ՀՕՄ-ը 115 տարեկան․ դարձյալ երիտասարդ

  • 10:14 20.10.2025

Հոկտեմբերի 19-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՕՄ-ի 115-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին աշխարհի 26 երկրներից ժամանած շուրջ 200 հօմուհիներ, հյուրեր։

Միջոցառումն սկսվեց ՀՀ, Արցախի, ՀՕՄ-ի դրոշների ներս բերմամբ, ապա հնչեցին օրհներգները և կատարվեց միասնական աղոթք։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանի ատենապետ Մարո Քեշիշյանը։ Նա բոլորին շնորհավորեց հիշարժան օրվա առթիվ, մեծ գնահատանքով ներկայացրեց հօմուհիների անխոնջ ու նվիրական աշխատանքը, որի մասին է վկայում 115 տարիների անցած ուղին։

Արցախի Հայոց Թեմի Առաջնորդ Վրթանես Արքեպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց ՆՍՕՏՏ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը, իսկ ՆՍՕՏՏ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը կարդաց Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը։

Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով։ Հանդես եկան <<Հայկազունք>> դհոլահարների համույթը, Շուշիի <<Վարանդա>> երգչախումբը, <<Նովա>> ժողովրդական անսամբլը, Գագիկ Գինոսյանի <<Կարին>> պարախումբը, մենակատար Մավր Մկրտչյանը։

Շնորհավորական ուղերձով ու մաղթանքներով  հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Ներկաները դիտեցին նաև ՀՕՄ-ի անցած պատմության մասին տեսաֆիլմը։

Հուզիչ ու ոգևորիչ էր ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Արուսյակ Մելքոնյանի խոսքը։ Նա, կարևորելով ու գնահատելով ՀՕՄ-ի անցած ճանապարհն ու հօմուհիների գործունեությունը, համոզմունք հայտնեց, որ ՀՕՄ-ը կշարունակի լինել ժողովրդի հետ ու կգործի ժողովրդի համար՝ հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ <<Միշտ լինել այնտեղ, որտեղ օգնության կարիք կա>>։

Միջոցառման վերջում կատարվեց պարգևատրման արարողություն։

Նշենք, որ ՀՕՄ-ի 115-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքում տարբեր միջոցառումներ են իրականացվել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ