
ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված 4040 ընտանիք արդեն ստացել է բնակարանների գնման հավաստագիր։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Այդ ընտանիքներից 1700-ն արդեն իրացրել են հավաստագրերը։
«Սերտիֆիկատների ծրագիրը շարունակվում է, եւ մենք տարվա դրությամբ արդեն ունենք հավաստագիր ստացած 4040 ընտանիք եւ տեսնում ենք հավաստագրերի ստացման տեմպի արագություն։ Հույս ունենք, որ տեմպն էլի կարագանա, եւ մեր բոլոր հայրենակիցները, ստանոլով ՀՀ քաղաքացիություն, կստանան հավաստագիր։ Չեմ վարանի ասել, որ ընթացքվում եղել են շտկումներ այդ ծրագրում եւ չեմ բացառում, որ էլի կլինեն շտկումներ, որովհետեւ տարբեր իրավիճակներ են բացահայտվում իրական կյանքում։ Ծրագիրն ընթացքում գնահատվում է եւ հնարավոր է, որ էլի լավարկվի»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Անդրադառնալով արցախցիների համար իրականացվող մյուս աջակցության ծրագրերին՝ Թորոսյանն ասաց․ «Դրանցից մեկը դրամական աջակցության ծրագիրն է, որը 2025 թվականին շարունակվել է, եւ նաեւ մենք որոշում ենք ընդունել դեկտեմբերին, որ շարունակվելու է նաեւ 2026 թվականին։ Դրա հետ մեկտեղ որոշում ենք ընդունել երկարատեւ վարձակալության նոր ծրագրի ներդրման մասին, որը վերաբարելու է այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն պատճառներով, մասնավորապես, փոքրաթիվ ընտանիք լինելու պատճառով չեն կարողանալու օգտվել սերտիֆիկատների ծրագրից։ Դրանք հիմնականում մեր տարեց հայրենակիցներն են, այնտեղ պայմաններ կան, որ գումարային տարիքը չպետք է պակաս լինի համապատասխան թվից, եւ նաեւ խորը կամ ծանր հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներն են։ Այսինքն՝ փոքրաթիվ եւ որոշակի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքների համար մենք երկարաժամկետ վարձակալության ծրագիր ենք իրականացնելու, որը մեկնարկելու է հուլիսի մեկից»։