
ՀՀ կառավարությունը հայտնել է, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը հաջորդ տարի շարունակել եւ այդ նպատակով հատկացնել 55 մլրդ դրամ։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ են ակնկալում արցախցիները հաջորդ տարվա համար, այս աջակցությունը կլուծի՞ արցախցիների հիմնական խնդիրները։
«Այո, կառավարությունն այսպիսի ամպագոռգոռ հայտարարություններ է անում, բայց սա ավելի շատ նախընտրական քայլ է։ Ես սա անվանում են օրինական կաշառք, որովհետեւ ո՞նց է, որ մինչեւ հիմա արցախցիների համար բոլոր ծրագրերը փակվում էին, մեզ ուղարկում էին աշխատելու, ասում էին՝ գնացեք աշխատեք, ձրիակերներ, մեկ էլ հոպ, 55 մլրդ դրամ որտեղի՞ց են գտնում ու ուղղում արցախցիներին»,- ասաց Սայիդա Պողոսյանը։
Նա նշում է, որ ընտրություններից հետո արցախցին այլեւս անհրաժեշտ չի լինի ՀՀ իշխանություններին, եթե այս իշխանությունները վերարատադրվեն։ «Բայց մենք պետք է միշտ հիշենք, որ արցախցին պետք է լինի գործոն, ոչ թե գործիք։ Եթե այս տեմպերով շարունակվի, դեռ բոլորը կփորձեն արցախցիներին որպես գործիք օգտագործել։ Ընտրություններին ընդառաջ քաղաքացիություն ստանալու գործընթացն են նաեւ արագացրել։ Այնպես որ, մենք պետք է աչալուրջ լինենք։ Իհարկե, մենք ՀՀ լիիրավ քաղաքացի ենք՝ 070 կոդով անձնագրով եւ մտահոգ ենք ՀՀ անվտանգության ու տարածքային ամբողջականության համար»,- հավելեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ խնդիրների են այսօր ամենաշատը բախվում արցախցիները եւ որ հարցերով են դիմում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին՝ Սայիդա Պողոսյանն ասաց․ «Ամենաշատը դեռ իրավական դաշտի կարգավորման խնդիրներն են անհանգստացնում մարդկանց։ Օրինակ՝ շատ արցախցիներ դեռ զանգահարում են մեզ ծննդականի, մահվան վկայականների եւ այլ փաստաթղթերի վերականգնման հարցով։ Փորձ են անում արագացված ձեւով այդ հարցերը լուծել, բայց հերթերը շարունակվում են, մարդիկ ավելի շատ անտեղյակության խնդիր ունեն։ Ամեն համայնքում գոնե մի ակտիվ կառույց պետք է լինի, որ փորձի ուղղորդել մարդկանց ու բացատրել, որովհետեւ բավականին տարիքով մարդիկ ունենք, ովքեր տեղաշարժվելու խնդիր ունեն։ Այսինքն՝ այսօր խնդիրներն ավելի շատ իրավական դաշտում են»։
Ըստ Սայիդա Պողոսյանի՝ բոլոր արցախցները չէ, որ կարողանում են օգտվել ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից։ Անշարժ գույքի գներն արհեստականորեն աճել են, 1-3 հոգանոց ընտանիքները չեն կարողանում հավաստագրի շրջանակներում բնակարան ձեռք բերել։ «Մյուս խնդիրը, որը շարունակում է արդիական մնալ, արցախցիների զբաղվածության հարցն է։ Մարդիկ, աշխատանք չգտնելով, փորձում են արտագաղթել, բայց մեզ համար գերխնդիր է, որ արցախցին մնա Հայաստանում։ Քանի արցախցին Հայաստանում է, Արցախի հարցը փակված չէ»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե արցախցիների վերադարձի համար հնարավորություն չեն տեսնում, Սայիդա Պողոսյանն ասաց․ «Արցախ վերադարձի հարցը երբեք փակված չի լինելու։ Այնպես չէ, որ արցախցին վարդագույն ակնոցներով է նայում իրավիճակին, որ պետք է գնա ու արդբեջանցիների հետ ապրի Արցախում։ Այս ամենի լուծումներից ռազմական ճանապարհն է ու ժամանակը։ Երբ ավելի բարենպաստ ժամանակը կգա, երբ բանակը կվերականգնվի, երբ զինվորի թիկունքը նորից պատերազմի դաշտում պաշտպանված կլինի, այդ դեպքում Արցախ վերադարձի հարցը էլի կլինի օրակարգում։ Բայց այնպես չէ, որ այսօր մեր օրակարգում չկա այդ հարցը, ուղղակի ժամանակավոր դադար է վերցված, մինչեւ կհասնենք մի իրավիճակի, երբ կկարողանանք պայքարել թշնամու դեմ։ Նախ ներքին թշնամու դեմ պայքարենք, հետո՝ արտաքին»։
Ռոզա Հովհաննիսյան