Շահրամանյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ և մեկ հարց տվել

  • 16:39 02.12.2025

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում այսօր տեղի ուենցավ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին պատմության դասագրքով զրպարտելու գործով դատական առաջին նիստը։ Նիստին մասնակցելու համար դատարան էր եկել նաեւ Սամվել Շահրամանյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Սամվել Շահրամանյանի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների եւ ԿԳՄՍ նախարարության՝ պահանջելով  հերքել գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մասնավորապես, դասագրքում տեղ է գտել այն միտքը, թե «Լեռնային Ղարաբաղի Հհանրապետության նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր»։

Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գործի մասին կխոսի հաջորդ դատական նիստերից հետո, երբ կհարցաքննվի որպես վկա։

Նա անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հետ։

«Չեմ ուզում մենք շտապենք մեկնաբանություններ անել այդ պրոցեսի հետ կապված։ Ամենացավալին այն է, որ մենք բոլոր ականատես ենք լինում գործող իշխանության եւ եկեղեցու միջեւ այդ հակադրությանը։ Իմ կարծիքով՝ դա չպետք է հանրայնացվեր, դա պետք է իրականացվեր փակ դռների հետեւում՝ առանց լայն հասարակությանը ներգրավելու։ Չեմ ուզում մեկնաբանություններ տալ, մենք կսպասենք, թե եկեղեցու ներսում ինչ զարգացումներ ու որոշումներ կլինեն, ըստ այդմ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա։

Հարցին, թե այդ հանդիպւոմից հետո ինքը զրուցե՞լ է Արցախի թեմի առաջնորդի հետ, Շահրամանյանը պատասխանեց․ «Այո, հաջորդ օրը ես իր հետ հանդիպել եմ եւ ստացել եմ իր հիմնավորումները։ Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր իրենց ղեկավարի՝ վեհափառի հետ։ Եվ ստացել եմ բացասական պատասխան։ Եվ դրանով իմ եզրակացությունները ես արել եմ»։

Շահրամանյանը նաեւ անդրադարձավ հարցին, թե Արցախի էթնիկ զտման օրերին ինչպե՞ս է ինքը կարողացել անվտանգ դուրս գալ Արցախից, այնինչ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվեց։ «Ինչ վերաբերում է հարցին, թե իչպես եմ կարողացել դուրս գալ այդ իրավիճակից եւ տեղափոխվել ՀՀ, ես այս պահին էլ չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, քանի որ դեռ կան պրոցեսներ, որոնց հնարավոր է ձեր հարցի պատասխանը խանգարի»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան Արցախի «զենք-զինամթերքը թշնամուն հանձնելու» գործով, Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Ես այդ գործով հարցաքննվել եմ որպես վկա, կսպասենք զարգացումներին»: