ՀՀ Կառավարությունն իր վրա է վերցնում զոհված և անհայտ կորած արցախցիների ընտանիքների հիփոթեքային վարկերի մարումը

  • 12:54 09.10.2025

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում որոշում կայացրեց, որ իր վրա է վերցնում Ղարաբաղից տեղահանված՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների կողմից հիփոթեքային վարկերի մարումը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ տեղահանումից հետո նշված ընտանիքները «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերել անշարժ գույք Հայաստանում և սկսած 2023–ի սեպտեմբերից այդ վարկերի գծով ամսական մարումները չեն իրականացվում, ինչը կարող է հանգեցնել բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքերի բռնագանձման։

Ծրագրով նախատեսվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով Ծրագրի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շահառուներին տրամադրված հիփոթեքային վարկերի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար) իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ վճարման ժամանակացույցերին համապատասխան։

Ընդ որում, որոշման ընդունման պահին ՀՀ քաղաքացիություն չունեցող շահառուների համար հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կմեկնարկի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո՝ հաջորդ ամսվա 20-ից։

«ԱՄԻՕ ԲԱՆԿ»–ի նկատմամբ ընդհանուր վարկային պարտավորության չափը կազմում է 2 մլրդ 748 մլն 446 հազար դրամ, ներառյալ 10 տարիների ընթացքում վճարվող տոկոսագումարները, որից 2025 թվականին մարումներ իրականացնելու նպատակով կպահանջվի շուրջ 121 մլն 444 հազար դրամ՝ սկսած 2025 թվականի սեպտեմբերի 20-ից, որը նախատեսվում է ապահովել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2025 թվականի բյուջեի միջոցների հաշվին՝ ներքին վերաբաշխման միջոցով։