Օրերս կայացավ «Փողոցներ, որոնք խոսում են» ալբոմի շնորհանդեսը։
Մարտունեցի երկու երիտասարդ՝ Վաչագանն ու Անին, 2023 թ․ սեպտեմբերի 24-ին, երբ բոլորը զբաղված էին առաջին անհրաժեշտության իրերը հավաքելով, որոշեցին վավերագրել Մարտունու փողոցները՝ չիմանալով՝ նորից տուն կվերադառնան, թե ոչ։
Ընդամենը մի քանի տոկոս լիցքավորված մարտկոցով ֆոտոխցիկը ձեռքին նրանք հասցրին նկարել քաղաքի մի հատվածը։
«Մտածում էինք լուսանկարել ամբողջ Մարտունին, բայց հասկացանք, որ մեր նկարելը ավելի շատ վախի ու անորոշության զգացողություն է առաջացնում»,— հիշում է Վաչագանը։
Երիտասարդները հնարավորություն ունեցան ալբոմը հրատարակել «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ։ Ալբոմի կազմին պատկերված են հենց նրանք, իսկ հակառակ կողմում՝ Մարտունու այն հատվածը, որը հաջողվեց վավերագրել լուսանկարների միջոցով։
«Այդ հատվածները դեղինով ենք ընդգծել, որ գոնե նկարում լույսերը վառ մնան, մինչև օրը գա ու մենք նորից մեր տան լույսը միացնենք»-ասում է Անին։
Շնորհանդեսին ներկա մարտունեցիները նկարներին նայում էին կարոտով, ցավով ու վերապրող հուշերով․ փորձում էին հասկանալ՝ որ փողոցն է, ում տունն է։
Մարտունու շրջանի մշակույթի բաժնի վարիչ Անի Խաչատրյանը ողջունեց հեղինակների աշխատանքը և կարևորեց նրանց նախաձեռնությունը․ «Այն այսօր նկարի միջոցով մարտունեցիներին տուն է տանում»,— նշեց նա։
Այս ալբոմը պարզապես լուսանկարների շարք չէ․ այն հիշողությունների պահոց է, վկայություն մի քաղաքի, որտեղ այս պահին հնարավոր չէ վերադառնալ, բայց որը շարունակում է ապրել մարդկանց սրտերում։
Վաչագանի և Անիի նկարած փողոցները խոսում են բոլոր մարտունեցիների մասին, ովքեր տունը կորցրել են։
Մարիամ Սարգսյան