
Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական բանտերում անօրինական կերպով պահվող հայ գերիներին։
Մասնակիցները պաստառներ են պահել 23 գերևարված հայերի լուսանկարներով։ Նրանք կոչ են արել միջազգային կազմակերպություններին իրական քայլեր ձեռնարկել բանտարկյալներին ազատ արձակելու համար, այլ ոչ թե պարզապես ընդհանուր հայտարարություններ անել։
Ակցիան կազմակերպվել էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից։
Երեկ Բեռլինում Նիկոլ Փաշինյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության հաստատման հետ։
«Դա շատ զգայուն հարց է։ Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան թե հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում այս խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։ Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը»,- հայտարարել է Փաշինյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր հերթին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է․
«Դրա մասին բարձրաձայն չենք խոսում, բայց աշխատանքները ոչ մի հանդիպման ժամանակ՝ լինի դա հանդիպում ադրբեջանական կողմի թե միջազգային ներկայացուցիչների հետ, որևիցե դեսպան, պատվիրակություն, այց, խոսակցություն չկա, որտեղ զրույցի մեջ չկա գերիների և պահվող անձանց վերաբերյալ, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ կետ»: «Դրական լուծման միտում ես տեսնում եմ»,- ասաց ԱԺ նախագահը:
The Christian Post պարբերականը հրապարակել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը։
«Այսօր աշխարհում քրիստոնյաներն աննախադեպ ծավալի հալածանքների և խտրականության են ենթարկվում: Միայն անցած մեկ տարում ավելի քան մեկ քառորդ միլիոն քրիստոնյաներ վտարվել են իրենց տներից:
Սրանք պարզապես վիճակագրություն չեն: Դրանք ընտանիքներ են: Դրանք ապագաներ են: Եվ իմ ընտանիքի համար այս ճգնաժամն ունի անուն՝ Ռուբեն Վարդանյան:
Այսօր հայրս ու ևս 22 հայ քրիստոնյա կալանավորներ մնում են Բաքվում բանտարկված՝ զրկված լինելով պատշաճ դատավարությունից, հոգևոր աջակցությունից և նույնիսկ Աստվածաշունչ ունենալու իրավունքից։
Այնուամենայնիվ, աշխարհը չի լռել: Հորս գործը ստացել է երկկուսակցական աջակցություն ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի, Եվրոպական խորհրդարանի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջատար կազմակերպությունների, օրինակ՝ Amnesty International-ի աջակցությունը՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը հայտարարված դիվանագիտական համաձայնությունը խաղաղության ճանապարհ էր առաջարկում և ստեղծում էր հայ բանտարկյալների ազատ արձակման ակնկալիք։ Սակայն Ադրբեջանը չիպահպանել այդ հանձնառությունը:
Ադրբեջանը լսում է, երբ Միացյալ Նահանգները խոսում է։ Ահա, թե որտեղ է կարևոր ուժեղ առաջնորդությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն ունի Սուդանից մինչևՊակիստան անարդարացիորեն բանտարկված անձանց ազատության հասնելու գործում անձամբ միջամտելու լավ վավերագրվածպատմություն: Նույն նպատակասլաց առաջնորդությունն այսօր էլ կարող է վճռել՝ ընտանիքները կվերամիավորվեն, թե կմնան հուսահատ սպասման մեջ։
Մեկ դար առաջ մեր նախնիները փրկվեցին Հայոց ցեղասպանությունից միայն այն բանի շնորհիվ, որ ուրիշներն ունեցան գործելու համարձակություն։ Այսօր հայ քրիստոնյաները բախվում են նոր հալածանքների և բնաջնջման ծանոթ սպառնալիքի։ Պատմությունը կհիշի նրանց, ովքեր պահանջել են արդարություն, և նրանց, ովքեր թույլ են տվել, որ լռությունը գերիշխի։ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ աշխարհի քրիստոնյաները հետևում են և աղոթում, որ ևս մեկ անգամ ձեռնարկվեն քայլեր»։