշենի հանքավայրի աշխատանքի դադարեցման մասին եւ պատրաստ է հրավիրել միջազգային փորձագետների։ Այն ժամանակ Ադրբեջանը հայտարարել էր իբր զենքի  տեղափոխման մասին եւ պահանջել էր սքաներ տեղադրել։ Ներսիսյանի խոս      քով՝ չնայած Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է իրականացնեն խաղաղապահները, Ադրբեջանը հայտարարել է անցակետի անհրաժեշտության մասին, սկսվել են քաղաքացիական անձանց ստուգումները։

«Եվ այնուամենայնիվ, Արցախի ժողովուրդը չկոտրվեց եւ սպասում էր, թե երբ միջազգային հանրությունը կբացի աչքերը։ Հասկանալով, որ ժամանակն անցնում է, Ադրբեջանը զիջումներ պահանջեց, սկսեց հայտարարել ինտեգրման մասին, հրավիրել Բաքու՝ բանակցությունների։ Այս ամենն ուղեկցվում էր խաղաղ բնակիչներին կրակելով, ոստիկանների սպանություններով եւ սպանությունների փորձերով։ Հունիսի 15-ից Բաքվից հումանիտար փոխադրումների կազմակերպման կարգախոսի տակ դադարեցվել են ԿԽՄԿ եւ ռուսական խաղաղապահ զորակազմի փոխադրումները, ավելի ուշ հաջողվեց վերականգնել դրանք։ Եվ դրանից հետո ինչ-որ մեկին թվում է, թե կարող են անվտանգության երաշխիքնե՞ր լինել։ Ադրբեջանի ահավոր հանցագործությունների առջեւ աչք փակելով՝ միջազգային հանրությունը նրա հանցակիցն է դառնում։ Այն անգամ չի հետեւել Միջազգային քրեական դատարանի որոշման կատարմանը։ Մեզանից ավելի շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում։ Բայց պետք է հասկանալ, որ անհնար է խաղաղության հասնել Արցախի ժողովրդի ցեղասպանության ճանապարհով»,- ընդգծել է պետնախարարը։

Ներսիսյանը թվարկել է այն հսկայական դժվարությունները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը՝ ընդգծելով, որ դա Արցախի ժողովրդի իրավունքների խախտում չէ, այլ ոչնչացում։

Դեկտեմբերի 12-ից սկսած Ադրբեջանը բացահայտորեն հրաժարվել է քաղաքական ու դիվանագիտական ճանապահով հարցը լուծելու տարբերակից, ասել է Ներսիսյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե եթե չենք շփվում, դրա այլընտրանքը, ելքը ո՞րն է, Գուրգեն Ներսիսյանն արձագանքեց. «Մենք պատրաստակամ ենք շփման եւ չենք կարծում, որ այլընտրանքը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ պահելը, սովի մատնելն է Ադրբեջանի տեսանկյունից: Մեր խնդիրը պետք է լինի այնպես անել, որ բոլոր միջնորդները ուղիղ նայեն ձեւավորված պրոբլեմներին, այն գործողություններին գնահատական տալ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը»: