
Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները հանդես են գալիս նոր նախաձեռնություններով՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
ՙՙԴեկտեմբերի 17-ին Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որով վերահաստատում է իր հանձնառությունը Արցախի ժողովրդի, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի կիրառման նկատմամբ՝ պահանջելով կամայականորեն պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։
Նույն օրը Նիսում, քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրվել են հայ գերիների լուսանկարները՝ նրանց ճակատագրի վրա հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով։ Սոցիալական ցանցերում հրապարակված իր հայտարարության մեջ Նիսի քաղաքապետը արցախցի բանտարկյալներին գնահատել է որպես պատանդներ և կոչ արել Ֆրանսիային ու Եվրոպային հանդես գալ վճռական քայլերով ադրբեջանական իշխանությունների դեմ։
Այս նախաձեռնությունները վկայում են ֆրանսիական հասարակության և քաղաքական շրջանակների մի զգալի հատվածի կամքի մասին՝ բարձրաձայնելու կամայական ազատազրկումների, արդար դատաքննության բացակայության և մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ”, հայտնում է Արցախ Միությունը
Հիշեցնեմ, որ սեպտեմբերին որպես Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի պատվիրակության անդամ, ես այցելել եմ Ֆրանսիա։ Այցի շրջանակներում Նիսում կազմակերպվեց նաև հանդիպում հայ համայնքի հետ։ Տեղի ունեցավ երկար ու բովանդակալից զրույց, որի ժամանակ մեր հայրենակիցներն հստակ ընդգծեցին Ադրբեջանում պահվող ռազմագերիների ազատ արձակման անհաժետությունը և պատմեցին տվյալ հարցի լուծմանն ուղղված իրենց ջանքերի մասին:
Ի դեպ օրերս ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված «ARMENIA Security Partnership Act» օրինագծում նույնպես ընդգծվում է բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատման անհրաժեշտությունը:
Խաղաղությունը կարող է գալ միայն այն ժամանակ, երբ գերիները ազատ արձակվեն, և ադրբեջանական զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքերը, երբ լուծվի Արցախի հարցը, և մեր բոլոր հայրենակիցներին հնարավորություն տրվի վերադառնալ իրենց հայրենիք: Այս մասին են փաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված ՙՙԽաղաղության պայմանագրի՚՚ ֆոնին միջազգային տարբեր հարթակներում ձեռնարվող քայլերը:
Արսեն Աղաջանյան