
Եվրոպական Միության (ԵՄ) մարդասիրական կազմակերպության միջոցով տրամադրվող մարդասիրական աջակցությունը թույլ է տվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ) օգնել Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակվող փախստականներին՝ բավարարել նրանց սննդի հիմնական կարիքները և Հայաստանում օգտվել սոցիալ-հոգեբանական խնամքից։
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանվել և Հայաստան է ժամանել ավելի քան 115,000 փախստական։ Այս հանկարծակի ներհոսքն ուղղորդեց Պարենի համաշխարհային ծրագրին, որ փախստականներին և սոցիալապես խոցելի խմբերին տրամադրի համապարփակ աջակցություն՝ սննդի և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տեսքով:
2025 թվականի հոկտեմբերին ՊՀԾ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում շուրջ 4,000 փախստականի տրամադրել է դրամական վերջին փոխանցումները՝ հնարավորություն տալով ընտանիքներին ձեռք բերել իրենց ընտրած սննդամթերքները։ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ սոցիալ-հոգեբանական ծառայություններ են մատուցվել ավելի քան 2,000 անձի։
Ծրագրի շրջանակներում ՊՀԾ-ն փախստականների համար կազմակերպել է առողջ սննդի և ֆինանսական գրագիտության վերաբերյալ դասընթացներ՝ օգնելով նրանց կայացնել տեղեկացված որոշումներ ինչպես սննդակարգի, այնպես էլ իրենց ռեսուրսները արդյունավետ կառավարելու վերաբերյալ:
«Սննդի աջակցությունը փրկարար օղակ է այն ընտանիքների համար, որոնք կորցրել են ամեն ինչ, իսկ այն բանկային քարտերի միջոցով տրամադրելը արժանապատիվ աջակցության լավագույն օրինակներից է», – նշել է Լեյլա Մելիուհն, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի Ներկայացուցիչը և տնօրենը։ «Այս մոտեցումը հնարավորություն է տալիս մարդկանց կատարել սեփական ընտրությունը՝ միաժամանակ վերականգնելով նորմալ կյանքի զգացումը։ Եվրոպական Միության, Հայաստանի կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք ապահովեցինք առավել խոցելի բնակչության անհապաղ կարիքների պատշաճ և արդյունավետ բավարումը՝ այն պահին, երբ դա ամենակարևորն էր»:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում գործում է 1994 թվականից՝ նպատակ ունենալով բարելավել պարենային ապահովությունն ու դիմակայունությունը: ՊՀԾ-ն աջակցում է «Դպրոցական սնունդ» ծրագրին, խթանում է կայուն գյուղատնտեսությունը և համագործակցում է կառավարության և համայնքների հետ՝ սոցիալական պաշտպանության համակարգերը ամրապնդելու ուղղությամբ: Արտակարգ իրավիճակներին արձագանքման և երկարաժամկետ նախաձեռնությունների միջոցով ՊՀԾ-ն աջակցում է խոցելի բնակչությանը առողջարար սննդի հասանելիության ապահովման գործում և նպաստում պարենային ապահով ապագայի ձևավորմանը։