
«Արցախցի փոքր կազմով ընտանիքներին աջակցություն տրամադրելու ծրագրում չպետք է տարբերակում լինի, աջակցությունը պետք է հատկացվի բոլոր ընտանիքներին, մեր առաջարկությունը դրան էր վերաբերում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի գործիչ, «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ» Գագիկ Ավանեսյանը՝ անդրադառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծին։ https://step1.am/blog/2025/11/15/40594/
Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
Նախագծի նպատակն է ստեղծել տեղահանված ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում ծրագրով առաջարկվող աջակցության փոխարեն կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը։
Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40000 դրամ:
Գագիկ Ավանեսյանը նշեց, որ «Արցախիցների իրավունքների պաշտպանության խորհուրդը» կառավարությանն առաջարկել էր կամ փոքր կազմով արցախցի բոլոր ընտանիքների համար դրամական աջակցության տարբերակը կիրառել, կամ էլ սերտիֆիկատի ֆիքսված գումար սահմանել, որի շրջանակներում մարդիկ կկարողանան բնակարան գնել։ Այնպես, ինչպես դա արվել է Արցախից բռնի տեղահանված վերաբնակիչների դեպքում 2020 թվականի պատերազմից հետո։
«Բայց այս նախագծում իրենց շեշտադրել են հաշմանդամություն ունենալը կամ տարեց լինելը, ինչն անընդունելի է, հիմա եթե մարդը հաշմանդամ կամ տարեց չէ, ի՞նչ է անելու։ Այդ տարբերակումը պետք է հանեն, մեր առաջարկությունները փոքր կազմով բոլոր ընտանիքներին էին վերաբերում, ֆիլտրեր չպետք է լինեն։ Այո, այս որոշումը մի մասի խնդիրները լուծում է, ինչպես ասում են՝ այն, որ փորձում են մի բան փոխել, դա արդեն լավ է, բայց անընդունելի է, որ տարբերակում են դրել»,- ասաց նա։
Ըստ կառավարության նախագծի՝ ստացվում է, որ երկու անձից բաղկացած ընտանիքում, եթե յուրաքանչյուր անդամ 50 տարեկան է, չի կարող օգտվել այս ծրագրից, քանի որ նրանց գումարային տարիքը 100 է լինում, իսկ ըստ նախագծի՝ գումարային տարիքը պետք է լինի 115 եւ ավելի, որպեսզի ծրագրի շահառու լինեն։ Գագիկ Ավանեսյանը հարցադրում է անում․ «Ինչու 50 տարեկան անձը երիտասարդ է համարվո՞ւմ, այդ մարդիկ ի՞նչ են անելու, որտե՞ղ պետք է աշխատանք գտնեն կամ ինչպե՞ս գտնեն։ Սա անընդունելի է»։
Ավանեսյանը նաեւ նշեց, որ նախկինում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հաշմանդամություն ունեցողների համար առաձին առաջարկություն էր ներկայացրել կառավարությանը։ «Մենք առաջարկել էինք սերտիֆիկատը տալու ժամանակ միավոր հաշվել, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդկանց սպասարկելու համար լրացուցիչ մակերես է պետք։ Մեր առաջարկությունները ամբողջությամբ չեն ընդունել, փորձում են ցույց տալ, որ մարդասիրական որոշում են ընդունել։ Հա, բան չունեմ ասելու, սա մարդասիրական քայլ է, բայց հարց է ծագում՝ բա մնացա՞ծը»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան