Իսկանդարյան․ ՀՀ կառավարության անդամները չեն պատասխանում իմ զանգերին

  • 15:52 13.10.2025

«Եթե առիթ ունենաք, կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հարցրեք՝ 1, 2 եւ 3 անդամներից բաղկացած ընտանիքները ձեր բնակարանային ծրագրով որտեղի՞ց կարող են տուն ձեռք բերել։ Տեսեք՝ պատասխան ունե՞ն։ Հնարավո՞ր է արդյոք ոչ թե Երեւանում, այլ հարակից քաղաքներում 12, 9 կամ 3 մլն դրամով բնակարան ձեռք բերել, կա՞ այսօր այդպիսի բնակարան, ես համենայնդեպս չեմ հանդիպել։ Ակնհայտ է որ փոքր ընտանիքները չեն կարող օգտվել այս ծրագրից»,- այսօր հրավիրած  ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Նա նշեց, որ ինչ նշանակվել է Արցախի պետնախարար, ՀՀ կառավարության անդամները չեն պատասխանում իր զանգերին, որպեսզի այս հարցերն ինքն ուղղի նրանց։

Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված փոքր կազմով ընտանիքները չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրից, քանի որ այդ գումարով չեն կարող բնակարան գնել։ Կառավարությունում խոստացել են այս ընտանիքների համար այլ լուծում առաջարկել, բայց մինչ օրս որեւէ նոր ծրագիր չի ներկայացվել։

Նժդեհ Իսկանդարյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ արցախցիները չեն ցանկանում սահմանամերձ բնակավայրերում բնակարաններ ձեռք բերել, ինչո՞ւ են ձգտում Երեւանում կամ երեւանամերձ համայնքներում բնակվել։ Նրա խոսքով՝ որքանո՞վ է բարոյական բլոկադա ու պատերազմ տեսած արցախցիներին ասել՝ գնացեք սահմանամերձ գյուղեր։

«Բայց սա մի կողմ դնենք, մենք գիտենք, որ աշխատաշուկան բաշխված է Երեւանում եւ հարակից քաղաքներում։ Այսօր տեսնում ենք, թե սահմանամերձ համայնքներից ինչպիսի արտագաղթ է տեղի ունենում, ի՞նչ եք կարծում՝ երբ արցախցիները տուն են ձեռք բերում սահմանամերձ մի գյուղում, եւ այդ գյուղի բնակիչը արտագաղթում է, որեւէ հավելյալ արժեք մենք ստեղծում ենք, թե՞ ոչ։ Իհարկե, ոչ։ Եթե ռազմավարական տեսանկյունից նայենք, որեւէ հավելյալ արժեք մենք չենք ստեղծում։ Մենք առաջարկել են այլ լուծումներ, որոնք կառավարության անդամները խելացի դեմքերով ընդունել են ու ասել՝ կքննարկենք։ Այս հարցը բազմաթիվ անգամներ քննարկել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, խոստացել են մեզ բարեփոխել, բայց, ինչպես տեսնում ենք, այդ խոստումները մնացել են սեղանին»,- ասաց նա։