
«Արարիչ» հասարակական կազմակերպության նախաձերնությամբ կազմակերպվեց «Նկարիչ, Արցախ նկարիր» խորագրով միջոցառում։
«Տարիներ առաջ Արցախում անցկացված «Նկարիչ, Արցախ նկարիր» նախաձեռնությունը նոր կյանք ստացավ «Արարիչ» հասարակական կազմակերպությունում։
Նախաձեռնության նպատակը մնում է նույնը՝ յուրաքանչյուրի ներսում պահպանված Արցախը պատկերել գույներով, ձևերով ու հույզերով։
Միջոցառմանը միացել են «Արարիչ» ՀԿ-ի երիտասարդներն ու երեխաները՝ «զինված» վրձիններով ու ներկապնակներով:
Յուրաքանչյուր մասնակից իր հոգու Արցախն էր պատկերել՝ եկեղեցիներ ու բերդեր, քաղաքային տեսարաններ, մշակութային օջախներ ու արցախյան բնության անկրկնելի գույներ:
Միջոցառմանը ներկա էին Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ինչպես նաև «Արարիչ» հասարակական կազմակերպության անդամները, կամավորներ, հյուրեր։
Ողջույնի խոսքում շեշտվեց երիտասարդների դաստիարակության, հայրենասիրական մտածողության և ազգային ինքնության պահպանման կարևորությունը։
Թեժ և ջերմ մթնոլորտում հնչեցին հայրենասիրական երգեր, իսկ միջոցառման ավարտին կազմակերպվել էր փոքրիկ հյուրասիրություն։
Երեխաների ստեղծագործությունները ներկայացվել են ցուցադրության ձևաչափով՝ որպես յուրօրինակ պատգամ խաղաղության և վերադարձի հավատին։
«Նկարիչ, Արցախ նկարիր» նախաձեռնությունը ևս մեկ անգամ վկայեց, որ Արցախն ապրում է մեր հիշողության, գույների և ստեղծագործ հոգու մեջ», ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Հիշեցնենք որ «Արարիչ» բարեգործական հիմնադրամը Արցախում իրականացնում էր բազմաթիվ կրթական ծրագրեր երեխաների և երիտասարդների համար։ Հիմնադրամը չի դադարեցրել գործունեությունը անգամ շրջափակման ընթացքում, մինչև արցախցիների հարկադիր տեղահանությունը դեպի Հայաստան։
Հայաստանում՝ «Արարիչը» շարունակում է իր գործունեությունը որպես ՀԿ և նպատակ ունի միավորել երեխաներին, դեռահասներին և երիտասարդներին, ովքեր ձգտում են գիտակցել իրենց ինքնությունը, պատրաստ են ստեղծել նոր իրականություն՝ ավելի գիտակից, ավելի խորը, ավելի համարձակ։
Արսեն Աղաջանյան