Step1.am-ի զրուցակիցն է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
–Դուք օրերս հանդիպել եք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ, արցախցիներին վերաբերող ի՞նչ հիմնական խնդիրներ եք բարձրաձայնել։
– Ամենաառաջնայինը բնակապահովման ծրագրի խնդիրն է։ Քանի որ այն երկարաժամկետ լուծում է ենթադրում, առաջնահերթ այդ ծրագրի հետ կապված խնդիրներն ենք քննարկել, թե ինչ պատճառներ կան, որ ծրագիրը լիարժեք չի իրականացվում։ Այդքան փոփոխություններ եղան, բայց այնուամենայնիվ իրացվող սերտիֆիակտների քանակը քիչ է։ Հիմնական շեշտը հենց բնակապահովման ծրագրի փոփոխություններին էր վերաբերում։ Մենք առաջարկություն ենք ներկայացրել։ Իհարկե, առաջնահերթ ունենք փոքր կազմով ընտանիքների՝ այս ծրագրից օգտվելու խնդիր, բայց մեր այդ առաջարկը վերաբերում է ոչ միայն փոքր կազմով ընտանիքներին, այլ բոլոր այն ընտանիքներին, որոնք կցանկանան օգտվել ծրագրից։ Մեր առաջարկությունները եթնադրում են մատչելի տարբերակ ծրագրից օգտվելու համար։ Այդ առաջարկություններն առաջիկայում մանրամասն կքննարկվեն, արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Այս պահին բնակավարձերի հետ կապված խնդիր ունենք, հենց մեր հանդիպման օրն էլ բռնի տեղահանված արցախցիների խոցելի խմբերից ահազանգեր ունեինք, որ արդեն երկու ամիս է՝ բնակվարձը չի տրամադրվում, հիմնականում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։ Բայց այդ գումարները պետք է տրամադրվեին ՄԱԿ-ի Փախստականների գծով հանձնակատարի կողմից, եւ այսօր արդեն հայտարարվեց, որ վճարումները սկսվել են։ Այսօրվանից մեկնարկել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից 2025 թվականի հուլիս ամսվա բնակվարձի չվճարված գումարների վճարման գործընթացը, օգոստոս ամսվա վճարումները կլինեն մյուս շաբաթ։ Այսինքն՝ կարեւոր հարցերից մեկը այս պահին հենց դա է, որ ծրագիրը գործում էր, բայց խոցելի խմբերը չէին ստանում աջակցությունը։
Խոսվել է նաեւ զբաղվածության ծրագրի մասին։ Արցախցիների համար գործում է զբաղվածության ծրագիր, եւ այդ ծրագիրն ունի որոշակի սահմանափակումներ, այսինքն՝ 2020 թվականին տեղահանվածները չեն կարողանում այդ ծրագրից օգտվել։ Խոսվել է այն մասին, որպեսզի այդ ծրագիրն ավելի հասանելի ու կիրարկելի լինի տեղահանվածների համար, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ օգտվեն, եւ պետական աջակցությամբ զբաղվածության հարցն ավելի հեշտ լուծվի։
-Կառավարությունն օրերս հաստատեց 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է, որ արցախցիների համար աջակցության ծրագրերը շարունակվելու են․ ընդհանուր մոտ 125 մլրդ դրամ է նախատեսվում հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը։ Դուք ի՞նչ տեղեկություն ունեք, աջակցությունը ի՞նչ չափով է շարունակվելու։
-Այս պահին մանրամասները չկան, բայց ընդհանուր առմամբ աջակցությունը շարունակվելու է։ Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեսանք, որ, օրինակ, 55 մլրդ դրամ է ուղղվում բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության ծրագրին։ Այսինքն՝ կառավարության համար տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծումն առաջնային է այս պահին։
– Դուք արդարացիորեն ասում եք, որ բնակապահովման ծրագրով իրացվող սերտիֆիակտների քանակը քիչ է, բայց կառավարությունից վերջին շրջանում պարբերաբար ասում են, որ ծրագրին դիմողների թիվն աճել է։ Ի՞նչ է ստացվում։
-Ես ավելի շատ իրացված սերտիֆիկատների մասով եմ միշտ գնահատական տալիս։ Եվ իրացված սերտիֆիկատների թիվը մեծ չէ, այս պահին չեմ կարող կոնկրետ գնահատական տալ, քանի որ 25 հազար շահառու ընտանիք ունենք, բայց նրանցից գոնե 2500-ը սերտիֆիկատները չեն իրացրել։ Մինչեւ առկա խնդիրները չվերացվեն, մինչեւ սերտիֆիկատների իրացվածության տոկոսը չաճի, մենք դրական գնահատական չենք ունենա։
–Իսկ ի՞նչ եք նկատում՝ կառավարության կողմից կա՞ տրամադրվածություն՝ լսելու արցախցիների բարձրաձայնած խնդիրները ու լուծումներ տալու դրանց։
-Այո, հանդիպման ընթացքում այդ տրամադրվածությունն ընդհանուր առմամբ զգացի, բայց ժամանակի ընթացքում ավելի ճիշտ կհասկանանք, թե ինչ ընթացք կստանան այդ քննարկումները։
Ռոզա Հովհաննիսյան