
«Դիալոգ» ՀԿ-ի աջակցությամբ, «Քիրս» մշակութային և կրթական հիմնադրամը (ՔիրսՊրոջեկտ) իրականացնում է մի նախաձեռնություն, որն ուղղված է արցախցիների միավորմանը և արցախյան մշակույթի ու ինքնության պահպանմանը։
Առաջիկա միջոցառումների մասին հայտարարությունները հրապարակվում են «Քիրս» հիմնադրամի սոցիալական ցանցերի էջում։ Հանդիպումները տեղի են ունենում Երևանի «Դիալոգ» մշակութային կենտրոնում։ Մասնակցությունն անվճար է։
Հիմնադրամի ստեղծոներից մեկը՝ Զոյա Սարգսյանն, բացատրեց, որ այն հիմնադրվել է մեկ ամիս առաջ արցախցի հինգ ընկերների նախաձեռնությամբ.
«Մենք մանրամասն քննարկեցինք, թե ինչ ուղղություն ընտրենք և եկանք այն մտքին, որ մեր արցախցի արհեստավորները կարող են կիսվել իրենց հմտություններով մյուս արցախցիների հետ։ Հայտնվելով Հայաստանում՝ առանց սեփական արհեստանոցների, արհեստավորները հաճախ զրկված են իրենց արվեստը ցուցադրելու և ուրիշներին սովորեցնելու հնարավորությունից։ Մեր նախագիծը դա հնարավոր է դարձնում։
«Դիալոգ» կազմակերպության աջակցությունը մեզ հնարավորություն տվեց մեկնարկելու։ Առաջին փուլում մենք նախատեսել էինք ավելի քան 20 վարպետության դասեր։ Հինգն արդեն տեղի են ունեցել, և առաջին հանդիպումից ի վեր մենք զգացել ենք իսկական արցախյան մթնոլորտ։ Կարծես, մի քանի ժամով թողնում ենք մեր անհանգստություններն ու տագնապները։ Սա ոչ միայն ուսուցում է, այլև հաղորդակցություն, աջակցություն և զրույցներ մեր մայրենի բարբառով։ Սա մի տեսակ արտ-թերապիա է։
Մենք ոգեշնչված ենք այս նախագծից։ Չէ որ ամենակարևորը՝ պահպանել ապրելու ցանկությունը։
Վարպետության դասերին կարող է մասնակցել ցանկացած մեկը, տարիքային սահմանափակում չկա, բայց երիտասարդների շրջանում առավել նկատելի հետաքրքրություն կա։
Մեր նախաձեռնությունը պետք է վերաճի ավելի հավակնոտ մի բանի՝ չենք ուզում սահմանափակվել միայն կիրառական արվեստի վարպետության դասերով։ Մենք նախատեսում ենք զարգացնել արցախյան խոհանոցը և կազմակերպել արցախյան փառատոն»։
Վերջերս վարպետության դասերից մեկի վարեց Aghayan Hand Made ապրանքանիշի հիմնադիր Մարինե Աղայանը։ Նախկինում դասերը վարում էին կաշվեգործության վարպետներ Արմեն Ավագիմյանը և Լիլիթ Բաբայանը՝ Roots / Handmade Leather Craft / Artsakh ապրանքանիշի հիմնադիրները։ Առաջին վարպետության դասը վարում էր Գայանե Հարությունյանը, ով մասնակիցներին սովորեցրեց, թե ինչպես պատրաստել ավանդական արցախյան տիկնիկներ։
Ալվարդ Գրիգորյան
Աշոտ Սարգսյան