Ինչի համար են մերժվում հրատապ աջակցության առցանց դիմումները

  • 16:22 08.11.2025

Արցախցիներն ահազանգում են, որ ՀՀ կառավարության հրատապ աջակցության ծրագրից օգտվելու համար ոչ բոլոր դիմումներն են ընդունվում համակարգի կողմից։ Մարդիկ դեռ հոկտեմբերի ամսվա հրատապ աջակցությունը չեն ստացել, չգիտեն՝ երբ կստանան, սկսել են լրացնել նոյեմբերի դիմումները, բայց ոմանք ահազանգում են, որ իրենց դիմումները մերժվում են։ Նախորդ ամիսներին եւս նման ահանզագեր ստացվել են արցախցիներից, մարդիկ կարծում են, թե իրենք ծրագրի շահառու են, բայց իրենց դիմումները մերժվում են։

Հիշեցնենք, որ հրատապ աջակցության ծրագրի շահառու են հետեւյալ ընտանիքները՝ եթե բռնի տեղահանված, ՀՀ-ում միեւնույն հասցեում հաշվառված ընտանիքի մեկ անձի հաշվով ամսական եկամուտը պակաս է 55 հազար դրամից, չունեն սեփականություն ՀՀ-ում, ընտանիքի անդամներից որեւէ մեկի անունով չկա 2017 թվականի եւ բարձր տարեթվի արտադրության ավտոմեքենա կամ մեքենայի տարեկան գույքահարկը պակաս է 15 000 դրամից։ Այս ընտանիքներին կառավարությունը տալիս է 40 հազար դրամ, եթե մեկ անձից է բաղկացած ընտանիքը եւ 10 հազարական դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամին։

Արցախցի գործիչ Լիաննա Պետրոսյանը սոցիալական ցանցում տեղեկացրել է արցախցիներին, որ 2025 թվականի նոյեմբեր ամսվա հրատապ աջակցության առցանց դիմումները հիմնականում մերժվել են բնակության վայրի հասցեի՝ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները նույնությամբ ոչ ճիշտ լրացնելու պատճառով։ Տվյալների մուտքագրումն ամբողջությամբ պետք է իրականացվի այնպես, ինչպես նշված է անձնագրերում։

Բայց արցախցիները պնդում են, որ անգամ տվյալները ճիշտ լրացնելու դեպքում համակարգն իրենց մերժում է։

«Ես լրացրել եմ այնպես, ինչպես անձնագրում է, մերժվել է»,- գրել է արցախցիներից մեկը։ «Բոլորն էլ լրացրել են այնպես, ինչպես անձնագրում է, բայց մերժվում են»,- գրել է մեկ այլ օգտատեր։

«Ես 3 ամիս ստացել եմ, հիմա գրում է, որ մերժված է, ոչ մի բան ֆինանսական առումով մեր ընտանիքում չի փոխվել, ի՞նչը կարող է լինել պատճառը»,- հարցադրում է արել ացախցիներից մեկը։ «Սոտ պենա, 1000 ձեւի լրացրալմ, մերժումա նույն պատճառավը»,- գրել է մեկ ուրիշը։

«Լրիվ ճիշտ լրացրել եմ, բայց մերժում է, ընտանիքի բոլոր անդամներինը լրացրել եմ, մեկ հոգի 40 հազար է ստացել, ասում են՝ մնացածինը չես լրացրել։ Բա որ չեմ լրացրել, էդ մի հոգին ինչպե՞ս է ստանում»,- հարցադրում է արել արցախցիներից մեկը։

«Ամեն ինչ էլ տեղը տեղին լրացրել ենք, բայց ճակատագրային է՝ ում կտան, ում չէ։ Մեր ընտանիքիը համապատասխանում է, բայց մերժել են»,- գրել է արցախցիներից մեկը։

Դիմումների մերժման վերաբերյալ արցախցիների բողոքները շատ են։