Եթե արցախցիները դիմեն ՄԻԵԴ, ասեն՝ մենք պահանջում ենք ապահովել մեր գույքը տնօրինելու իրավունքը, եւ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, Փաշինյանն ի՞նչ է անելու

  • 17:20 01.10.2025

«Փաշինյանը չէ, որ պետք է որոշի արցախցիների իրավունքները։ Արցախցիներն իրենց իրավունքները չեն արտապատվիրակել Նիկոլ Փաշինյանին։ Եթե արցախցիները դիմեն ՄԻԵԴ, ասեն՝ մենք պահանջում ենք ապահովել մեր վերադարձի իրավունքը, մեր գույքը տնօրինելու իրավունքը, եւ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, Փաշինյանն ի՞նչ է անելու՝ բանտարկելու է, որ մարդիկ չվերադառնա՞ն կամ բանտարկելու է, որ մարդիկ իրենց հարցերը չբարձրացնե՞ն միջազգային ատյաններում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց՝ ինչքան Փաշինյանը զիջումների է գնում,  ադրբեջանցիներն ավելի ագրեսիվ են դառնում։ «Ինքը հրաժարվում է խոսել արցախցիների վերադարձի իրավունքի հարցից, էլ չենք խոսում քաղաքական իրավունքների մասին, բայց մենք չենք տեսնում, որ ադրբեջանցիներն ասեն՝ դե լավ, այդ դեպքում մենք էլ այսպես կոչված «արեւմտյան արդբեջանցիների» այսպես կոչված վերադարձի հարցը չենք բարձրացնելու։ Ադրբեջանցիները պահանջել են ու շարունակում են պահանջել, եւ ես չեմ զարմանա, որ ինչ-որ մի օր դա դառնա հերթական ֆորմալ պահանջը, ճիշտ այնպես, ինչպես ֆորմալ պահանջ է դառնում Սահմանադրության փոփոխությունը»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ արցախցիները պետք է Հայաստանում տնավորվեն, ի՞նչ է անում, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից մազապուրծ արցախցիները Հայաստանում կարողանան բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքով ապրեն։ «Արցախցիները դժգոհում են սոցիալական իրավիճակից,  դժգոհում են իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ, բայց իշխանությունը որեւէ բան չի անում, որովհետեւ ակնհայտ է, որ Փաշինյանը մի քաղաքականություն է իրականացնում՝ թույլ չտալ, որպեսզի արցախցիները կոմպակտ ապրեն Հայաստանում եւ իրենց իրավունքները պաշտպանեն։ Եվ դրա համար որեւէ քաղաքական իրավունքների հետամուտ չի լինում, սոցիալական խնդիրներն էլ չի լուծում»,- ասաց Խաչատրյանը։