Ծնվել է անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը․ հայրիկի սպասումով

  • 07:58 02.12.2025

Երջանիկ մայրիկը հավատում է, որ ամուսնու հետ միասին կմեծացնեն իրենց դստերը

Ծնվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ Ալբերտինան։ Իրականացել է Ալբերտի ու Լուսինեի 15 տարվա երազանքը։

Նրանք երկար են սպասել այս օրվան, երազել, որ երջանկությունն անպայման մի օր կթակի նաև իրենց դուռը։

Ալբերտն ու Լուսինեն երեխա ունենալու համար երկար պայքարելուց հետո հասկացել են, որ վերջին հույսն արտամարմնային բեղմնավորումն է։ Մինչև Արցախի շրջափակումը զույգը Երևան քաղաքում արդեն անցել էր վերջին հետազոտություններն ու նախապատրաստվել սաղմի տեղադրման փուլին։ Սակայն Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, ինչը խանգարել է զույգին իրականացնել երազանքը։ Իսկ հետո եկավ աղետալի սեպտեմբերի 19-ը։

Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորել է Ալբերտը։

Արցախի տեղահանությունից հետո Լուսինեն, հավաքելով իր բոլոր ուժերն ու կամքը, նորից անցել է բուժման կուրսը և իրականացվել է սառեցված սաղմի տեղադրումը։ Արդյունքում արձանագրվել է երկար սպասված հղիությունը։ Եվ ահա ծնվել է փոքրիկը, ով իր հետ լույս է բերել Ավետիսյանների ընտանիք։

Լուսինեն հավատում է, որ Ալբերտինան իր ծնունդով լուսավոր ճանապարհ կբացի նաև իր հայրիկի համար և նրան անպայման տուն կվերադարձնի։ Երջանիկ մայրիկը հավատում է, որ ամուսնու հետ միասին կմեծացնեն իրենց դստերը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ