
«Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ ՀՀ-ն մերժում է շատ մարդկանց ՀՀ քաղաքացիություն տրամադրել, ՀՀ անձնագրեր տրամադրել։ Այս լուրերն ինչպե՞ս կմեկնաբանեք»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նկատի ունենալով արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը։
«Ես այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել՝ մեր տեղահանված հայրենակիցներից ՀՀ քաղաքացիություն են ստացել 26 233-ը, որից 16 919-ը չափահաս են, իսկ 8314-ը անչափահասներ են։ Քաղաքացիության համար դիմած եւ դեռեւս մշակման փուլում գտնվող դիմումների թիվը կազմում է 6 696։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած, նման տեղեկություններ չունեմ։ Մենք ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք եւ որեւէ նման ահազանգ չենք լսել։ Բայց քանի որ քաղաքացիության հարցերով զբաղվում է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, եւս մեկ անգամ իրենց հետ կքննարկենք հարցը»,- ասաց փոխնախարարը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էլ հարցրեց փոխնախարարին՝ ինչո՞ւ է ծրագրից օգտվողների թիվը քիչ։ Բանկերում մոնիտորինգ արե՞լ են, տեղահանված անձինք ի՞նչ խնդիրների են բախվում, արդյոք այդ խնդիրների պաշտճառո՞վ է, որ դիմումները քիչ են։
Դավիթ Խաչատրյանը հայտարարեց, որ բանկերի մասով որեւէ խնդիր չկա։ «Մենք թվով վեց բանկերի հետ կնքել ենք այս ծրագրի սպասարկան պայմանագիր։ Եվ դա բավականին հեշտացված ու մշակված ընթացակարգ է։ Դիմելիության մասով՝ քանի որ գլխավոր պայմաններից մեկը ՀՀ քաղաքացիություն ստանալն է, ինչպես նշեցի, արդեն 30 հազարից ավելի մարդիկ դիմել են, նրանց մեծ մասը ստացել են, մենք սա մեծապես կապում ենք քաղաքացիության դիմելիության տեմպերի հետ։ Մեծ հաշվով բավականին մոտ են այն թվերը, որ դիմում են ՀՀ քաղաքացիության համար եւ ստանալուց հետո արդեն հավաստագրի համար են դիմում»,- ասաց փոխնախարարը։