
Արցախցիներին տրամադրվող բնակվարձի և հրատապ աջակցության դիմումների հարթակներն արդեն բաց են։ Սոցիալական ցանցերում կատարվող մեկնաբանություններից երևում է, որ ացախցիներն ակտիվորեն մասնակցում են դիմումների լրացմանը։ Մի մասն արդեն իսկ ծրագրերի շահառու է և կրկին դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, սակայն մյուս մասը հույս ունի, որ 2026 թվականին կկարողանա շահառու դառնալ և օգտվել սոցիալական աջակցությունից։
Մեկնաբանություններից երևում է, որ մարդիկ շատ դժգոհ են կառավարության որոշումներից։ Արցախցիները, որոնց զգալի մասը դեռևս ապրում է վարձակալած բնակարաններում, չեն կարողանում հանդուրժել կառավարության ոչ ճիշտ մոտեցումները։ Այն է՝ բռնի տեղահանված արցախցիներին տարբերակել՝ բնակվարձի և հրատապ աջակցություն սահմանելով միայն որոշակի խմբերի համար։
Տեղահանված արցախցի․ 3 հոգանոց ընտանիքը չի մտնում սոցաջակցության խմբերի մեջ
-Կցանկանայի, որ ՀՀ կառավարությունը պատասխաներ, թե ինչ է պատրաստվում անել 18-62 տարեկան արցախցիների համար, որոնք չեն ընդգրկվում սոցիալական աջակցությունների ծրագրում, բացառությամբ, իհարկե, որոշ խմբերի։ Մի՞թե այդ մարդիկ այլևս փախստական չեն, ապահո՞վ են արդեն, տո՞ւն ունեն․․․ Ինչպե՞ս է ուզում լուծել կառավարությունը սակավաթիվ, հատկապես 1-3 հոգանոց ընտանիքների բնակապահովման հարցը։ Իսկ եթե ուզում են լուծել այդ խնդիրը, ապա մինչ լուծում տալը արցախցիների նշված խումբն ինչպե՞ս գոյությունը քարշ տա, ինչո՞ւ նրանց աջակցություն չի տրվում։ Կխնդրեի, որպեսզի այս հարցը կրկին բարձարցվեր պատկան մարմիններում և բացահայտ հայտարարվեր կառավարության դիրքորոշումը, որպեսզի արցախցին կողմնորոշվի իր հետագա անելիքների մեջ։ Հարցին հստակ լուծում է պետք, որին սպասում են տասնյակ հազարավոր արցախցիներ։
Սոցիալական հարթակներում արվող մեկնաբանություններից երևում է նաև, որ հրատապ աջակցության համար արցախցիների դիմումներն անմիջապես մերժվում են՝ կամ բնակչության ռեգիստրում բացակայում են տվյալները, կամ նշված ընտանիքը կարիքավոր չէ, կամ էլ նշվում է, որ ձեր տվյալները ստուգվում են։ Մարդիկ ստիպված հաշվառման հասցե են փոխում և այդպես ամիսներ շարունակ արցախցիները լարվածության մեջ են՝ անընդհատ փորձելով նորից դիմում ներկայացնել և հուսալով, որ այս անգամ պատասխանը դրական կլինի։
Ի՞նչ է սպասվում արցախահայությանը 2026 թվականին՝ դրական առումով որևէ տեղաշարժ չեն ակնկալում մարդիկ:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ