
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը,ով գտնվում է կալանքի տակ, անհապաղ վիրահատության կարիք ունի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս զգայուն շատ կարեւոր հարցը պետք է օր առաջ լուծվի, սրբազանին պիտի հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ եւ իր բժշկի անմիջական մասնակցությամբ բուժում ստանալ։ Այս տխուր վիճակագրությունը նաեւ մեզ զգոնության ու սթափության առիթ է տալիս՝ այնպես պիտի անենք, որ ՔԿՀ-ներում 23 մահվան դեպքը չդառնա 24»,- ասաց պատգամավորը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, սակայն, հերքում է, որ Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Լրագրողների հարցին ի պատասխան Գալյանն ասաց․ «Որեւէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, ես խոսում եմ փաստերի մասին։ Այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, առողջապահության նախարարությունը համապատասխան գործիքակազը կներդնի, եւ անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն ու սպասարկում։ Այսօր նրան կմոտենա համապատասխան իրավաբան, կպարզաբանի իրավունքը եւ կխնդրի դիմում ներկայացնել՝ մեր գործընկերներին դա փոխանցելու համար։ Ուղղակի աբսուրդային եմ համարում նման մանիպուլյացիոն ձեւակերպումներ պարունակող հայտարարությունը»։