Շատ արցախցիներ, ովքեր արտաքսումից հետո հնարավորություն ունեին օգտվելու անվճար բժշկական ծառայություններից Հայաստանում, նոր անձնագիր ստանալուց հետո բախվեցին տեխնիկական, բայց լուրջ խնդրի։ Խնդիրն այժմ լուծվում է, բայց շատերն արդեն տուժել են։
Արցախցուն նոր անձնագիր տրամադրելուց հետո, նրա կարգավիճակը Armmed համակարգում ավտոմատ կերպով փոխվում է, և նրան այլևս չեն նույնականացվում որպես արտոնություն ունեցող տուժած անձ։ Պոլիկլինիկաները հրաժարվում են տրամադրել անվճար ծառայությունների ուղեգրեր՝ պահանջելով միգրացիոն վարչությունից տեղեկանք, որ նրանք նախկին փախստական են, սակայն միգրացիոն վարչությունները պնդում են, որ իրենք իրավասու չեն տրամադրել նման վկայական։
Առողջապահության նախարարի հրամանով, նոր անձնագիր ստացող արցախցիները կարող են դրանից հետո մեկ տարի օգտվել բժշկական ծառայություններից արտոնյալ հիմունքներով, այսինքն՝ անվճար։ Step1.am-ի հարցմանը ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից նշել են, որ հրամանը մնում է ուժի մեջ, և արցախցիները մեկ տարի իրավունք ունեն օգտվելու անվճար բժշկական օգնությունից։
Պոլիկլինիկայում մեզ տեղեկացրին, որ քանի որ Armmed կայքում տեղեկատվությունը փոխվել է, նրանք հիմքեր չունեն նոր անձնագիր ստացած փախստականին ուղեգիր տալու համար։
Իր հերթին, Միգրացիոն ծառայությունից մեզ հայտնեցին, որ իրենք պատշաճ կերպով փոխանցում են քաղաքացիության վերաբերյալ բոլոր տվյալները Armmed-ին։
Ստացվում է արատավոր շրջան. նախարարի հրամանով Արցախի բնակիչները մեկ տարի անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն, սակայն տեխնիկական անհամապատասխանությունների պատճառով նրանք զրկված են այդ իրավունքից։
Armmed-ից և Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ ներկայումս փորձում են լուծել տեխնիկական խնդիրը։ Անհատական լուծումնարդեն կա, դեռ չգիտենք, կա՞ արդյոք համակարգային լուծումը։