Վստահ լինե՞նք, որ այդ վարկը ծախսվելու է արցախցիների բնակապահովման ծրագրի սպասարկման նպատակով

  • 14:25 16.12.2025

«Կառավարությունն առաջարկություն է ներկայացնում 250 մլն դոլար վարկ ներգրավել եւ հղում է կատարում կառավարության ծրագրին, որտեղ նշվում է․ «Արցախի հետպատերազմյա վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների ուծումը, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար, այս նպատակներին կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաեւ՝ Արցախի հետ համագործակցության նոր ձեւաչափի ստեղծման միջոցով»։ Երանի թե կառավարությունն այդքան սկզբունքային լիներ եւ իր մոտեցումը կառուցեր իր ծրագրի բոլոր կետերի շուրջ, այլ ոչ թե ընդամենը մեկ կետի»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նույնպես հարցադրում արեց՝ վստահ լինե՞նք, որ այդ վարկը ծախսվելու է արցախցիների բնակապահովման ծրագրի սպասարկման նպատակով։ «Ինչո՞ւ եք այդ հարցի վրա զարմանում, կառավարության ներկայացուցիչները գալիս են, ասում են՝ վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն այստեղից վեր է կենում ու ասում՝ զենք ենք առել։ Այդ դեպքում պարզ է, որ մենք իրավունք ունենք հույս հայտնել, որ էս անգամ կառավարությունը վարկը կօգտագործի այն նպատակի համար, ինչի համար ներգրավում է»,- նշեց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այն, որ արցախցիները Հայաստանում բազմաթիվ դժվարությունների են հանդիպում, որեւէ մեկի համար գաղտնիք չէ․ «Եվ երանի թե ՔՊ-ն մասնակցեր արցախցիների սոցիալ-տնտեսական հարցերը քննարկող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։

Պատգամավարը նշեց, որ ցածր կատարողականը ցույց է տալիս, որ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի լուրջ թերություններ։ Նա կոչ արեց ՀՀ կառավարությանը՝ սերտորեն համագործակցել Արցախի իշխանությունների հետ՝ բարելավելու այդ ծրագիրը, որպեսզի շահառուների թիվը մեծանա։ Նա նաեւ առաջարկեց դիտարկել սոցիալական բնակարանաշինության գաղափարը, որպեսզի արցախցիները կոմպակտ բնակեցվեն, ինչը նաեւ կարեւոր է նրանց վերադարձի իրավունքի իրացման տեսանկյունից։