
Երեք տարի առաջ՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, սկսվեց Արցախի շրջափակումը։ Հայաստանի հետ Արցախը կապող միակ ճանապարհի փակումը տևեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը և ավարտվեց պատերազմով ու Արցախի ամբողջական հայաթափմամբ։
Շրջափակման և վերջին ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները խորը հետք են թողել կրթական համայնքի վրա ևս։
Վերջին պատերազմի ընթացքում կորցվել են նաև երեք աշակերտներ՝ ցավալի փաստ, որի հետևանքները մինչ օրս շարունակվում են զգացվել ուսուցիչների, դասընկերների և համայնքի համար։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը 2017 թվականից մինչև բռնի տեղահանման օրերը գործուն մասնակցություն է ունեցել Արցախի կրթական համակարգում՝ իրականացնելով Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագիրը։ Այդ ընթացքում հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդները աշխատել են շուրջ 7 500 երեխաների հետ՝ նպաստելով կրթության հասանելիությանը և համայնքների զարգացմանը։
2020 թվականի պատերազմից հետո հիմնադրամը մեկնարկել է «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը՝ աջակցելու Արցախից տեղահանված ավելի քան 1 000 աշակերտների։ Սակայն 2023 թվականին՝ Արցախի հայաթափումից հետո, ծրագիրը կրկին վերագործարկվել է՝ արձագանքելով նոր իրողություններին և աճող կարիքներին։
Այս բոլոր նախաձեռնությունների առանցքում եղել են Ուսուցիչ-առաջնորդներն ու ծրագրի շրջանավարտները, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված մասնագետներ, ովքեր, չնայած սեփական ծանր փորձառություններին և սոցիալական դժվարություններին, շարունակել են իրենց մասնագիտական ներգրավվածությունն ու նվիրվածությունը կրթական առաքելությանը։
Շրջափակման երրորդ տարելիցի առիթով «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեղահանված երեխաները շարունակելու են մնալ ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամում ընդգծում են, որ կրթությունը կարևոր գործիք է ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև ճգնաժամային պայմաններում երեխաներին աջակցելու, կայունություն ձևավորելու և ապագան վերակառուցելու համար։
Չնայած շարունակվող դժվարություններին՝ կազմակերպությունը հայտարարում է, որ շարունակելու է իր գործունեությունը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների համար արդար և որակյալ կրթության ապահովման։
Մարիամ Սարգսյան