
2026 թվականի հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա կրթամշակութային լայնածավալ միջոցառում, որը կազմակերպվում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «Մունք» տեխնոդպրոցի համագործակցությամբ։
Միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու արցախյան մշակույթի շարունակականությունը, լուսաբանելու կրթական ու ստեղծագործ համայնքի ներգրավվածությունը և աջակցելու ոլորտային ծրագրերի շարունակական զարգացմանը։
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումն իր հարթակում կբերի արվեստագետների, երեխաների, երիտասարդների, մանկավարժների և մշակութային կառույցների ներկայացուցիչների, որտեղ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մշակութային ժառանգության պահպանման կարևորությանը՝ որպես համայնքային ինքնության ու կայունության հիմք։
Հիշեցնենք, որ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն 2023 թվականի դեկտեմբերի 10-ին կազմակերպել էր «Մենք կանք» խորագրով հանդիպում, որն արցախցիների տեղահանությունից հետո դարձավ առաջին մեծամասշտաբ մշակութային իրադարձություններից մեկը՝ մեկ վայրում համախմբելով հազարավոր մարդկանց։
Կազմակերպիչները նշում են, որ այս տարի մի շարք պատճառներով հնարավոր չի եղել միջոցառումն անցկացնել դեկտեմբերի 10-ին, սակայն փոխվել է միայն օրը, ոչ թե նպատակը։
Միջոցառման կարգախոսը կրկին կմնա «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ», իսկ կազմակերպիչները կոչ են անում հանրությանը մասնակցել ու իրենց ներկայությամբ աջակցել արցախյան մշակույթի և ինքնության պահպանման նախաձեռնություններին։
Մարիամ Սարգսյան