
2019 թվականի հուլիսի 1-ից Արցախում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգ, ըստ որի գրանցված աշխատող քաղաքացու աշխատավարձի 5-10%-ը (կախված աշխատավարձի չափից) պետության և աշխատողի մասնակցությամբ ուղղվել է կենսաթոշակային ֆոնդ։
2023 թվականի Արցախի հայաթափումից և արցախցիների բռնի տեղահանումից հետո Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված օրենքով <<Կուտակային կենսաթոշակների մասին>> ԼՂՀ օրենքը լրացվել է նոր հոդվածով, որով սահմանվել է անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխատեսելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կենսաթոշակային ֆոնդում բացված հաշվին կամ վերադարձվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով:
2024 թվականի փետրվարի 29-ին ԱՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ նրա բանկային հաշվին փոխանցման կարգը:
ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 13-ին <<Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին>> ՀՀ օրենքում կատարել է լրացում, ըստ որի անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը), որի համար (օգտին) ՀՀ գրանցված ներդրումային ֆոնդում, բացառությամբ ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, կատարվել են կուտակային հատկացումներ, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար: Այս դեպքում տվյալ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարվում են, և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցվում է նրա ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին:
Սույն մասով նախատեսված ժամկետում անձի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար դիմում չներկայացվելու դեպքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սահմանված ժամկետում մարում է անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդի փայերը և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցում է այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին:
Ավելին՝ նշված օրենքում վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը 23.09.2024 թվականին ընդունել է << Կուտակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահամանելու մասին>> թիվ 125-Ն հրամանը, որը ուժի մեջ է մտել 02.10.2024 թվականին: Հրամանով հաստատված հավելվածով սահմանվել են կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը, մասնավորապես հավելվածի 1-ին կետի համաձայն՝ հավելվածով կարգավորվում են վերը նշված օրենքի 8.1-ին հոդվածով նախատեսված՝ կենսաթոշակային խանյողությւնները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու հետ կապված հարաբերությունները:
ՀՀ-ն, առանց Արցախից բռնի տեղահանված անձանց ցանկության, ՀՀ Ազգային ժողովի միջոցով ընդունել է Արցախի տարածքում ձեռք բերված կուտակային համակարգում առկա ֆինանսական միջոցները ՀՀ-ում գործող համակարգեր տեղափոխելու մասին օրենքը։ Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Ազգային ժողովը իրավասու չէր ընդունել նման որոշում այն հիմնավորմամբ, որ արցախցիները հանդիսանում են բռնի տեղահանված, ունեն կամ ունեցել են փախստականի կարգավիճակ և նման իրավիճակում փախստական ճանաչված անձի գույքին կամ եկամուտներին վերաբերվող օրենքները բացառապես պետք է ընդունվեն այդ անձի քաղաքացիության պետության կողմից կամ այդ անձանց վրա պետք է տարածվի իրենց քաղաքացիության պետության օրենսդրությունը:
Արցախցի Ժորա Հայրապետյանը ասում է․ “Որպես 2023 թվականին բռնի տեղահանված և փախստական իմ կուտակային կենսաթոշակային համակարգում եղած միջոցներն ապօրինի տեղափոխվել են ՀՀ կուտակային համակարգ, ինչին ես դեմ եմ։ ՀՀ Ազգային ժողովն ապօրինի ինձ զրկել է իմ աշխատած տարիների ընթացքում ստացած եկամուտները տնօրինելու իմ հնարավորությունից”:
Ժորա Հայրապետյանի շարքին են դասվում հազարավոր արցախցիներ, ովքեր ցանկանում են հետ ստանալ կուտակային ֆոնդում ունեցած իրենց գումարները։ Այս պահին, երբ արցախցիները կանգնած են բազմաթիվ սոցիալական խնդիրների առաջ, նրանց համար մեծ նշանակություն ունեն այդ գումարները, որոնց միջոցով կարող են լուծել ամենաառաջնային հարցերը։
Կարինե Բախշիյան