Մտքովս չէր անցնում, որ կարդարացնեն: Այս մասին ապրիլի 11-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը:
«Այն, ինչը ես արել եմ, չեմ փոշմանում: Դա բողոքի ակցիա է եղել իմ կողմից: Մայրիկիս ծնունդն է եղել, ես հեռաստացույցով տեսա, որ ինքը հեծանիվից իջնում է, գնում է խաշլամա է ուտում: Դուրս եկա բալկոն, տեսա՝ կանգնած է, ջղայնացա։ Ճիշտն ասած, կարտոշկա էի ուզել գցել, չճարեցի, խնձորը մոտիկ էր, խնձորը վերցրեցի»,-ասաց նա:
Հարցին՝ ինչ կասեր Նիկոլ Փաշինյանին, եթե տեսներ նրան, Առստամյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մարդու հետևից խոսեմ, եթե ինքը զրույց ունի անելու, ես իր հետ մի երկու բառ զրույց ունեմ, սիրով կանեմ:
Կասեի՝ հրաժարական տուր, գնա, ժողովուրդը մեղք է, էս ինչ օր ես գցել, արցախցիներին էս ինչ օրն ես գցել: Ինչի՞ համար եմ ես այդ խնձորը գցել, ինքն է այս օրը գցել մեզ: Դրա համար էլ ես իրեն չեմ հարգում, իրենց ՔՊ-ի խումբը չեմ հարգում»:
Արցախցի տղամարդը նշեց, որ 8 հոգով վարձով ապրում են երեք սենյականոց բնակարանում: Մեծ աղջիկս է աշխատում, օգնություններ են ստանում»: