
Վերջերս գրել էինք արցախցի Տիգրան Վերդյանի մասին, ով արդեն 10 ամիս գտնվում է կոմայի մեջ և ունի հատուկ խնամքի կարիք:
Հուլիսին Տիգրանի մայր Անահիտ Սարգսյանը դիմել էր մի կազմակերպության, որը հաշմանդամներին տրամադրում է անվասայլակներ և այլ բժշկական պարագաներ: Այնտեղ նրան ուղղորդեցին Միասնական Սոցիալական Ծառայություն՝ քանի որ հենց այդ Ծառայությունն է Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրում հավաստագիր, որով նրանք կարող են անվճար ստանալ տվյալ պարագաները:
Տիկին Անահիտի ներկայացված դիմումները Միասնական Սոցիալական Ծառայությունում մերժեցին, պատճառաբանելով, որ Տիգրանը Հայաստանում չի անցել ֆունկցիոնալության գնահատում, մինչդեռ նա ի ծնե ունի հաշմանդամություն, Արցախում անցել է ֆունկցիոնալության գնահատում և ստացել հաշմանամության 1 կարգ, որն այս պարագայում որպես հիմք չի ընդունվում:
Մերժումը ստանալուց հետո մի քանի անգամ նա դիմեց սոցիալական ապահովության և առողջապահության նախարարություններ՝ ֆունկցիոնալության գնահատումը տնային պայմաններում կազմակերպելու խնդրանքով, սակայն մեկը մյուսի հետևից դիմումները առանց պատճառաբանության մերժվել են։
Step1.am ի կողմից բարձրաձայնված այս խնդիրը Միասնական Սոցիալական Ծառայությունում ստացավ արձագանք, պարզվեց, որ Ծառայությունում տեխնիկական խնդրի պատճառով տիկին Անահիտին չէր հասնում մերժման պարզաբանումը:
Միասնական Սոցիալական Ծառայության համապատասխան ստորաբաժանումներն ի վերջո ընդունեցին իրենց սխալը ու շուտով, որոշակի գործընթացներից հետո, Տիգրանը տնային պայմաններում կկարողանա անցնել ֆունկցիոնալության գնահատում և ստանալ համապատասխան աջակցության համար անհրաժեշտ հավաստագիրը:
Հուսանք, որ Տիգրանի դեպքը բացառություն չի լինի, և համապատասխան բոլոր պետական մարմինները կշտկեն համակարգում առկա բազմաթիվ թերությունները, որպեսզի մեր հասարակության բոլոր խոցելի խմբերը, այդ թվում Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան հեշտությամբ անցնել համապատասխան գործընթացներ և ստանալ անհրաժեշտ աջակցություն:
Արսեն Աղաջանյան