Լիաննա Պետրոսյան․ նախարարը խոստացել է վերլուծել բնակապահովման ծրագիրը

  • 20:14 26.09.2025
Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի հետ։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման պետական աջակցության, բնակվարձի տրամադրման,
զբաղվածության, կարիքավոր ընտանիքներին տրամադրվող հրատապ աջակցության ծրագրերը։
Հիմքում ունենալով նաև վերջին համայնքային հանդիպումները և քննարկումները՝ իմ կողմից նախարարին ներկայացվել է բնակապահովման ծրագրի շրջանակում առաջարկվող լուծման նոր տարբերակ, որի իրականացումն առավելապես նպաստելու է տրամադրվող հավաստագրի շրջանակում մատչելի բնակարան ձեռք բերելու խնդրի լուծմանը, այդ թվում՝ փոքր կազմով ընտանիքների համար։
Խոսվել է նաև արցախցիների՝ ծանր ֆինանսական վիճակի, աշխատաշուկայում մրցունակ չլինելու խնդիրների մասին։
Նախարարն իր խոսքում նշել է, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա առաջիկայում կիրականացվի գործող ծրագրերի խորը վերլուծություն, որից հետո հնարավոր է տեղի ունենան փոփոխություններ և լավարկումներ, ինչի հաջողման դեպքում կմեղմացվի տեղահանված անձանց սոցիալական ծանր վիճակը։
Նախարարի հավաստմամբ՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում լիարժեք ուշադրության կենտրոնում է պահելու տեղահանված մեր հայրենակիցների առօրեական խնդիրները՝ որպես վերջնանպատակ դիտարկելով արցախցիների մշտական բնակության հաստատումը Մայր Հայաստանում։