
Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում հայտնվել են լուրջ խնդիրների առաջ:
Նրանցից շատերը չեն կարողանում օգտվել հաշմանդամների համար նախատեսված արտոնություններից, մասնավորապես, անհաժեշտ դեղորայք և այլ բժշկական պարագաներ ստանալ: Միասնական Սոցիալական Ծառայությունը դա պատճառաբանում է նրանով, որ Արցախում ստացած հաշմանդամության կարգն այստեղ հիմք չի հանդիսանում տվյալ արտոնություններից օգտվելու համար, ուստի արցախցի հաշմանդամները պետք է Հայաստանում կրկին անցնեն ֆունկցիոնալ կարիքների գնահատում և ստանան համապատասխան հաշմանդամության կարգ:
Սակայն այդ գործընթացը կապված է անտանելի քաշքշուկի հետ, և մեր հայրենակիցները ստիպված են ամիսներ շարունակ անցնել այս չափազանց բարդ ուղին, միչդեռ նրանցից շատերն ունեն ծանր աստիճանի հաշմանդամություն ու հատուկ խնամքի, դեղորայքի, տակդիրների և այլ պարագաների կարիք: Նրանց ընտանիքներն ի վիճակի չեն վճարել ահռելի գումարներ այս ամենը ձեռք բերելու համար, քանի որ գտնվում են ծայրահեղ դժվարին սոցիալական վիճակում:
Տիգրան Վերդյանը ծնվել է 1997 թվականին Ստեփանակերտում: Տիգրանը Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնի առաջին շահառուներից է։ Նրա մոտ ի ծնե ախտորոշվել է ՙՙ ՄՈՒԿ՚՚ (Մանկական Ուղեղային Կաթված): Արդեն 10 ամիս է նա գտնվում է կոմայի մեջ և ունի հատուկ խնամքի կարիք:
“Արդեն 10 ամիս է, ինչ Տիգրանս կոմատոզ վիճակում է և ունի հատուկ խնամքի կարիք։ Մեր պետությունը ընդհանրապես անտեսել է այս կարգի հիվանդներին: Հուլիսին դիմել էի մի կազմակերպության, որը հաշմանդամներին տրամադրում է անվասայլակներ և այլ բժշկական պարագաներ: Այնտեղ ինձ ուղղորդեցին Միասնական Սոցիալական Ծառայություն՝ Տիգրանի փաստաթղթերը կարգավորելու և աջակցության հավաստագիր ստանալու համար (ասացին, որ Միասնական Սոցիալական Ծառայությունը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրում է հավաստագիր, որով նրանք կարող են անվճար ստանալ տվյալ պարագաները):
Դիմեցի Միասնական Սոցիալական Ծառայություն, որտեղ պահանջեցին համապատասխան պոլիկլինիկայից ստանալ և ներկայացնել տեղեկանք Տիգրանի ներկայիս վիճակի և տվյալ բժշկական պարագաների անհրաժեշտության վերաբերյալ: Տեղեկանքը ստացա և ներկայացրեցի, սակայն դիմումս մերժեցին, պատճառաբանելով, որ Տիգրանը Հայաստանում չի անցել ֆունկցիոնալիության գնահատում, մինչդեռ նա ի ծնե ունի հաշմանամություն, Արցախում անցել է ֆունկցիոնալիության գնահատում և ստացել հաշմանամության 1 կարգ, որն այս պարագայում որպես հիմք չի ընդունվում:
Ընդ որում Արցախից տեղահանվելուց հետո ես Միասնական Սոցիալական Ծառայության օնլայն հարթակում լրացրել էի կարիքների գնահատման թերթիկ, որը ևս հաշվի չի առնվել: Մերժումը ստանալուց հետո մի քանի անգամ դիմեցի սոցիալական ապահովության և առողջապահության նախարարություններ՝ ֆունկցիոնալիության գնահատումը տնային պայմաններում կազմակերպելու խնդրանքով, սակայն մինչ օրս մեկը մյուսի հետևից դիմումներս մերժվում են։
Խնդրում եմ պարզաբանում՝ “քար լռություն”, Step1.am -ի հետ զրույցում ասաց Տիգրանի մայր Անահիտ Սարգսյանը։
Արսեն Աղաջանյան