«Նրանք ասում են՝ պիտի հեռանաք»․ շվեյցարահայ ռեժիսորի ֆիլմը

  • 22:19 27.09.2025
«Նրանք ասում են՝ պիտի հեռանաք»
Շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմաննի և Point de vue արտադրության՝ 120 000 մարդու հայրենազրկման մասին 120 կանանց կենդանի պատմություններով վավերագրական ինստալիացիայի խորագիրն է։
Հիշողության մրուրի մեջ կորստի ցավն է, անձնական վկայությունները, քրիստոնեական կղզյակի արժեքի ու նավթի գնի հակադրումը, Արցախում ապրված կյանքի ու սիրո մասունքային դրվագները հեռախոսի արխիվներից։
Այս երկու տարվա մեջ մեր թեմայով ստեղծագործական բազում մոտեցումներ ու ընթերցումներ են եղել, սակայն ապրումակցման Վարսի Բուխմաննի արվեստի լեզուն ինձ համար անօրինակ է, համենայնդեպս՝ առ այս պահը։
«Ես անդիմադրելի կարիք եմ զգում պատմել այս լռեցրած պատմությունը, լսելի դարձնել տեղահանված մարդկանց ձայնը»- ասում է շվեյցարահայ ռեժիսորը։ Եվ դա նա արել է ինքնատիպ լեզվով ու ոճով, որի համար մեր պարզ մարդկային շնորհակալությունը։
Ինչպես ասում են, պարտադիր նայելու շարքից։ Հասցրեք առաջիկա 2 օրը՝ սեպտեմբերի 27-ին և 28-ին, ժամը 14:00-ից մինչև 20:00 այցելել Latitude Art Space (հասցե՝ Աշտարակի խճուղի 7) դիտելու աուդիովիզուալ ցուցադրությունը։ Մուտքն ազատ է։