Բաքվի լրատվամիջոցները հաղորդում են, որ Վագիֆ Խաչատրյանի վիճակը վատացել է

  • 17:16 23.12.2025

Ադրբեջանի կողմից գերի պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 70-ամյա Խաչատրյանի վիճակը վատացել է 2025 թվականի դեկտեմբերի 22-ին՝ նկատվել են շնչառության դժվարություն և սրտի ցավեր։

«Նա տեղափոխվել է համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն՝ բարձրակարգ բժշկական օգնություն ստանալու համար: Խաչատրյանի վիճակը ներկայումս գնահատվում է որպես ծանր», – հաղորդում են լրատվամիջոցները։

Բաքվի «դատարանը» Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։

Երեկ նրա դուստրը 168.ժամ-ին պատմել է, որ հայրը շաբաթը մեկ անգամ զանգահարում է և մի քանի րոպե շփվում ընտանիքի հետ։

Խաչատրյանին առևանգել են Ստեփանակերտից Երևան տանող ճանապարհին, որտեղ նա սրտի խնդիրների բուժման էր մեկնում։