
Պուտինի հրամանագիրը, որով Ուկրաինայի օկուպացված տարածքներում «անտեր» բնակարանները փոխանցվում են օկուպացիոն վարչակազմերի տիրապետությանը, արդեն լիովին իրականացվում է Կրեմլի խամաճիկների կողմից: Դրա մասին են վկայում սոցիալական ցանցերում նման անշարժ գույքի սեփականատերերի բազմաթիվ մեկնաբանությունները, որոնք, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, սարսափած են տեղի ունեցողից։
«Ակնհայտ է, որ իշխանությունները (օկուպացիոն իշխանությունները – խմբ.) թույլ չեն տա, որ իմ երեխաները ապրեն այնտեղ: Բնակարանը իմն է, երեխաները իմն են, բայց նրանք իրավունք չունեն այնտեղ ապրելու: Օկուպացիան ամբողջությամբ զրկել է սեփականությունից քաղաքը լքածներին: Սա ապշեցուցիչ է: Ամեն ինչ շատ պարզ է. նրանք կարող են սպանել տեղի բնակչությանը և նրանց տները հայտարարել անտեր», – գրում են մարդիկ։
Դեկտեմբերին Պուտինը ստորագրել է այսպես կոչված «օրենքը», որը փաստացի լիազորել է օկուպացիոն վարչակազմերին բռնագրավել օկուպացված տարածքներում գտնվող ուկրաինական տները: «Օրենքի» համաձայն՝ նոր իշխանություններին իրավունք է տրվում բնակելի անշարժ գույքը հայտարարել «անտեր» և բռնագրավել պատերազմից և օկուպացիայից փախչող մարդկանցից։
Ուկրաինայում, որի ղեկավարությունը բազմիցս շնորհավորել է Ալիևին ռուս «խաղաղապահների» օգնությամբ «Ղարաբաղի վերադարձի» կապակցությամբ, այժմ տեղի է ունենում նույնը, ինչ Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում: Ռուսաստանին չի հետաքրքրում Ուկրաինայում սեփականության իրավունքը, ինչպես որ դա չէր հետաքրքրում Ստեփանակերտում: Այն բանից հետո, երբ 2024-ին ռուս գեներալը իր թուրք գործընկերոջը զեկուցեցեց, որ «Ղարաբաղում վերջապես խաղաղություն է հաստատվել», Ալիևի վարչակազմը սկսեց ոչնչացնել և յուրացնել Արցախի բնիկ ժողովրդի սեփականությունը: