Բարսելոնայում քննարկվել է Արցախի էթնիկ զտման երկրորդ տարելիցը

  • 10:13 22.09.2025

Սեպտեմբերի 17-ին Բարսելոնայում, CIEMEN կենտրոնի հրավերով, կայացել է Արցախի էթնիկ զտման երկրորդ տարելիցին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախից բռնի տեղահանված լրագրող Սիրանուշ Սարգսյանը, որը լայնորեն հայտնի է Արցախում շրջափակման, պատերազմի և հայաթափման ժամանակ իր ակտիվ լուսաբանումներով։ Նա հատկապես ճանաչում է ձեռք բերել «X» հարթակում (նախկին Twitter) իր գրառումներով, ինչպես նաև արտասահմանյան լրատվամիջոցներին հասցեագրված հոդվածներով ու մեկնաբանություններով։

Քննարկման ընթացքում Սիրանուշ Սարգսյանը մյուս բանախոսների հետ անդրադարձել է ոչ միայն երկու տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման ողբերգությանը, այլև այն խնդիրներին ու դժվարություններին, որոնց առ այսօր առնչվում են բռնի տեղահանված հայերը։ Նրա խոսքով՝ այդ խնդիրները գրեթե մոռացության են մատնված միջազգային հանրության կողմից և պատշաճ արձագանք ու լուծումներ չեն ստանում նաև Հայաստանի իշխանությունների կողմից։

Բանախոսները կարևորել են նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական ճանապարհով հակամարտություններ լուծելու քաղաքականությունը լուրջ հակազդեցության չի արժանացել ոչ տարածաշրջանային, ոչ էլ միջազգային դերակատարների կողմից։

«Սա ոչ միայն անդառնալի հետևանքներ ունեցավ Արցախի համար, այլ նաև վտանգավոր նախադեպ ստեղծեց, որ աշխարհում այլ հակամարտություններում ռազմական լուծումները կարող են դիտարկվել որպես ընդունելի ու սովորական»,- շեշտվել է միջոցառման ընթացքում։

Այցի շրջանակում Սիրանուշ Սարգսյանը հարցազրույցներ է տվել Կատալոնիայի հանրային ռադիոյին և El Salto պարբերականին։ Հարցազրույցների հղումները հրապարակված են նրա էջում։

Մարիամ Սարգսյան