
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ՊՆ-ն պետք է ազատվի ռիսկային կադրերից Զինված ուժերում։
Պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու վերջին շրջանում մի շարք փորձառու սպաներ ազատվել են կամ հեռացվել ծառայությունից, Պապիկյանը մասնավորապես պատասխանել է․ «Պետք է հասկանալ, թե իրականում ինչ փորձ ունեին այդ մարդիկ։ Մենք գործ ունենք մի համակարգի հետ, որի խնդիրների մասին գաղտնիք չէ, որ հաճախ է խոսվել։ Հետևաբար պետք է ազատվել ռիսկային մարդկանցից, ինչը հիմա էլ տեղի է ունենում»։
Հետաքրքիր է, թե ինչ նկատի ունի Պապիկյանը, խոսելով նախկին “խնդիրների” մասին։ Արդյո՞ք խոսքը մարտական փորձի, դիմադրության, “ռևանշիզմի” մասին է, և այն, որ այդ խնդիրներն արդեն “ռիսկային” են։ Մյուս կողմից, արդյո՞ք Պապիկյանը նկատի ունի այն սպաներին, որոնք 2021-ին նամակ են ուղղել կառավարությանը, որը դա “ռազմական հեղաշրջման փորձ է” որակել։
Հետաքրքիր է, որ անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն է ասել, թե բանակի հրամանատարության մի զգալի մասը ղարաբաղցիներն են կազմում։ Նա ասել է դա ապացուցելու համար, որ ՀՀ կառավարությունը “վստահում է” արցախցիներին։
Տարօրինակ բան է ստացվում․ Փաշինյանը խոսում է ղարաբաղցիներին՝ բանակի հրամանատարության մեջ ընդգրկելու մասին, իսկ Պապիկյանը՝ ինչ-որ ռիսկային կադրերից ազատվելու մասին։ Ի՞նչ նոր խնդիրներ է կատարելու բանակի հրամանատարությունը։