
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են «Սրբազան պայքարի» ձերբակալված կողմնակից Լիդիա Մանթաշյանին Աբովյանի քրեակատարողական հիմնարկում, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ավելի վաղ էր հանդիպել Մանթաշյանի հետ։
Այցելության ընթացքում «պետական հեղաշրջման գործով» միակ կին մեղադրյալը, որի նախնական կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել էր անցյալ շաբաթ, մտահոգություն է հայտնել իր ձերբակալման օրինականության վերաբերյալ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նշում է, որ նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան իսկապես մտահոգիչ է: Նախնական կալանքի չարաշահումը կարող է խաթարել քրեական արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը և հանգեցնել այլ համակարգային խնդիրների, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Լիդիա Մանթաշյանի հարցը, ով հինգ ամսից ավելի է, ինչ կալանքի տակ է «հեղաշրջման փորձի» մեղադրանքով, դարձել է Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական թեման։ Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում՝ կոչ անելով համախմբվել քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցի շուրջ։ Ըստ երևույթին, հենց այս հարցը կարող է դառնալ առաջիկա նախընտրական շրջանի մեյնսթրիմը. ընդդիմությունն արդեն հիմա մեղադրում է կառավարությանը անարդար մրցակցության և հակառակորդներին “վերացնելու” մեջ։ Որոշ կուսակցությունների (օրինակ՝ Դաշնակցության) ընտրություններին մասնակցելուց հնարավոր զրկելը կարող է հանգեցնել ընտրական գործընթացի լիակատար ապալեգիտիմացման։
Միջազգային լրատվամիջոցներում արդեն հայտնվում են հոդվածներ, որոնցում պնդվում է, որ Հայաստանի բանտերը լցված են Փաշինյանի հակառակորդներով։ VT Foreign Policy-ն հաղորդում է, որ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի կողմից ստացված տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականներին ձերբակալվել է առնվազն 150 ընդդիմադիր գործիչ, այդ թվում՝ տարածաշրջանային ակտիվիստներ և հոգևորականներ»։
Չնայած վերջին ամիսներին բազմաթիվ քաղաքական ձերբակալություններ են եղել, Լիդիա Մանթաշյանի գործը ստացել է հատուկ նշանակություն։ Նա դարձել է ոչ միայն հալածված այլախոհության, այլև կեղծվող ընտրությունների խորհրդանիշ։
Այսօր նա Աբովյանի քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել՝ նշելով, որ այլ նպատակների շարքում ձերբակալությունները նպատակ ունեն վախեցնել, ահաբեկել և ճնշել այլախոհ ձայները։
Նա գրում է, որ նույնիսկ կալանքից ազատվածներին հետագայում արգելվում է մուտք գործել «մարդաշատ վայրեր», ինչը փաստացի խոչընդոտում է նրանց մասնակցել քաղաքական հանրահավաքներին։ «Ու՞ր ենք հասել», – հարցնում է Լիդիա Մանթաշյանը։
Նա նշել է, որ ցավում է ոչ թե իր, այլ մեր պետության ջախջախված իրավական և այլ համակարգերի համար՝ ստորագրելով նամակը «Թիվ մեկ ահաբեկիչ»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նույնպես նշում է, որ Լիդիայի պարզ և պայծառ հայացքի տակ ոչ մի մեղադրանք չի կարող դիմանալ. «Դուք պարտված եք, տիկին գլխավոր դատախազ։ Խնդրում ենք մեր սերն ու աղոթքները փոխանցել Լիդիային»։
Նախկինում Ժաննա Ալեքսանյանը գրել էր այն մասին, թե ինչպես է «արդարադատություն» իրականացվում Հայաստանում՝ նշելով, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշումից քանի ժամ առաջ Փաշինյանների ընտանիքին պատկանող թերթն արդեն հրապարակել է դատարանի որոշումը։ Սա նվաստացնում և վարկաբեկում է դատարանը, նշել է նա։
Դատական և իրավական համակարգի վարկաբեկումն ու լիակատար ոչնչացումը նույնպես ընտրությունների նախապատրաստման մաս է կազմում, որտեղ ամեն ինչ, առաջին հերթին՝ դատական և իրավապահ համակարգն ու ուժայինները, պետք է լինեն իշխանությունների վերահսկողության տակ։
Լիդիա Մանթաշյանի կերպարը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի նախընտրական գործընթացներում և դառնալ զարթոնքի խորհրդանիշ այն մղձավանջից, որի մեջ մենք ապրում ենք տարիներ շարունակ։
Նաիրա Հայրումյան