ԵՄ աջակցությամբ ստեղծվել են արցախցիների կարիքները հասցեագրելու 4 համայնքային խորհուրդներ

  • 19:19 12.09.2025

Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքները հասցեագրելու և նրանց աջակցելու համար Հայաստանի տարածքում կգործեն 4 համայնքային խորհուրդներ։ Համայնքային խորհուրդներն ստեղծվում են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից, որը սեպտեմբերի սկզբին մեկնարկել է փախստականների համայնքային խորհուրդների ձևավորման գործընթացը։

Չորս համայնքային խորհուրդները կգործեն Երևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Դիլիջանում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար լայն աշխարհագրական ծածկույթ:

Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Տաթևիկ Խուդինյանը հանդիպել է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և քննարկել խորհուրդների  ձևավորման  հետագա քայլերը։

Համայնքային խորհուրդների հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ապահովել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և ռեսուրսներով՝ իրենց առջև ծառացած մարտահրավերներն ինքնուրույն հասցեագրելու, իրենց շահերն արդյունավետորեն ներկայացնելու և իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալու համար։

Համայնքային խորհուրդները կգործարկվեն հետևալ կառույցների կողմից․ Երևանում՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Գյումրիում՝ «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն» ՀԿ, Եղեգնաձորում՝ «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ և Դիլիջանում՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։

Համայնքային խորհուրդները կազմակերպելու են ամսական հանդիպումներ, որոնց ընթացքում ընտրված անդամները կքննարկեն փախստականների խնդիրներն ու կարիքները, կներկայացնեն խնդիրների լուծման տարբերակներ։ Անդամակցությունը ՀԽ-ներին կամավոր հիմունքներով է, ինչը տեղական ժողովրդավարությունը խթանելու և փախստականների ձայները լսելու դարձնելու արդյունավետ եղանակ է:

«Տեղահանվածների ներգրավվածությունը իրենց վերաբերող խնդիրների հասցեագրման հարցում խիստ կարևոր է, և այս առումով միջազգային աջակցությամբ համայնքային խորհուրդների ձևավորումը անհրաժեշտ և ողջունելի քայլ է, այն իրական հնարավորություն է տեղահանվածների համար քննարկելու տարաբնույթ հարցեր և առաջարկներ ներկայացնելու որոշում կայացնող անձանց և կառույցներին», – նշել է Արտակ Բեգլարյանը՝ «Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության միություն» կազմակերպության նախագահը։

Յուրաքանչյուր խորհուրդ ունի նաև ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն, որը նախատեսված է տարբեր նախաձեռնություններ իրականացնելու և համայնքային խնդիրները հասցեագրելու համար։ Խորհուրդները գործելու են երկու տարի ժամկետով, անդամակցությունը կամավոր է և նախատեսված է մեկ տարվա համար, իսկ գործունեությունը պետք է իրականացվի քաղաքականապես չեզոք սկզբունքով։

Ծրագիրը հոգում է նաև ճանապարհածախսի փոխհատուցումը, ինչի շնորհիվ հնարավոր է մասնակցել հանդիպումներին նաև այն դեպքում, երբ մասնակիցները բնակվում են նշված համայնքներից դուրս։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։