
«Մենք շատ ենք կարեւորում մեր տեղահանված հայրենակիցների լիարժեք ինտեգրումը մեր հասարակությանը, եւ դրանով է պայմանավորված, որ 1.5 մլրդ եվրոյի արժողությամբ բնակարանային ծրագիր հաստատեց կառավարությունը, որը եզակի է ՀՀ իրականացրած բնակարանային ծրագրերի համատեքստում։ Սա նշանակում է, որ մենք ուզում ենք ապահովել ինտեգրման համար ամենակարեւոր պայմանը՝ տունը»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։
Նրա խոսքով՝ բնակարանային ծրագիրը օրեցօր նոր թափ է հավաքում։ «Մենք ունենք արդեն տուն ձեռք բերած 1264 ընտանիք։ 3500-ից ավելին դիմել էին ու նրանցից 1264-ն արդեն գնում ունեն։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, ու նրանցից 254-ը մինչեւ երեք անձից բաղկացած ընտանիքներ են։ Այսինքն՝ մտավախությունը, որ մենք ունեինք, որ փոքր ընտանիքները գուցե բնակարանային այս ծրագրին բավարար հասանելիություն չունեն, այժմ տեսնում ենք, որ ունենք դրական տեղաշարժ, նույնիսկ այս փոքր կազմով ընտանիքները հասանելիություն ունեն ծրագրին։
Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականին տեղահանված ու ՀՀ տեղափոխված շուրջ 3000 ընտանիք էլ տուն են ձեռք բերել 2022 թվականին հաստատված ծրագրով»,- ասաց նա։
Փոխնախարարն ասաց, որ բացի բնակարանային ապահովության ծրագրից, կառավարությունը շարունակում է ջանքերը սոցիալական կացարանների եւ սոցիալական բնակարանային քաղաքականության ուղղությամբ։
«Մենք Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ծրագրով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը ծառայեցրել ենք մեր նոր կոնցեպտների ու նոր ուղենիշներին մշակման համար, թե ինչպիսին պետք է լինի սոցիալական բնակարանային քաղաքականությունը Հայաստանում»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթի իրականացման վերաբերյալ երկխոսությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությամբ։
2023 թվականին Հայաստան փախստականների հոսքից հետո, Եվրոպայի խորհուրդը մեկնարկեց համալիր արձագանքման փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո և որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023-2026թթ․) անբաժանելի մասն է։
Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը աջակցում է տեղահանված անձանց, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությանը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին, առողջապահության մատչելիության ապահովմանը, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրմանը:
Արձագանքման փաթեթի շրջանակներում աջակցությունը իրականացվում է չորս նոր ծրագրի և երկու ընթացիկ ծրագրում ներառված լրացուցիչ բաղադրիչների միջոցով:
Հաշվի առնելով, որ արձագանքման փաթեթի մեկնարկից անցել է գրեթե երկու տարի՝ գնահատման երկխոսությունը կծառայի որպես հարթակ ձեռք բերված առաջընթացը ներկայացնելու, քաղված դասերով կիսվելու և հաջորդ քայլերը քննարկելու համար։