Ինչո՞ւ չեն հրապարակվում 44-օրյա պատերազմի զոհերի անունները․ Ալեն Սիմոնյանը չպատասխանեց

  • 17:33 28.11.2025

Ինչո՞ւ իշխանությունները մինչ օրս չեն հրապարակում 44-օրյա պատերազմի զոհերի անունները։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց այս հարցին․ «Լսեք, դա անձնական տվյալներ են, կարող է ինչ-որ ժամանակ հետո դա հրապարկվի»։

Օրերս Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել էր զոհերի թիվը՝ գրելով«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»։

Լրագրողների հարցերին ի պատասխան այսօր Ալեն Սիմոնյանը վրդովված արձագանքեց․ «Ես ձեր վրա զարմանում եմ, երբ Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ իրենց գործընկերները, որոշ հանրային մարդիկ ասում են՝ 5000, 6000, 7000, ընդհուպ մինչեւ 10 հազար զոհ, ձեզանից որեւիցե մեկը չի մոտենում, չի հարցնում՝ բա ինչո՞ւ ես 1000 հայ տղա ավել սպանում, այ գործիչ։ Իսկ երբ ես հրապարակում եմ պաշտոնական թիվը, որը Քննչական կոմիտեի կողմից վաղուց հրապարակված է, դուք հարցում եք ուղարկում, եւ ինչ-որ մարդիկ Ֆեյսբուքում փորձում են այդ թվի հետ վիճել»։

Լրագրողները նկատեցին, որ խնդիրը գալիս է այնտեղից, որ զոհերի անունները չեն հրապարակվում։ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ձեզ թվում է, որ եթե անուններ հրապարակվեց, այնտեղ ավել 1200 Պետրոս Պետրոսյանի անուն են հրապարակելո՞ւ։ Ես կոնկրետ թիվ եմ ասում՝ 3833, Քննչական կոմիտեն թիվն ասում է, ես կրկնում եմ»։