
Հավատքը մեծ ուժ է, որը միավորում է Աստծոն հավատարիմ բոլոր մարդկանց, օգնելով նրանց հասնել կարևորագույն նպատակներին: Հավատքն օգնում է մարդուն հասկանալ, թե ինչ է բարությունը և չարը: Դա չափազանց կարևոր է, հատկապես մեր օրերում, երբ անգամ եկեղեցին է ամեն օր ենթարկվում հարձակումների ու քաղաքական հետապնդումների:
2022 թվականի հունվարին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի երիտասարդաց միությունը:
Արցախի թեմի երիտասարդաց միության անդամ Անուշ Ավանեսյանը Step1.am հետ հարցազրյուցում խոսել է միության պատմության և գործունեության մասին:
“2022 թվականի սկզբին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից ստեղծվել է երիտասարդաց միություն, որի հիմնական նպատակն էր՝ միավորել Աստծոն հավատարիմ բոլոր երիտասարդներին ոչ միայն եկեղեցում, այլ նաև եկեղեցուց դուրս, որպեսզի նրանք հոգևոր դասի ներկայացուցիչների հետ համատեղ մարդկանց մեջ ամրապնդեն հոգևոր, քրիստոնեական արժեքներն ու մշակույթը:
Միության գոծունեությունը սկսվեց ուսանողների հետ հանդիպումներից: Հոգևորականներ Վաչագան քահանա Գյուրջյանը և միության այդ ժամանակվա ատենապետ Հարութ Բաբալյանը այցելում էին Արցախում գործող համալսարաններ և հանդիպումներ ունենում ուսանողների հետ։ Այսպես մենք փորձում էինք իրազեկել բոլորին Արցախի թեմի երիտասարդաց միության ստեղծման մասին:
Աստիճանաբար Միության անդամների թիվը հասավ 30-ի:
Արցախում միությունը ծավալում էր ակտիվ գործունեություն: Պարբերաբար կազմակեպվում էին հանդիպումներ հոգևորականների հետ, քննարկումներ հոգևոր թեմաներով, երգեցողության դասընթացներ և այլն:
Երիտասարդաց միության անդամները մասնակցում էին եկեղեցու ժամերգություններին, պատարագներին, տոնական հոգևոր և մշակութային միջոցառումներին, Արցախի թեմում գործող կիրակնորյա դպրոցների դասերին և այլն:
Միության նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվում էին եկեցիների և նրանց շրջակա տարածքների սանմաքրման աշխատանքներ, հոգևոր ֆիլմերի դիտումներ և այլ մշակութային միջոցառումներ:
Արցախից բռնի տեղահանվելուց հետո երիտասարդաց միության անդամները բոլոր արցախցիների պես սփռվեցին Հայաստանով և աշխարհով մեկ: Այժմ միության անդամների թիվը զգալիորեն կրճատվել է: Ունենք մոտ 15 անդամ և ցավոք չենք կարողանում պահպանել նախկին ակտիվությունը:
Արցախի թեմի գրասենյակը գտնվում է Երևանում, իսկ երիտասարդաց միության անդամներից շատերն հաստատվել են մարզերում, ուստի չեն կարողանում մասնակցել կազմակերպվող միջոցառումներին:
Միջոցառումների ցանկը նույնպես կրճատվել է։ Այժմ միությունը փոքր կազմով ու ցավոք ոչ նույն պարբերականությամբ շարունակում է հոգևորակաների հետ հանդիպումներն ու քնարկումները և ֆիլմերի դիտումները, ինչպես նաև ամեն շաբաթ Հովհաննես սարկավագ Ավետիսյանի հետ կազմակեպվում է Աստվածաշնչի սերտողության դասընթաց:
Դեռևս Արցախում մենք ստեղծել ենք տելեգրամյան հարթակ, որի միջոցով միությունը այսօր պահպանում է կապը բոլոր անդամների հետ․ այստեղ ևս կազմակեպվում են օնլայն հանդիպումներ տարբեր հոգևորականների հետ, տեղադրվում են հոգևոր թեմաներով հետաքրքիր նյութեր և այլն:
Ի դեպ, այս հարթակին միացել են ոչ միայն Արցախի թեմի երիտասարդաց միության, այլև Հայ առաքելական եկեղեցու այլ թեմերում գործող համապատասխան միությունների անդամներ”:
Արսեն Աղաջանյան